կարևոր
2083 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 16:33
Քաղաքական

Արցախահայության նկատմամբ կիրառված բոլոր «փորձությունները» եւ էթնիկ զտման փուլը համաձայնեցված է եղել միջազգային խոշոր խաղացողների հետ

Արցախահայության նկատմամբ կիրառված բոլոր «փորձությունները» եւ էթնիկ զտման փուլը համաձայնեցված է եղել միջազգային խոշոր խաղացողների հետ

«Տարիների ընթացքում ձեռք եմ բերել ինչպես քաղաքական, այնպես էլ զուտ մարդկային , բավարար թրծվածություն, որն, իմիջայլոց, օգնում էր ինձ հեռու մնալ հուզական թեթև ապրումներից։ Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումները, հարազատ մարդկանց կորուստը, դրանց հետևած գաղթի ճանապարհի անտանելի դժվարությունները, մայր Հայաստանում առկա և արհեստականորեն ստեղծված սոցիալական լարվածությունը տակնուվրա արեցին հոգիս, ունեցա գերծանր ապրումներով պահեր»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց հազարավոր մեր հայրենակիցների հետ բռնի գաղթի ճանապարհի ողջ տառապանքն ու ցավը իր մաշկի վրա վերապրած արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ընդգծելով.

Ինչպես միշտ, այս պարագայում ևս վատատես չեմ, հեռանկարային առումով ամեն ինչ դեռ կորած չէ և ամեն ինչ կախված է առաջին հերթին նոր պայմաններում, նոր մոտեցումներով արցախահայության հետագա պայքարի նպատակային կազմակերպման հետ։

Չի կարելի դեպքերի և իրադարձությունների զարգացումները գնահատել կարճաժամկետ կտրվածքով։ Աշխարհում, մասնավորապես մեր տարածաշրջանում ընթանում են ռազմաքաղաքական էական պրոցեսներ, որոնց վերջնական արդյունքում կարող են տեղի ունենալ նշանակալից իրադարձություններ։ Կարևորը այստեղ կապված Հայաստանի հանրապետության ռազմավարական կողմնորոշման , անվտանգային բաղադրիչի ճիշտ գնահատման և պետականության ամրապնդման համալիր միջոցառումներ ճիշտ և նպատակահարմար կազմակերպման հետ։ Առանց ուժեղ և հզոր Հայաստան ունենալու` անհնար է ետ շրջել ոչ միայն Արցախի, այլ լայն մասշտաբով` հայ դատի էջերը։

-Այս օրերին հանրության մի զանգված արցախցիներին մեղադրում Է, որ հեշտությամբ լքեցին իրենց հայրենիքը, ինչո՞ւ ընդամենը մեկ օր դիմագրավեցի՞ք։ Դուք, որպես այդ ամենի միջով անցած արցախցի, ինչպես կմեկնաբանեք, ինչո՞ւ այդքան զենքեր ունենալով ընդամենը մեկ օր դիմագրավեցիք։

-Որոշ լրատվամիջոցների, քաղաքական֊պետական գործիչների արտահայտություններն ու մեկնաբանությունները Արցախի կարճաժամկետ դիմադրության վերաբերյալ ոչ օբյեկտիվ են , կտրված իրականությունից։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները, աշխարհազորայիններն դիմադրել են այնքանով, որքանով որ հնարավոր է եղել։ Թշնամին ռազմական առումով ունեցել է բազում աոավելություններ, մի շարք անգամ գերազանցել է ՊԲ֊ին ժամանակակից ռազմատեխնիկական հագեցվածութկամբ և մարդկային ուժով։Նա մարտադաշտ է մտցրել թարմ ուժեր, ուներ մանևրելու լայն հնարավորություն։ Նման մարտավարական առավելության և արտաքին օգնությունից զրկված Արցախի ՊԲ-ն չէր կարող երկարաժամկետ կտրվածքով վարել մարտական գործողություններ։

Հետագա լայնածավալ կորուստներից խուսափելուց դրդված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գնաց ճիշտ քայլի` կապիտուլիացիայի` դրանով իսկ փրկելով հազարավոր մատաղ կյանքեր։

Բոլոր նրանք, ովքեր այն կարիծիքին են, թե ինչու՞ ՊԲ չկռվեց մինչև վերջ, փաստորեն, մինչև վերջնական ինքնաոչնչացում` ավելի ճիշտ կլիներ իրենք իրենց հարց ուղղեին` ինչու՞ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կանխավ իմանալով սպասվող վտանգի ծավալները, միջոցներ չձեռնարկեց այն այլ հունով զարգացնելու կամ օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ։ Ավելի շատ հակված եմ այն կարծիքին, որ ՀՀ իշխանությունները հանուն ՀՀ «փրկության» իրենց խաղաղության ցնորված ծրագրի իրականացման հերթական, այժմ արդեն վերջնական , դավաճանական քայլը կատարեցին արցախահայության հանդեպ և որպես մատաղացու գառ սկուտեղի վրա մատուցեցին արցախցիներիս:

-Այս համատեքստում շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Պետք է ճիշտ քաղաքական գնահատական տալ ընդհանուր այդ գործողություններին և նոր միայն ներկայացնել պահանջներ։ Տեսեք. ՀՀ գործող իշխանությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Դրանով իսկ միջազգային հանրությունը կոնֆլիկտի լուծումը արդեն դիտարկում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Անդրկուլիսյան այդ խաղերի, անկախ թե որտեղ, որ պետության տարածքում էին ընթանում, հիմնական առարկան կապված է եղել Ադրբեջանի կազմում Արցախի հետագա կարգավիճակի ճշտման հետ։
Փաստորեն, արցախահայության նկատմամբ կիրառված բոլոր «փորձությունները» և վերջին էթնիկ զտման փուլը համաձայնեցված է եղել միջազգային խոշոր խաղացողների հետ։ Ինչպես Թուրքիայի նախագահն է վկայակոչել այդ օպերացիայի մասին տեղյակ է եղել նաև Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավը։

Այստեղ միակ «խափանիչ» գործոնը ռուս խաղաղապահների ներկայությունն է եղել և այն վերացվել է Սոչիում տեղի ունեցած Պուտին֊Էրդողան բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Արցախցիներս մինչև վերջ հավատացած էինք, որ քանի դեռ տարածաշրջանում առկա են ռուս խաղապահների կոնտիգենտ, Ադրբեջանը անհնար է իրականացնի լայնածավալ մարտական գործողություններ։ Բայց եղավ այն` ինչ որ եղավ։

Արևմուտքը, Ռուսաստանը, ՀՀ իշխանությունները արցախյան հարցի վերջնական լուծման այս տարբերակը տեսան և իրենց հանցավոր համաձայնությամբ տեղի ունեցավ հայության հանդեպ գործած երկրորդ մասշտաբային հանցագործությունը։

Այստեղ առկա է մեկ նյուանս, որ հաշվի չեն առել բոլոր այդ խաղացողները, քանզի նրանց մոտավոր հաշվարկով Արցախում էթնիկ զտումների արդյունքում պետք էր մնար 25֊ից 30 հազար հայ, երևի թե իրենց ամոթը «փրկելու» համար։

Սոցիալական լարվածության մթնոլորտը քանի գնում շիկանում է

-Պարոն Գաբրիելյան, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Արցախի կարգավիճակը, Արցախում մշտական բնակություն ունեցող, անշարժ գույք եւ այլ սեփականություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միջազգային իրավունքի նորմերից ելնելով իրավունք ունեն տնօրինելու իրենց սեփականությունը եւ բնակվելու իրենց մշտական բնակության վայրերում, Դուք այդ կարծիքին չե՞ք:

-Նորից եմ կրկնում` իրենց ամոթը քողարկելու համար շահագրգիռ կողմերը անկալում են դիմել ցանկացած քայլի` արցախահայության մի մասը ( հատկապես խոցելի) հետ վերադարձնելու ուղղությամբ։ Կարծում եմ դրանով շահագրգռված պետք է լինի նաև Հայաստանի գործող վարչակարգը, քաղաքական որոշ ուժեր, քանզի փախաստականների նման զանգվածի տեղափոխությունը Հայաստանի հանրապետություն չէին ենթադրում ոչ֊ոք, բացառությամբ արցախահայության։ Սոցիալական լարվածության մթնոլորտը քանի գնում շիկանում է, քանի դեռ լուծված չէ փախստականների հետագա կարգավիճակի հետ առընչված բազում պրոբլեմներ։

Այս պահին խոսել սեփականության, անշարժ կամ շարժական գույքի տնօրինման և դրանց հետ առընչված հարցերի մասին, կարծում եմ, ժամանակավրեպ է։

Արցախի և արցախցու պրոբլեմը դեռ լուծված չէ և իր վերջնական լուծման համար բավականաչափ երկար ու տանջալի պայքարի ճանապարհ ունի անցնելու աշխարհասփյուռ հայությունը։
Իսկ ինչ մնում է Արցախ վերադառնալու հնարավորությանը, կնշեմ. ԱՐՑԱԽ վերադառնալու ենք հրով ու սրով, երբ պարտադրված պետք ենք ունենալու ստեցծել ազգային հենքով ուժեղ և հզոր ՀԱՅԱՍՏԱՆ։