կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 18:03
Հասարակություն

Համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 460 հազար եվրո արդյունք

Համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 460 հազար եվրո արդյունք

Նոյեմբերի 21-ից 24-ը տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1.460.000 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

 

Հեռախոսամարաթոնն անցկացվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ` «Միասնություն եւ աջակցություն» խորագրի ներքո: Դրամահավաք միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ Հունաստանի հայ համայնքները: «Օրանժ Տելեկոմ» ընկերության` Ֆրանսիայի չորս քաղաքներում (Փարիզ, Թուլուզ, Մարսել, Լիոն) տեղակայված կայաններից 750 կամավորներ զանգահարել են մասնակից երկրների ավելի քան 50.000 ընտանիքների ու կազմակերպությունների` կոչ անելով աջակցել հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ձեռնարկներին:

 

Այս տարի հեռախոսամարաթոնի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, ինչպես նաեւ Սիրայում հայկական դպրոցների կառուցմանը:


Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` նվիրատվությունները շարունակվում են, եւ ո'չ տնտեսական ճգնաժամը, ո'չ էլ քաղաքական անկայուն մթնոլորտը որեւէ կերպ չանդրադարձան կամավորների եւ նվիրատուների ցանկության վրա`  սատար կանգնել հայրենիքին: 

 


Այս օրերին դրամահավաք-միջոցառումներ են անցկացվում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Լիբանանում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում: Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի տեղեկացմամբ էլ վերջին տասնօրյակի ընթացքում 700-ից ավել տպագիր եւ էլեկտրոնային տեղեկատու- շրջաբերական է ուղարկվել հայ համայնքի անդամներին: Հեռուստամարաթոնի օրը`  նոյեմբերի 28-ին, «Համայնքի կենտրոնում» կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները, ինչպես միշտ, կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը: