կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 21:45
Քաղաքական

Բախտը մեկն է զինվորի….

Բախտը մեկն է զինվորի….

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում դրա պակասի պատճառով:
                                                                                                                 Գ. Նժդեհ


Հայոց հայրենիքը՝ Հայաստանը հազարամյակներ շարունակ գոյատևել, և շարունակում է գոյատևել նվիրական «խենթերի» բոցաշունչ հայրենասիրության շնորհիվ, «խենթեր», որոնք հարկ եղած դեպքում՝ իրենց կյանքն են զոհաբերել ապերեցնելու համար Հայաստանը:

Թվում էր, թե այլևս խաղաղություն է, և հայրենիքի զոհասեղանին կյանքները դնող «խենթերի» կարիք չի լինի, բայց 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Հայաստանն արթնացավ «Ադրբեջանը հարձակման է անցել, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով» տագնապալի լուրից: Արդեն պարզ էր՝ Արցախում պատերազմ էր, հայոց հայրենիքի մի հատվածը և հայ զինվորը օգնության կարիք ունեին:

Ժամեր անց, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքվեցին ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության մարտիկները, Դաշնակցությունը զորաշզրժի էր ենթարկել իր ուժերը՝ թե Հայաստանում և թե Սփյուռքում, պետք էր գնալ առաջնագիծ՝ կանգնել հայ զինվորի կողքին, և որոշվեց, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան պետք է Արցախ մեկնի ՀՅԴ առաջին վածտը՝ 100 հոգի: Այնուհետև հոկտեմբերի 4-ին մեկնեց երկրորդ, հետո երրորդ վաշտը:

Դաշնակցական մարտիկները, հավատարիմ իրենց երդմանը՝ մեծ ոգևորվածությամբ ու նվիրումով գնում էին պաշտպանելու հայոց հաղթանակներից մեծահգույնը՝ Արցախը, և կերտելու իրենց երազանքների Ազատ Անկախ Միացյալ Հայաստանը:

Պատերզամը, սակայն առանց զոհերի չի լինում, հատկապես, երբ այդ պատերազմը ղեկավարում են դասալիքները, ապաշնորհներն ու հայրենի հողի համար գեթ մեկ կաթիլ արյուն չթափած դասալիքները:

Դաշնակցությունը, որպես քաղաքական կուսակցություն, իր առաջին զոհը տվեց հոկտեմբերի 2-ին, զոհվել էր Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը:

Գեղամ Մուշեղյան: Ծնվել է 1969թ. Երևանում: Դեռ երիտասարդ տարիներից անդամագրվելով անկախացող Հայաստանում վերահաստատված ՀՅ Դաշնակցությանը՝ Գեղամ Մուշեղյանն իր մարտական ուղին սկսեց Շուշիի դաշնակցական առանձնակի հրաձգային գումարտակի կազմում` մասնակցելով Արցախի տարածքային ամբողջականության համար մղվող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Նա 1993թ. մայիսի 1-ից մինչև 1993թ. օգոստոսի 31-ը մասնակցել է Կարաչինարի, Գյուլաթաղի, Կուսապատի, Հակոբ Կամարիի, Մաղավուզի, Մարտակերտի հեռուստաաշտարակի, Կիզիլ-Կենգերլի, Սոֆիլուի, Բոյախմեդլիի ազատագրական և պաշտպանական գործողություններին, իսկ հրադադարից հետո՝ 1994թ. մայիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ը, Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտ, կայան֊Մարտակերտ տեղամասի պահպանությանը։

1994թ-ի զինադադարից հետո, թվում էր, այլևս զենք վերցնելու կարիք չի լինի, սակայն 2016թ-ին Ադրբեջանը խախտելով հրադադարի համաձայնագիրը պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ Դաշնակցության կամավորները նորից մեկնեցին առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու, նրանց շարքերում էր նաև  Գեղամ Մուշեղյանը, ով 2016 թ. ապրիլի 4-ից մինչև 22-ը, ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում իրականացրել է մարտական հերթապահություն Թալիշ գյուղի մատույցներում։

Հայրենիքի նվիրյալ զինվորի համար, սակայն խաղաղ կյանքը բավականին կարճ է տևում, և 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Գեղամ Մուշեղյանը Դաշնակցության «Կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորական գումարտակի 1-ին վաշտի կազմում, որպես դասակի հրամանատար մեկնեց առաջնագիծ և հոկտեմբերի 2-ին 6֊րդ ՊՇ հրաձգարանի հարակից բարձունքներում, հմտորեն ղեկավարելով ենթակա դասակի գործողությունները, կասեցրել է թշնամու դիվերսիոն հետախուզական գերազանցող ուժերի հարձակումը: Ցավոք, նշված մարտը վերջինը եղավ հերոս հայորդու համար. թշնամուն հասցնելով կենդանի ուժի կորուստներ՝ հերոսաբար զոհվել է:

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Գեղամ Մուշեղյանը 2007 թ. պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ.՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու)։

Դաշնակցությունն իր առավել մեծ թվով զոհերը տվեց հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Վարանկաթաղի բարձունքում, երբ դաշնակցական մարտիկները ձեռնամուխ էին եղել թշնամուն անցած այդ ռազմավարական կարևորության բարձունքի ազատագրմանը, առանց, որի հնարավոր չէր լինի փրկել «Եղնիկներ»-ում գտնվող հայոց մարտիկներին: Մեկ գիշերվա ընթացքում՝ Վարնկաթաղի ազատագրական մարտերում հերոսաբար ընկան 20-ից ավելի դաշնակցական մարտիկներ, այդ թվում երկրորդ կամավորական վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը(Ճուտ):

Մհեր Հարությունյան (Ճուտ): Ծնվել է 1973թ. նոյեմբերի 17-ին Հրազդան քաղաքում: Արցախյան շարժման առաջին օրերից եղել է իրադարձությունների կիզակետում:

Մարտական մկրտությունը ստացել է 1990թ-ի հունվարին Երասխավանի մարտերում: Նույն թվականի փետրվարին՝ մասնակցել է Վարդենիսի, Նոյեմբերյանի, Բերդի(Շամշադին) պաշտպանական մարտերին: ՀԱԲ-ի լուծարումից հետո՝ 1990թ-ի  նոյեմբերին 17  տարեկան հասակում անցել է ՀՅԴ շարքերը, 1991թ-ի ապրիլի առաջին օրերին մեկնել է Գետաշեն, որտեղ էլ ծանոթացել է Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի, Կարոտ Մկրտչյանի հետ, Թաթուլ Կրպեյանի զոհվելուց և Գետաշենի անկումից հետո կարողացել է Գետաշենից դուրս բերել և զոհված ընկերների մարմինները և ողջ մնացած մարտիկներին, փրկելով նրանց անխուսափելի գերությունից: Այնուհետև եղել է Շահումյանում, որտեղ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը Շահեն Մեղրյանն էր: 1992թ-ի փետրվարին՝ Մալիբեյլի գյուղի ազատագրման ժամանակ երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարք և դարձել Շուշիի առանձնակի դաշնակցական գումարտակի մարտիկ: Սրխավենդի պաշտպանություն, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Վարանդայի(Ֆիզուլի), Սանասարի(Կուբաթլի), Կովսականի(Զանգելան), Ակնայի (Աղդամ)ազատագրական մարտեր՝ երիտասարդ տարիքի պատճառով մարտական ընկերների կողմից Ճուտ մականունը ստացած՝ Մհեր Հարությունյանը մասնակցել է այս բոլոր ռազմական գործողությունների, անցել ամբողջ արցախյան պատերազմով:

1994թ-ին  Կարախանբեյլիում Ալբերտ Ալավերդյանի ծանր վիրավորվելուց հետո, նրան դուրս է բերել մրտադաշտից և շարունակել մարտը՝ պահելով դիրքերը մինչև օգնություն ստանալը: Մհեր Հարությունյանը ծառայել է հայոց բանակում մինչև 1998թ-ը ապա զորացրվել, սակայն չի դադարել ծառայել հայրենիքին, նա առաջին գծում էր նաև 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և  42 օրից ավելի մարտական ծառայություն էր իրականացնում առաջնագծում:

Հավատարիմ դաշնակցականի իր երդմանը՝  Մհեր Հարությունյանը հայրենիքի պաշտպանությունից անմասն մնալ չէր կարող նաև 2020թ-ի՝ այսպես կոչված 44 օրյա պատերազմի ժամանակ: Կամավորագրվելով ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ին՝ և ստանձնելով երկրորդ վաշտի հրամանատարի պարտականությունները՝ հոկտեմբերի 4-ին մեկնեց մարտադաշտ:

Հոկտեմբերի 6-ի- լույս 7-ի գիշերը Դաշնակցության երկրորդ կամավորական վաշտը ազատագրեց Մարտակերտի և «Եղնիկներ»-ի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վարնկաթաղի բարձունքը, անհավասար ու ծանր մարտերում իր երկու տասնյակից ավելի զինակիցների՝ Արշակի, Տավրոսի, Վիգենի, Աբրահամի, Քրիստափորի, Գևորգի ու շատ այլ նվիրյալների հետ հերոսաբար ընկավ նաև Մհեր Հարությունյանը՝ Շուշիի առանձնակի գումարտակի լեգենդար Ճուտը, ով իր մարտական ուղու մասին խոսելիս՝ համեստաբար ասում էր. «Իմ երկրի հավերժ զինվորն եմ»:

Քրիստափոր Արթին: Ծնվել  է Լիբանանում 1972 թ. հունվարի 16-ին

Նախնական ուսումը ստացած է հայահոծ Պուրճ Համուտի Հայ Կաթողիկէ St. Gregoire Վարժարանում, միաժամանակ անդամագրվելով ՀՅԴ պատանեկան միությանը:

1986 թուականին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով, ընտանիքը տեղափոխվել է Կանադա։ Այստեղ Քրիստափոր Արթինը անդամակցել  ՀՅԴ Կանադայի Քրիստափոր Միքայելյան պատանեկան միությանը:

1991թ-ին անցել  ՀՅԴ-ի շարքերը, և  1994թ-ին եկել է  Հայաստան իր ուսումը շարունակելու նպատակով, սակայն անմիջապես լծվում է ազգային ազատագրական պայքարի գործին միանալով ՀՅԴ Շուշիի  Առանձնակի գումարտակին և մեկնելով Արցախ։

1994-1995 թ-ին մեկ տարուց ավելի ծառայել է Արցախում, այնուհետև ժամանակավորապես վերադարձել Կանատա:

2011-ին օգոստոսին Քրիստափոր Արթինը՝ կնոջ Գայանեի  և դստեր Արազի հետ  վերջնականապես տեղափոխվում է Հայաստան բնակություն հաստատելով  Կապան քաղքում, որտեղ անդամակցում է ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեությանը:

2020թ-ի սեպտեմբեր 27-ին կամավորագրվում է, առաջիններից մեկը ցանկություն հայտնելով մեկնել Արցախ։ Հոկտեմբեր 4-ին  ՀՅԴ կամավորական երկրորդ վաշտի չորրորդ դասակի կամավորները բարձրանում են թշնամու ձեռքն անցած Վարակնաթաղի բարցրունքը ազատագրելու:

Հոկտեմբեր 6-ի առավօտեան Քրիստափորն ու ընկերները բուռն մարտի մեջ մտան թշնամու դեմ, ազատագրելով բարձունքը, Քրիստափորը՝ երկու տասնյակից ավելի ընկերների հետ հերոսաբար նահատակվում է:

Գևորգ Հաջյան: Ծնվել է 1971 թ-ին Լիբանանի Անջար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Յառաջ» և «Գալուստ Գյուլբենկյան» վարժարաններում։ 1984 թվականին ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհյան» դպրեվանքը, որն ավարտել է 1984 թվականին։ Հաճախել է Լիբանանի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջը, ուսուցիչը եղել է հայ խմբավար «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը։ Որպես մեներգիչ` հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախմբերում։ Եղել է Անջար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը։ Գևորգ Հաջյանը մենահամերգնել է ունեցել  ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ ՎիեննայումՍլովինիայումԿանադայում,  ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կիպրոսում, ԲուլղարիայումԻտալիայումՖրանսիայում, Եգիպտոսում, ՍիրիայումԼիբանանումՔուվեյթումԿատարումՊարսկաստանում։

2005 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում, որտեղ էլ մինչև 2009 թվականը ուսումը շարունակել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։ Որպես մեներգիչ` հանդես է եկել Երևանի «Շարական» հնագույն երաժշտական անսամբլում՝ Դանիել Երաժիշտի ղեկավարությամբ։

Բացառիկ հայրենասեր, Դաշնակցության գաղափարների հավատարիմ պաշտպան Գևորգ Հաջյանը զոհվել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Վարանկաթաղի բարձունքում:

Տավրոս Աբրահամյան: Սասունցի ֆիդայի Չոլոյի ժառանգ Տավրոսը ծնվել է 1994թ-ի մարտի 27-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Այնուհետև ծնողների հետ տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան ավան: 2010-2019թթ սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կարատե դո բաժնում՝ ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումներ մասնագիտությամբ՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան։

2012-2014թթ ծառայել է ՊԲ զինված ուժերում. ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով՝ մարտական պատրաստությունից լավագույն ցուցանիշների և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։

Տավրոսի մասին մեր զրույցի ժամանակ, քույրը՝ Աստղիկը շեշտում է՝ Տավրոսը ապրում էր այն համոզմունքով, որ հայ մարդը՝ անկախ իր քաղաքական հայացքներից մեծ արժեք է, որին պետք էր միայն օգնել, ձեռք մեկնել, հարկ եղած դեպքում էլ ինքնազոհաբերվել՝ հայի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար:

Ինչպես բնորոշ է բոլոր խոնարհ հերոսներին՝ Տավրոսը ևս համեստ էր, անում էր իր գործը լուռ, առանց ճառերի և երկար-բարակ խոսքերի:

Խոսելով պատերազմի մասին, Աստղիկը հիշում է. «Պատերազմը ինչ սկսվել էր Տավրոսը իր զինվորական կոշիկները ոտքերից չէր հանում, դրանցով էր քնում: Ասում էր. «Բա, որ զանգեն, ես ուշանա՞մ»- ամեն վայրկյան սպասում էր, որ զանգեն հասնի ճակատ»- Տավրոսը չուշացավ, հավատարիմ իր դաշնակցական պապի ոգուն ու արյանը Տարվրոսը կամավորագրվեց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ին և երկրորդ վաշտի հետ մեկնեց առաջնագիծ, իր կռիվը տալու, և հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Վարնկաթաղի բարձունքում՝ կյանքի գնով պաշտպանելով իր բաժին հայրենիքը:

Արշակ Մելիքյան: Արշակ Մելիքյանը ծնվել է 1987թ.-ի հունվարի 27-ին  Պռոշյան ավանում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց ուսումը շարունակել է Ջիվանու աշուղական դպրոցում։ Սովորելու հետ զուգահեռ անդամագրվել է Արարատյան Հայրապետական թեմում։ Թեմի հետ գնացել է ուխտագնացության, եկեղեցիների խորանում երգել է Կոմիտաս, հոգևոր երգեր։ Այնուհետև սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երգը նրա տարերքն էր, և երգի շնորհիվ էլ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Նարինեին: Քաղաքավարի , պատասխանատու, երդվյալ դաշնակցականը ՀՅԴ Բյուրոյի անվտանգության պատասխանատուներից էր։

Լինելով նվիրյալ դաշնակցական, Արշակը չէր կարող չմիանալ պատերազմի ժամանակ կամավոր առաջնագիծ մեկնող իր ընկերներին:

Արշակի մասին մեր զրույցի ընթացքում, կինը՝ Նարինեն պատմում է ««Կարո՞ղ եմ Պռոշյանի դասակի հետ գնալ»- աշխատանքից թույլտվություն էր խնդրել Արշակը։ - «Կարո՞ղ ես չգնալ»- հարցին հարցով պատասխանել էր ընկեր Դավիթը' քաջ գիտնալով, որ իր որդու ծննդին ուրախությամբ սպասող Արշակը, միևնույն է, գնալու է Արցախը պաշտպանելու»։ Արշակի ընկերները փորձել էին համոզել, որ սպասի գոնե մինչև որդու լույս աշխարհ գալը, տեսնի նրան, նոր հետո մեկնի ռազմաճակատ, ինչին Արշակը՝ կնոջ վկայությամբ պատասխանել էր «Տիգրանն առանց ինձ էլ կծնվի»:

Արշակը հավատարիմ հայի ու դաշնակցականի իր տեսակին, ինքն իր և հայ զինվորին պատգամում էր, անգամ ամենածանր մարտերում, հոգով միշտ մարդ մնալ, ահա՛ նրա համոզմունքը.

«Կանանց, երեխեքին դուք երբեք մի խոշտանգեք:

Պատերազմի դավերը նրանց վզին փաթաթեք:

 Երեխան երեխա է՝ անկախ իր ազգությունից:

 Մայրը միշտ սրբություն է,

Թեկուզ ոչ մեր հավատքից»:

Հոկտեմբեր 6-ի լույս 7-ի գիշերը՝ Վարնկաթաղի բարձունքում Արշակի արյունն էլ միախառնվեց հայրենի հողին։ Նահատակությունից տասնյոթ օր հետո ծնվեց Արշակի որդին՝ Տիգրանը։ Դուստրերի՝ Անահիտի և Արաքսի խոսքով ու պատկերացմամբ՝ Արշակը դարձավ երկար թևերով ԱՐԾԻՎ ՎԱՐԱՆԳԱԹԱՂԻ:

Վարնկաթաղի բարձունքում զոհված ընկերները, ցավոք հայության ու Դաշնակցության վերջին զոհերը չէին, հոկտեմբերի 31-ին նահատակվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Կիմ Խաչատրյանը:

Կիմ Խաչատրյան: Ծնվել էր 1995թ. մարտի 17-ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում: 2001-2012 թթ. սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ 2013-2015թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Կիմը սովորում էր ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետում, նպատակ ուներ համալսարանն ավարտելուց հետո, հայրենի Արենի գյուղում ատամնաբուժարան հիմնել:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ էր Կիմը, ազգային գաղափարների նվիրյալ, ով դաստիարակվելով Դրոյի, Նժդեհի, Արամի, Պետոյի, Կարոտի գաղափարներով, մշտապես պատրաստ էր պաշտպանելու հայրենիքը, և երբ 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց նոր պատերազմ Արցախի հանրապետության դեմ, Կիմը՝ առաջիններից մեկը կամավորագրվեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով, նա ռազմաճակատ մեկնեց ՀՅԴ կամավորական 3-րդ ջոկատի հետ՝ հոկտեմբերի 12-ին, մինչ այդ նա իր ֆեյսբուքյան էջում՝ վերջին գրառմամբ մեզ պատգամ էր թողել.

«Բախտը մեկն է զինվորի,

Կամ մահ կամ ազատություն»:

Կիմը հերոսաբար ընկավ հոկտեմբերի 31-ին «Եղնիկներ»-ի պաշտպանական դիրքերում:

44 օրյա պատերազմը, հայության համար լի էր ծանր ու անդառնալի մարդկային կորուստներով, հազարավոր զոհերի մեջ շատ ու շատ էին նաև դաշնակցական մարտիկները, որոնց բոլորին հնարավոր չէ անդրադառնալ մեկ հոդվածի շրջանակներում, նրացից շատերի մասին, սակայն դեռևս կխոսենք, կպատմենք այն սխրանքների մասին, որ նրանք գրծեցին ի հեճուկս նրա, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը նրանց թիկունքում՝ թշնամու ձեռքն էր սեղմել ու դավել արդարության մարտիկներին:

Հայոց պատմությունն իր էջերում սրբորեն պահելու է Վարնկաթաղի բարձունքում զոհված հերոսնրի լուսավոր անունները, և  Վարնկաթաղի բարձունքում մի օր վեր կխոյանա արծվի տեսքով հուշակոթողը, որն ազատ Արցախ այցելողներին կպատմի դավաճանված պատերազմում անգամ` հող ազատագրած դաշնակցական արծիվների մասին` անուն առ անուն։

Իսկ մինչ այդ, մեր այս փոքրիկ հոդվածով, կցանկանայինք մեր խոնարհումը բերել ընդամենը մեկ տարի առաջ, դավաճանված պատերազմում՝ հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակին, ովքեր մահ իմացյալը գերադասեցին ծնկած ապրելուց, մահվամբ՝ մահին հաղթելը գերադասեցին պարտադրված պարտությունից, իրենց նվիրաբերած կյանքով սրբագործելով դարավոր ճշմարտությունը՝ ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

                                                 Անի Մելքոնյան
պատմաբան, ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեության անդամ