կարևոր
4801 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-03 11:44
Աշխարհ

Համաեվրոպական հանրահավաքներ քսանից ավելի քաղաքներում․ բրյուսելյան կենտրոնական ցույցի գլխավորությամբ

Համաեվրոպական հանրահավաքներ քսանից ավելի քաղաքներում․ բրյուսելյան կենտրոնական ցույցի գլխավորությամբ

Կիրակի, 2023թ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին, Բրյուսելում, եվրահանձնախմբի հարևանությամբ գտնվող Ռոբերտ Շումանի անվան հրապարակում տեղի ունեցավ համաեվրոպական մեծ հանրահավաք՝ տաս հազարին հասնող ցուցարարների մասնակցությամբ։

Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Գերմանիայից ավտոբուսներով ժամանած բազմահազար մասնակիցները, հատկապես՝ երիտասարդներ, ի զարմանս կազմակերպիչների, տեսան տեղադրված փշալարերը՝ ի նշան ոստիկանության լուրջ մտավախության։ Այդ փշալարերը ևս մեկ անգամ ակնարկում են իրավիճակի սահմռկեցուցիչ բնույթը առ այն, որ Ադրբեջանը և նրա մեղսակից Թուրքիան փորձում են ի կատար են ածում Հայոց ցեղասպանության վերջին փուլը։

Համաեվրոպական հանրահավաքի կազմակերպիչը եվրոպական ավելի քան 500 կազմակերպություններ միավորող «Europeans for Artsakh» («Եվրոպացիները հանուն Արցախի») համաեվրոպական համախմբումն է։ Ոչ միայն Բրյուսելում, այլ նաև միաժամանակ քսան եվրոպական այլ քաղաքներում ցուցարարները եկել էին ո՛չ ասելու Հայոց ցեղասպանության շարունակությանը, դատապարտելու Ադրբեջանի հանցագործությունները, ո՛չ ասելու Շարլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեղսակից քաղաքականությանը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» համախմբման ցույցերը կոչված են դատապարտելու միջազգային ընտանիքի կողմից Արցախի հիմնախնդրի ճանաչումը որպես Ադրբեջանի ներքին խնդիր և Ալիևի ցեղասպան ռեժիմի ներքո արցախահայությանը ինտեգրմանը մղելը։

Ցուցարարները իրենց ցասումն արտահայտեցին նաև միջազգային լրատվամիջոցներում օրեցօր բառապաշարի ձևափոխումը հիշատակելով, ընդ որում՝ շեշտելով, որ արցախցիներին անջատողական անվանելը անընդունելի է։

Համաեվրոպական հանրահավաքը նպատակ ունի եվրոպացի քաղաքական առաջնորդներին հորդորել միանշանակորեն դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ 120․000 խաղաղ հայ բնակչության, այդ թվում՝ 30․000 երեխաների հանդեպ կիրառվող բռնությունը։

Ցույցի սկզբին, ժամը երկուսին, հոծ բազմության ներկայությամբ հայ մանուկները կատարեցին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգները, այսպիսով ընդգծելով, որ Արցախի հարցը փակված չէ, պայքարն ավարտված չէ և որ հուսալքությունն անընդունելի է։

«Իրականությունն այն է, որ արդարությունը և մարդու իրավունքները գերակայում են միայն այն դեպքում, երբ ունենք դրանք պարտադրելու ուժ և միջոցներ: Եվս մեկ անգամ ականատես եղանք, որ ապարդյուն է հուսալ, թե միջազգային հանրությունը կկանխի բռնապետ հարձակումը Արցախի բնիկ ժողովրդի վրա, որ նա կկանխի էթնիկ զտումները, կամ նույնիսկ, որ կգործադրի որևէ իրական ճնշում՝ Ալիևին իր մտադրությունից տարհամոզելու համար։ Չխաբվե՛նք, որ 21-րդ դարում ցեղասպանություն այլևս չի կարող լինել։ Զառանցանք է մտածելը, որ մարդու իրավունքների պաշտպաններն աշխարհով մեկ դրան կդիմակայեն»,- Բրյուսելում հավաքած հանրությանը դիմեց «Եվրոպացիները հանուն Արցախի» համախմբման համակարգող Թալին Թաշճյանը։

«Այսօր մենք որպես ազգ մեր պատմության ամենադժվար և ողբերգական էջերից մեկն ենք ապրում: Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց նույնիսկ ամենադժվար փորձությունների ժամանակ մենք կարող ենք օգտվել իրավիճակից՝ ավելի ուժեղ և իմաստուն դառնալ: Եվ մենք կարող ենք դա անել, եթե ճիշտ հարցեր տանք և համապատասխանաբար գործենք:

Այժմ ժամանակն է դադարեցնել պաշտպանության մեր հույսը ուրիշների վրա դնել, կամ ավելի վատ՝ հուսալ, որ այլ երկրներ կամ այլ ուժեր կգան և կփրկեն մեզ։ Մենք պետք է հույսը դնենք առաջին հերթին սեփական ուժերի և սեփական ռեսուրսների վրա։

Ժամանակն է, որ մենք՝ սփյուռքահայերս, Եվրոպայում և այլուր, սկսենք ինքնակազմակերպվել, որպեսզի ձեռք բերենք մեզ անհրաժեշտ միջոցները պաշտպանելու մեր շահերը, հայերի շահերը, Հայաստանի շահերը։ Ինքներս՝ որպես սփյուռք, ուժեղ լինելով է, որ կարող ենք ամուր հենասյուն լինել, որի վրա Հայաստանը կարող է հենվել իր մարտահրավերները հաղթահարելու համար։ Աշխարհը պատրաստ է աչք փակել մեր դեմ կատարված ամենասարսափելի հանցագործությունների վրա, բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։

Սա է պատճառը, որ մենք՝ եվրոպական երկրների հայ համայնքները, ներկայումս 15 երկիր ներկայացնող կազմակերպություններ, որ հավաքվել ենք «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի շրջանակներում, ցանկանում ենք, որ մեր կառույցը համախմբվի և մնա կայուն։ Մենք ուզում ենք միավորել ուժերը, ռեսուրսներ հավաքել, ռազմավարություն մշակել և մեզ տալ մեր շահերը պաշտպանելու միջոցները։ Հուսով ենք, որ բոլոր եվրոպական երկրները ներկայացնող կազմակերպությունները կկարողանան մաս կազմել դրան։

Հոկտեմբերի 24-ին մենք կանցկացնենք մեր հանդիպումը՝ փոխկապակցված կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հանդիպմանը կքննարկենք մեր նպատակները և հետագա անելիքները։

Հոկտեմբերի 25-ին կազմակերպում ենք նաև համաժողով Արցախի թեմայով, ինչպես նաև մամլո ասուլիս՝ մարդկության դեմ հանցագործությունների ականավոր մասնագետների ներկայությամբ»,- եզրափակեց Թալին Թաշճյանը։

Ավելացնենք, որ «Եվրոպացիները հանուն Արցախի» համախմբման կոչը մինչ այժմ հավաքել է Եվրոպայի ավելի քան 500 հայկական և ոչ հայկական կազմակերպությունների ստորագրությունները։ Այս աշխատանքը շարունակելու է և ընդլայնելու է համախոհների ցուցակը, և իր առջև նպատակ է դրել առաջիկա ամիսներին հասնել 1000 ստորագրության, մասնավորապես՝ ոչ հայկական կազմակերպություններին ներգրավելով։

Առաջիկա ամիսներին «Եվրոպացիները հանուն Արցախի» գործողությունները հիմնականում ուղղված են լինելու.

• Նպաստել Հայաստանի անվտանգության և զարգացման ամրապնդմանը այս վճռորոշ պահին.

• Անհրաժեշտ ջանք թափել՝ պաշտպանելու Արցախի հայերի իրավունքները և ապահովելու բռնագաղթված արցախցիների հյուրընկալումը Հայաստանում, լավագույն պայմաններում ապահովելով հայրենակիցների համար.

• Աշխատել բոլոր մակարդակներում՝ տեղական և եվրոպական, որպեսզի պատժամիջոցներ սահմանվեն Ալիևի ռեժիմի և նրան աջակցող հանցագործների դեմ և նրա հանցագործների դեմ, որոնք պատասխանատու են Արցախում մարդկային ողբերգության համար:

Այդ գործողությունները պետք է լինեն կոնկրետ, նպատակային, համակարգված և ռազմավարական։ «Եվրոպացիները հանուն Արցախի»-ն կոչ է անում բոլոր համայնքային կազմակերպություններին, բոլոր ՀԿ-ներին և յուրաքանչյուրին մասնակցել այս ազգանպաստ և համամարդկային այս ջանքերին, յուրաքանչյուրը իր հնարավորությունի չափով և միմյանց հետ համակարգված»:

Հանրահավաքին ելույթ ունեցան Բելգիայի հայերի ասամբլեայի նախագահ Կարեն Թադևոսյանը, Նիդերլանդների հայկական միությունների ներկայացուցիչ Նուբար Վարտենյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, Ֆրանսիայի Հայկական միությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի նախկին պատգամավոր, Ֆրանսիա – Արցախ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Իլ դը Ֆրանս շրջանի փոխնախագահ Պատրիկ Քարամը։

Բելգիա-Արցախ բարեկամական խմբերից ելույթ ունեցան խմբի նախագահի տեղակալ, Բելգիա – Արցախ բարեկամական խմբի համակարգող ֆրանսախոս պատգամավոր Անդրե դը Բուսը, Բելգիա – Արցախի բարեկամական ֆլամանդական խմբի անդամ, սենատոր, Ֆլամանդական խորհրդարանի անդամ Ալեսիա Կլասը, ֆրանսիացի պատգամավոր (Կանաչների խումբ/Եվրոպական Ազատ դաշինք) Մարի Տուսենը, Եվրախորհրդարանի անդամ՝ Դանիայից Կարեն Մելխիորը, Հայ առաքելական եկեղեցու արևմտյան Եվրոպայի հայրապետական ​​առաքելության ներկայացուցիչ Տեր Զատիկ վրդ․ Ավետիքյանը, Հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչ Համբիկ Թալաթինյանը, Ֆրանսիայի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ Ժոել Միքաելյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարար և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բերնար Կուշները և ֆիլիսոփա, գրող Դանիել Սալվադոր Շիֆերը։

Եզրափակիչ ելույթներով հանդես եկան ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից Լուսինե Հայրապետյանը և Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը։

Հավաքվածները խորհրդանշական երդում տվեցին` պայքարել հանուն Հայաստանի և Արցախի. «Չենք զիջելու և չենք հաշտվելու։ Հայաստանի և Արցախի հայությունը կարող է մեզ ապավինել»։

«Europeans for Artsakh» («Եվրոպացիները հանուն Արցախի») համախմբման նախաձեռնությամբ և հայ համայնքների ակտիվ մասնակցությամբ նմանատիպ ցույցեր տեղի ունեցան Բրյուսելից հեռու գտնվող եվրոպական մի շարք քաղաքներում, Բրյուսելի մայր ցույցի հետ միաժամանակ, հսկայական էկրանի միջոցով Շումանի հրապարակում հավաքված բազմությունը կարողացան տեսնել Վարշավայում, Վիեննայում, Ստոկհոլմում, Աթենքում, Նիկոսիայում, Պրահայում, Լիսաբոնում, Բրատիսլավայում, Բուխարեստում,Պլովդիվում, Սոֆիայում, Ռուսում, Վարնայում, Լիոնում, Հռոմում, Կոպենհագենում, Մարսելում, Շատորուում, Կլերմոն-Ֆերանում և ֆրանսիական Վալանսում համաեվորպական արդար բողոքը։

Հիշեցնենք, որ Լոնդոնում նույնաբովանդակ ցույցը կայացել էր նախորդ օրը։

Ավելացնենք, որ հատկապես մեծաթիվ էր Մարսելի ցույցը, ուր ավտոբուսներով ցուցարարներ էին ժամանել Մոնպելիեից և Մարսելի հարևանությամբ գտնվող քաղաքներից։ Այստեղ էլ ցուցարարները հանդես եկան նույն պահանջներով՝ քաղաքական, կրոնական և մշակութային բոլոր ուղղությունները՝ միասնաբար։ Եվրոպական սփյուռքը ցույց տվեց իր աներկբա միասնականությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։

Այսպիսով, Համաեվրոպական հանրահավաքի մասնակիցները․

1. Դատապարտեցին են Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն Արցախում։

2. Դատապարտեցին են Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին՝ 2020 թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու, այդ թվում նաև արցախահայության անվտանգությունը իր իսկ հայրենիքում չապահովելու համար։

3. Եվրոպական միությունից պահանջեցին արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ստանձնած հանձնառությունը, ապահովի բոլոր արցախահայերի, ինչպես նաև ապրանքների, բեռների անվտանգ, անխոչընդոտ տեղաշարժը Բերձորի (Լաչինի) միջանցքով։

4. ԵՄ-ից պահանջեցին թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության և վերջինիս բռնի տեղահանման համար։

5. Դատապարտեցին ԵՄ-ի շարունակական քաղաքական աջակցությունը Արցախի «ինտեգրմանը» Ադրբեջանին, չնայած այն ակնհայտ հեռանկարին, որ նշանակում է արցախահայության բռնագաղթ իր հազարամյա հայրենիքից կամ էլ արցախահայության հպատակեցում բռնապետական խիստ վտանգավոր պայմաններում։

6. Պահանջեցին են անհապաղ պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, որոնր պաշտպանել են Արցախն Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականությունը, քանի որ դա օժանդակել է արցախահայության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։

7. Պահանջեցին ադրբեջանական զինուժից անհապաղ դադարեցնել Արցախի բոլոր հայկական քաղաքների, գյուղերի օկուպացիան և պաշարումը, հեռացնել ադրբեջանական ռազմական ներկայությունը Արցախից և հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։

8. Պահանջեցին, որ Ադրբեջանը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ռազմագերիներին և պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո:

9. ԵՄ-ին կոչ արեցին անում են ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը՝ որպես գոյաբանական հարց Ադրբեջանի շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության պայմաններում։

Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլև անտեսում է իր միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի՝ 2020 թվականին ընդունած համապատասխան բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի փորձագետների, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կոչերը։

Հիշյալ համաեվրոպական հանրահավաքը կայացավ 2023 թ հոկտեմբերի 5-ի եվրոպական 47 երկրները համախմբող Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի ընթացքում նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հանդիպումը։

Հոկտեմբերի 5-ի Իսպանիայի Գրանադա քաղաքում է «Եվրոպացիները հանուն Արցախի» համախմբման նախաձեռնությամբ հանրահավաք է նախատեսվում։

Հովհաննես Գռուզյան