Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախ արձանագրենք փաստեր, որոնց մասին բարձրաձայնել են ազգային ուժերը՝ մերժելով իշխանությունների կեղծ տեսակետները և որոնք այսօր արդեն կատարված իրողություններ են։
-Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական վերջին ագրեսիան, շրջափակումից հետո արցախահայության դեմ ուղղված ցեղասպանական եզրափակիչ գործողությունն էր։
-Ադրբեջանի պատերազմական նոր վայրագությունների պայմաններում ողջ արցախահայությունը բռնագաղթեց բնօրրանից, որովհետև ի տարբերություն Նիկոլ դավաճանի և նրա արտաքին հովանավորների կեղծ հավաստիացումների արցախի հայությունը համոզված էր, որ դարավոր ջարդարարի իշխանության ներքո չի կարող ունենալ խաղաղ, անվտանգ կյանք։
-Ադրբեջանին ուղղված Արևմուտքի բոլոր հորդորներն ու դատապարտումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և միջազգային այլ ատյանների քննարկումներն ու որոշումները ձևական բնույթ էին կրում, քանի որ չէին ամրագրվում կոնկրետ գործողություններով, ինչն էլ զսպելու փոխարեն ավելի խրախուսում էր Ադրբեջանին՝ խտրություն չդնելու հայության դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու միջոցների մեջ։ Ավելին, նույն Արևմուտքը երկիմաստորեն «զգուշացնում էր» արցախահայությանը, որ Ադրբեջանի գերիշխանությունը չընդունելու դեպքում, չեն կարող երաշխավորել ադրբեջանական ջարդերից։ Որ Արևմուտքի բոլոր ցավակցությունները, հորդորներն ու դատապարտումները իրենց երեսը գթասրտությամբ շպարելու համար էին փաստում է և այն իրողությունը, որ Արցախի հարցը, ըստ իրեն, լուծելուց հետո Ադրբեջանի ղեկավարը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին՝ պահանջելով անկլավային բնակավայրերը։ Երեսպաշտ Արևմուտքն էլ իր մխիթարության խոսքերով ու նյութական փշրանքներով հայտնվեց այստեղ ճիշտ Արցախի հայաթափվելու հաջորդ օրը։
-Ավելացնենք, որ Ադրբեջանի իշխանություննների համար 44-օրյա պատերազմից ցայսօր ոչ պակաս կարևոր թիկունք է Հայաստանի ղեկավարը, ով ձևական մի քանի հայտարարությունների քողի ներքո ծածկադմփոց է անում ադրբեջանական (չմոռանանք նաև թուրքական) վայրագությունների փաստերը, չի կազմում համապատասխան թղթածրարներ և չի հետապնդում հանցագործությունների ամրագրման հանցագործներին պատասխանատվության ենթարկելու խնդիրները։ Ավելին, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, 2023 թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից առաջ հայտարարելով, թե Հայաստանը չի միջամտելու, իսկ հետո գնահատելով, թե Արցախի հայությանը վտանգ չի սպառնում՝ նա նախ հավաստեց Հայաստանի քաղաքական ու ռազմական չեզոքությունը, այնուհետև արդարացրեց տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։
– Ցավոք ճիշտ էր հայության սթափ, հայրենասեր հատվածը, որը ոչ միայն անցնող հինգ տարիներին, այլև արցախյան պայքարի սկզբնավորման շրջանից զգուշացնում, աղաղակում էին, որ Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախի անկումից հետո գալու է Զանգեզուրի հերթը։ Իրապես էլ Արցախը հայաթափելուց անմիջապես հետո մեծացավ ճնշումը անկլավների, ինչպես և Զանգեզուրի միջանցքի հարցով։ Ոչ մի կասկած չկա, որ Թուրքիան այս հարցում ոչ միայն հրահրող թիկունք է Ադրբեջանի համար այլև, առավել շահագրգռված լինելով, ավելի մեծ ճնշում է գործադրում Հայաստանի անողնաշար ղեկավարության վրա։
-Որքան էլ դժվար է հաշտվելը այս եզրակացության հետ, ստիպված ենք, սակայն արձանագրել, որ գրեթե կասկած չի հարուցում, Զանգեզուրի միջանցքը հանձնելու հարցում ընդհանուր փոխհամաձայնություն գոյությունը՝ բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչև Արևմուտք ու Ռուսաստան։ Անշուշտ սրանցից յուրաքանչյուրը տվյալ հարցում հետապնդում է իր շահը, սակայն երբ Հայաստանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնում հանձնելու երկիրը և մի հարց ունի միայն՝ իրեն նախապես չեն ասում, թե մինչև ինչքան տարածք են ուզում, յուրաքնչյուրը փորձում է զարգացումների գործընթացի մեջ լինել հաղթող կողմը, կամ թե ստանալ առավելագույնը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ, ինչպես գրում են իրանցի քաղաքագետները, ադրբեջանաթուրքական տանդեմի երազած պանթուրանական միջանցքը միաժամանակ նատոյական միջանցք է, որով Արևմուտքը պետք է հասնի կենտրոնական Ասիա, Ռուսաստանից կտրի ու հակառուսական պլացդարմի վերածի Ադրբեջանն ու կենտրոնասիական հանրապետությունները, միաժամանակ չեզոքացնելով Չինաստանի ազդեցությունը նրա սահմանների մոտ խարիսխ նետելով։
Ռուսաստանը, որն իր ավանդական քաղաքականությանը հավատարիմ, շարունակում է թուրքական տարրի հետ արևմուտքի դեմ ճակատ կազմելու փորձերը միաժամանակ Զանգեզուրի միջանցքը տեսնում է որպես իր տնտեսական զարկերակը վերակենդանացնելու այլընտրանքային տարբերակ։
Այս այլևս բացահայտված ծրագրերը ակնառու են դարձնում արցախյան փակ դուռը բացելու արտաքին ուժերի նպատակը։ Ընդ որում ելնելով աշխարհում և մեծ տարածաշրջանում աճող լարվածությունից շահագրգիռ ուժերը շտապում են խնդիրների ցանկալի լուծմանը հասնել օր առաջ՝ քանի դեռ նոր իրողությունները այլ կերպ չեն ձևավորվել։ Իսկ եղած պատկերից նորն ստանալու համար Արևմուտքը ձգտում է նաև անկայունացնել կովկասյան տարածաշրջանը երկրորդ ճակատ բացելով Ռուսաստանի դեմ։ Աշխարհաքաղաքական այս մեծ խաղի մեջ ենթակայից առարկայի վերածված Հայաստանը, ունենալով հանգուցային դիրք, երկրի բախտախնդիր իշխանությունների քաղաքականության պատճառով հայտնվել է այդ խաղի կենտրոնում, որպես ռազմադաշտ, որին, օտար վերլուծաբաննների իսկ բնորոշմամբ, սպառնում է վերածվելը մշտապես բռնկվող նոր բալկանների։ Տարածաշրջանով շահագրգիռ բոլոր տերություննները մեր շուրջն իրականացնում են ակտիվ ու ագրեսիվ արտաքին քաղաքականություն, իրավիճակը հիշեցնում է մեծ պատերազմի նախօրյակ և այս բոլորի կողքին միակը, որի քաղաքականությունը աջ ու ձախ զիջումներով գերուժերի երաշխավորած խաղաղությանը հասնելն է բզկտվող Հայաստանն է՝ իր դավաճան իշխանություններով։ Այս իշխանության վզի շխթաները, թե դեպի ուր են ձգվում հայտնի է եղել իշխանության գալու առաջին օրերից, եթե չասենք՝ դրանից առաջ։ Թե մինչև 44 օրյա պատերազմը և, թե դրան հետևած տարիների ողջ գործունեությունն ու գիտակցված անգործությունը փաստում են գործող իշխանության ազգադավ ծրագրերի մասին։ Այժմ նրանք կանգնած են հանձնելու գործընթացի հաջորդ փուլի առջև և իրենց գերխնդիր այն է, որ հերթական հանձնումը իշխանությունը կորցնելու պատճառ չդառնա։ Կատարված ու տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի դավադիր իշխանությունն իր հակահայ ծրագրերը իրականացնում է, գործողությունները ներդաշնակելով Ադրբեջանի հետ։
Անկլավների ու Զանգեզուրի միջանցքի հարցով վերջինիս սպառնալիքները շատ լավ փոխանցվում են Նիկոլ Փաշինյանի թիմին, որը այս ընթացքում երկրում փորձում է ստեղծել մոտալուտ պատերազմի սպառնալիքի մթնոլորտ։ Որքան էլ անցանկալի է այս մասին գրելը, սակայն, ելնելով նախադեպերից սպասելի է, որ առաջիկայում Ադրբեջանը դիմելու է փոքր ու մեծ սադրանքների հայկական կողմին պատճառելով կորուստներ, որոնք ի վերջո «փրկիչ» ղեկավարին պետք է «ստիպեն» զիջելու ինչ որ բան մնացածը պահպանելու, կորուստներին վերջ տալու համար։ Չկասկածենք սակայն, որ սա ևս վերջը չի լինելու, գտնվելու է հազար ու մեկ պատրվակ թուրքադրբեջանական շարունակական առաջխաղացման համար՝ մինչև Հայաստանի վերջնական կործանում։
Մյուս կողմից ճանապարհին եղած արտաքին խոչընդոտներից հիմնականը վերացնելու համար այս շրջանում ավելի գործնական ու շոշափելի են դարձել Ռուսաստանի և նրա ռազմական համակարգի հետ կապերը խզելու հայ ղեկավարության քայլերը։ ՆԱՏՕ-ին տարածաշրջան բերելու համար Ռուսաստանն արդեն իսկ պատժում է Հայաստանին, սակայն անգամ «Արցախում և հեռու սահմանների մոտ» պատերազմը կարող է այնքան սարսափելի չթվալ պարզ հայաստանցու մաշկի համար, որքան տնտեսական, էներգետիկ այն «միջոցառումները», որոնք Ռուսաստանը կկիրառի մեր երկրի դեմ։ Սրանով հանդերձ երկրից փախուստ տալուց առաջ Փաշինյանը շտապում է գլխակորույս և առանց հետևանքների մասին մտածելուն իրականացնել ստանձնած պարտավորությունները։
Այս ազգակործան ծրագրեն իրականացնելու ճանապարհին ներքին խոչընդոտը չեզոքացնելու համար երկրում իրականացվում է տոտալ քարոզչություն։ Կեղծիքի ու զրպարտության տարածման համար, առանց միջոցների խնայողության գործի են դրված պետական, պաշտոնական քարոզչամիջոցները և,այսպես կոչված, ֆեյքերի ֆաբրիկան։ Այդ քարոզչությունն այսօր ունի մի քանի ուղղություն.
1.արդարացնել Փաշինյանի կատարած բոլոր դավաճանական քայլերն ու ծրագրերը,
2. հարվածել ընդդիմությանը՝ ի դեմս որոշ անհատների ու հատկապես Դաշնակցության և
3.բորբոքել լայնատարած հակառուսական հիստերիա։
Առանձին հակաքարոզչության թիրախ է արցախահայությունը, որին Հայաստանի մտասևեռված ղեկավարը տեսնում է որպես նոր խոչընդոտ ու վտանգ իր և իր ծրագրերի ճանապարհին։ Հայաստանի իշխանությունն իր գործունեությամբ և ծրագրված անգործությամբ առաջիկայում ամեն ինչ անելու է արցախահայությանը Հայաստանից դուրս մղելու համար։ Նրա հրահանգով արդեն իսկ սկսվել է կեղտոտ քարոզչությունը խոչընդոտելու, վարկաբեկելու և չեզոքացնելու նպատակով Արցախի ու Արցախահայության իրավունքների համար պայքարը։ Ցավոք երևույթների խորքը չտեսնելով շատ մարդիկ ակամայից դառնում են տվյալ ազգադավ քարոզչության կրողը և սպասարկուն։ Տարվելով օրվա տաք թեմաներով հատկապես համացանցային հոսանքի մեջ հայտնված զանգվածը հաճախ չի ընկալում, որ «չգիտես որտեղից հայտնված» տեղեկատվական փորձաքարը իրեն ևս բերում է դաշտը մի գզվռտոցի, որը բխում է իշխանության ծրագրերից և որի թիրախը ազգային-պետական շահերն են։ Հմտորեն մանիպուլացնելով հատկապես համացանցային դաշտը իր ֆեյքերի նոսրացած շարքերի միջոցով իշխանությունը տպավորություն է ստեղծում, թե երկրում կա տեսակետների ինչպես և քաղաքական ուժերի նկատմամբ համակրանք-հակակրանքի մեծ բաժանում և փորձում է դա «ծախել» հանրության վրա որպես իր նատմամբ դեռևս գոյություն ունեցող հզոր աջակցության արտահայտություն։
Ինչպես ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները անգամ ողջ իշխանական լծակներն ու պետական համակարգին ենթակա մարդկային ռեսուրսը մոբիլիզացնելու դեպքում նրան հաջողվում է ապահովել նվազագույն ձայներ։ Ակնհայտ է, որ ժողովուրդը ատում է Փաշինյանին և նույնքան ակնհայտ է, որ ժողովուրդը չի վստահում ընդդիմությանը, իսկ ավելի ստույգ՝ չի հավատում, որ այսօրվա ընդդիմությունը ունակ է իր որդեգրած օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու։ Ժողովուրդը թերևս չի ընկալում, որ ինքն, ըստ էության, նույն ընդդիմադիր ճամբարում և եթե ցայսօր իշխանափոխություն տեղի չի ունեցել պատճառը մեկ կողմից բռնապետական անօրեն ռեժիմի դեմ օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինությունն է, մյուս կողմից թերագնահատումը այն հսկա ուժի, որը իշխանության առջև կանգնած պաշտպանում է նրան՝ ի դեմս պետական ողջ համակարգի, ուժային կառույցների, քարոզչական հզոր մեքենայի և այն արտաքին ուժերի, որոնց համար այսօրվա դրածո իշխանության գոյությունը միակ երաշխիքն է Արցախի ու Հայաստանի հետ կապված իրենց բոլոր ծրագրերի իրականացման համար։
Ժողովրդի մի զգալի հատվածի ներկա թմբիրը, զոմբիացված վիճակը, հանրության ակտիվ հատվածի գնալը սխալ թիրախների ետևից նույնպես հիմնական գործոն են, որոնք ապահովում են իրեն սպառած, սակայն դեռևս պատմության աղբանոցում չհայտնված իշխանության գոյությունը։ Որքան էլ դժվար է այս մասին բարձրաձայնելը, սակայն ակնհայտ է, որ ազգովի գտնվում ենք մեծ ճամփաբաժանի առջև՝ կամ մենք կփրկենք երկիրը կամ կառավարող խունտան պետությանն ու մեզ կտանի վերջնական կործանման։
Արտաշես Շահբազյան
ՀՅԴ գաղափարաբան