Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն երկու շաբաթ է՝ մայրաքաղաք Երեւանը նախընտրական քարոզարշավի մեջ է: 14 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին: Չնայած նախընտրական քարոզարշավից ընդամենը երկու շաբաթ է անցել, սակայն արձանագրվել են մի շարք միջադեպեր, այդ թվում՝ նաեւ նախընտրական պաստառները վնասելու, պատռելու, ներկով փչացնելու: Թեպետ ԿԸՀ-ն իբրեւ թե արգելում է հանրային վայրերում նախընտրական պաստառներ փակցնելը, սակայն ամենուր հանդիպում ենք նախընտրական պաստառների` կանգառներում, շենքի վերելակների մեջ, բազմաբնակարան շենքերի պատերին, անգամ՝ խանութների դռների վրա եւ այլն: Միջադեպեր, իհարկե, բոլոր ժամանակների ընտրություններից առաջ եղել են: Օրինակ` 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվ պայքար էր գնում ընդդիմության եւ իշխանության միջեւ: ՔՊ-ի համակիրները «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառներն էին պատռում, «Հայաստան» դաշինքի համակիրները` ՔՊ-ինը: Անգամ հայհոյանքներ էին գրում պաստառների վրա` ՔՊ-ին անվանում Քեմալականների պայմանագիր, «Հայաստան» դաշինքն էլ կոչում էին պիցցայակերների ու տականքների դաշինք եւ այլն:
Այսօր, մեծ հաշվով, իրավիճակը նույնն է: Բեւեռացված մթնոլորտում սեւ փիառով ուղեկցվող նախընտրական քարոզարշավ: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նախընտրական պաստառները պատռելու վերաբերյալ ընդամենը մեկ դեպք են արձանագրել: Թե բազմաթիվ դեպքերից որ մեկն է արձանագրել ոստիկանությունը, մեզ պարզել չհաջողվեց:
«Ապրելու երկիր» կուսակցության շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ նման դեպքերում ոստիկանություն դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ նման դեպքերի բացահայտումը, մեղմ ասած, անիրատեսական է: Առաքելյանի խոսքով` թեթեւակի միջադեպեր լինում են նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն «Ապրելու երկիրը» սադրանքներին չի տրվում։ «Մենք սահմանված վայրերում պաստառներ տեղադրել ենք եւ, ցավոք, այո, արձանագրել ենք շատ դեպքեր, որ պաստառները վնասել են, պոկել են եւ այլն: Բնական է, այդ մասով ոստիկանությանը չենք ահազանգում, որովհետեւ դա ժամանակի անիմաստ կորուստ է, նման դեպքերը չեն կարող բացահայտել: Պետք է արձանագրել, որ իշխանությունները հերթական անգամ ճղճիմ գործելաոճով փորձում են էժանագին քայլեր անել: Վահանակներ են կոտրել, բայց մենք շարունակում ենք մեր քարոզարշավը` արհամարհելով նման տեսակ գործողությունները: Քարոզարշավի ընթացքում Երեւանի բոլոր թաղամասերում եղել ենք, արդեն երկրորդ անգամ ենք քաղաքով մեկ շրջում: Թեթեւակի միջադեպեր եղել են, քաղաքացիները կարող են այլ կարծիք ունենալ եւ դրանք այլ ոճի մեջ արտահայտել, սակայն անմիջապես մենք դրանք հարթում ենք, սադրանքներին չենք տրվում որեւէ կերպ: Մենք մեր մասին ենք խոսում` ներկայացնելով մեր ծրագրերը: Կարելի է ասել՝ որեւէ էական խոչընդոտի չենք հանդիպել այս ընթացքում, որովհետեւ մեր թիմն ամուր է: Չեմ կարծում, թե իշխանությունից բացի այլ քաղաքական ուժ կարող է պաստառներ պոկել, դա այս իշխանության գործելաոճն է: Եղել են դեպքեր, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց պաստառները միտումնավոր փակցրել են մեր պաստառների վրա»,- նշում է Մեսրոպ Առաքելյանը:
«Մայր Հայաստան» դաշինքի շտաբից էլ փորձեցինք հետաքրքրվել, թե եղե՞լ են արդյոք իրենց պաստառները վնասելու դեպքեր, եւ ի՞նչ խոչընդոտների են հանդիպել դաշինքի անդամներն այս օրերին: Մեզ ասացին, որ պաստառները վնասելու դեպքեր եղել են, սակայն թե կոնկրետ որ վարչական շրջաններում եւ ինչ եղանակներով` չգիտեն: Բայց պատրաստվում են առաջիկայում այդ թեմայով մամուլի ասուլիս հրավիրել:
«Քաղպայմանագրից» էլ «Հրապարակին» հայտնեցին, որ այս օրերի ընթացքում ավելի քան չորս դեպք է արձանագրվել, երբ կոնկրետ վնասել եւ պատռել են ՔՊ-ի նախընտրական պաստառները: ՔՊ շտաբի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ դեպքերի մասով դիմել են ներքին գործերի նախարարություն, սակայն որեւէ տեղեկություն դեռ չունեն: Թե կոնկրետ որ վարչական շրջաններում են եղել պաստառների վնասման դեպքերը, Կոստանյանը չգիտեր:
Իսկ Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ավան վարչական շրջանում իրենց նախընտրական պաստառները համատարած պատռել են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում