Փոխարժեքներ
30 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապրանքաշրջանառության եւ շուկայի քաոսային վիճակը, ըստ տնտեսագետների, համապատասխան մարմինների անգործության հետեւանք է։ Հենց այդ մարմիններից մեկը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Հայկական շուկայի նվազ վաճառքի պատճառով եւ 20-30 տնտեսվարողի շնորհիվ փակվեց Wildberries-ի՝ ռուսական տարբերակով պատվերների հնարավորությունը։
Ըստ որոշ վերլուծությունների՝ շուկան որոշ ժամանակ կմնա կայուն, եւ գուցե բավարար չափով ապրանքաշրջանառություն չլինի, ինչը կնվազեցնի պահանջարկը եւ, հնարավոր է, առաջացնի գնանկում։ Շուկայում առկա հաջորդ խնդիրը վառելիքի գների կտրուկ աճն է, որը տեսչական մարմինը եւս չի վերահսկում։ Բենզինի, գազի եւ հեղուկ գազի գները վերջին երկու օրերին աճել են: Ըստ տնտեսագետների՝ դրա պատճառը իշխանության հովանավորչության տակ գտնվող անձանց ազդեցությունն է շուկայում, իսկ հենց այդ իշխանությունը իր մարդկանց է տալիս շուկայում արտոնություններ։ Սրանք եզրակացություններ են, որոնք անում են տնտեսագետները եւ տնտեսվարողները, սակայն ոչ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կամ ՏՄՊՊՀ-ն։ Այսպիսով, ո՞վ է ղեկավարում այս տեսչական մարմինը, եւ ի՞նչ ունեցվածք ունի նա. կառույցը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Կոտոլյանը հայտարարագրել է 2 հողամաս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված բնակարան եւ ավտոկայանատեղի։ Նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ըստ երեւույթին, ծառայողական մեքենա է շահագործում։ Նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմում են 13 մլն 496 հազար դրամ։
Կոտոլյանը, որպես թանկարժեք իր, որի արժեքը 4 միլիոն է կամ գերազանցում է դրան, հայտարարագրել է ժամացույց, որը ժառանգություն է, իսկ արժեքը նշված չէ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 826 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։ Արմեն Կոտոլյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 836 հազար դրամ։ Տարեկան եկամուտներից 13 մլն 669 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 612 հազարը աշխատանքի վարձատրություն է Երեւանի քաղաքապետարանից, 388 հազար դրամը՝ որպես այլ եկամուտ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, 445 հազարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 9 մլն 883 հազար դրամ։
Կոտոլյանի՝ վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 6 մլն 831 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգմանը հատկացրել է 10 մլն 200 հազար դրամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, եւ 1 միանձնյա սեփականությամբ բնակարան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում