կարևոր
1747 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-02 13:19
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատմական պատասխանատու սերունդ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատմական պատասխանատու սերունդ

Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան,
նայի՛ր նրա երիտասարդությանը։

Գարեգին Նժդեհ

Երիտասարդության դերի վերաբերյալ Գարեգին Նժդեհի գնահատականը կարելի է համարել անքննելի ճշմարտություն, ավելին, սխալ չի լինի ավելացնել, որ ինչպիսին որևէ երկրի երիտասարդությունն է, այնպիսին է և նրա ներկան։ Մենք դրա վկան ենք եղել անցած 35 տարիների ընթացքում։ 1988 թ. սկսված ազգային զարթոնքը երազանքից իրականության վերածող առաջատար ուժը հենց օրվա երիտասարդությունն էր։

1988 թվականի փետրվարի տասնութին ուսանողական կուռ շարքերով և որպես ազգային գիտակցության կրող անհատներ, խռնվելով Երևանի Ազատության հրապարակում, այս երիտասարդությունը ավելի քան երկու տարի եղավ պայքարի առաջին գծում, այնուհետև նրա մեկ հատվածը խաղաղ հրապարակներից փոխադրվեց Արցախ ու Հայաստանի սահմաններ և ապահովեց Արցախի ազատագրումը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անկախացումն ու հայոց երկու պետականությունների ձևավորումն ու կայացումը։

Այս սերունդը հոգևոր իմաստով ծնունդն էր ազգային այն հզոր վերազարթոնքի, որը հայրենի հողի վրա սկսվեց անցած դարի 60-ականներին և իր քուրայում պողպատի պես կոփեց հայրենանվեր ու պահանջատեր տեսակի։ Ցավոք, ձեռք բերված ազատությանն ու անկախությանը հետևեցին ազգային դպրոցի և գիտության աղավաղումն ու քայքայումը՝ այս անգամ արտաքին փափուկ ուժի ներգործությամբ։ Խորհրդային գաղափարախոսության մերժման հետ մերժվեց նաև ազգային տեսլականների և արժեհամակարգի հիմքի վրա գաղափարների (եթե ոչ գաղափարախոսության) ներդրումը հասարակական գիտակցության և, մասնավորապես, աճող սերնդի դաստիարակության հիմքում։ Այն, ինչ մերժվեց տգետ ղեկավարության կողմից, որպես ազգայնական ուժերի չափազանցված մտայնություն, բնավ չառաջացրեց քարացած վակուում. դատարկված տեղը գրավեցին արտածին, ապազգային և հակազգային այլասերիչ հոսանքները։ Մինչ իշխանությունները շարունակում էին քաղաքական «տուն-տունիկ» խաղալ օտար հոսանքների ու կազմակերպությունների մսուրում ձևավորված երիտասարդության հետ, այդ երիտասարդությունը աճելով՝ նախ խորտակեց այդ ինքնավստահ ու թվացյալ ճարպիկ իշխանությանը, ապա խորտակեց Արցախը և շարունակում է Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման ծրագիրը։

Ահա երիտասարդության երկու սերունդ, որոնցից առաջինը կարողացավ փշրել խորհրդային կապանքներն ու ինքնազոհաբերության գնով հող ազատագրել ու երկիր անկախացնել և նրան հաջորդած սերնդի մի հատված, որը կեղծ խոստումներով զավթելով իշխանությունը՝ ոչ միայն ազգային ու պետական ձեռքբերումներից շատերը մսխեց, այլև շարունակելով օտար ուժերին ծառայությունը՝ ներսից քանդում է ազգային-պետական կառույցները, հայոց հոգևոր ինքնությունն ու վերջինիս հոգևոր-մշակութային և պատմական կռվանները՝ կրթության և գիտության համակարգերը։ Ակնհայտ է, որ այս դավադրությունը իրականացնողները, առավել ևս ծրագրողները հրաշալի գիտեն, թե որն է հասարակությունների գլխավոր շարժիչ ուժը, որոնք են այդ ուժի մտավոր և հոգևոր հիմնասյուները։ Ի դեպ, պատահական չէ, որ պետություններ և պետական համակարգեր խորտակած վերջին տասնամյակների գունավոր հեղափոխությունների վարակը կրող ուժը երիտասարդությունն էր, իսկ նրա գործածած ավերիչ զենքը վերազգային գլոբալիստական գաղափարախոսություններն էին։

Վերադառնալով անցնող երեք և կես տասնամյակների մեր իրականությանը՝ պետք է փաստենք, որ ճակատագրական փոթորիկների մեջ հայոց երկրի հավատարիմ ու հետևողական զինվորների շարքում էր դաշնակցական երիտասարդությունը։

Բնավ չնսեմացնելով հայրենիքին անսակարկ ծառայած և ծառայող այլ հայորդիների դերն ու վաստակը՝ կարծում եմ՝ իրավունք ունենք մատնանշելու, որ նրանց շարքերում կազմակերպորեն կուռ, գաղափարապես համակարգված և ծրագրային առումով հետևողական դիրքերում է եղել Դաշնակցության դրոշի ներքո ինքնադրսևորված հայ երիտասարդությունը՝ իր միասնական կառույցներով և աշխարհատարած թևերով։ Այդ երիտասարդությունն իր մարտական կոփվածքը ստացավ Արցախի ու Հայաստանի սահմաննների պաշտպանության ժամանակ, որպես յուրատեսակ կամավորական բանակ և զենքը ձեռքն առավ հետագա բոլոր ռազմական փորձությունների ժամանակ։

Այնուամենայնիվ սխալ կլինի միայն այս տեսանկյունից դիտարկել և գնահատել Դաշնակցության երիտասարդության դերակատարությունը՝ Հայաստանի անկախացման ու Արցախի ազատագրման շրջանից սկսած։ Որպես ազգային-սոցիալիստական կուսակցության անդամներ՝ դաշնակցական երիտասարդները իրենց կուսակցական մկրտության օրերից պայքարի մեջ եղան Հայաստանի ժողովրդավարացման, հայ ժողովրդի ներքին ազատությունների և սոցիալական-իրավական համակարգի կայացման համար։

Այսօր էլ այդ երիտասարդությունը սպասում է պայքարի կոչի, և ոչ մի կասկած չկա, որ լինելու է Հայաստանը հակազգային և դավաճանական ռեժիմից ազատագրողների, Արցախը շրջափակող շղթաները փշրողների առաջին շարքում։ Եթե ինչ- որ մեկը կմտածի, թե սա փորձ է ներկայացնելու ներկա հայ հասարակությանը մաս կազմող ինչ-որ արտասովոր շերտի, ասենք, որ այդպիսի հավակնություն, չափազանցություն կամ գաղտնիք չկա ներկայացվածի մեջ։ Պարզապես այս երիտասարդությունը գաղափարապես դաստիարակվել և մկրտվել է ազգային գաղափարախոսության ավազանում։ Նախ այդ ավազան մտել են նրանք, ովքեր եղել են հայրենասիրության «կրոնի» հավատացյալները և ապա անցել են գաղափարաքաղաքական դաստիարակության դպրոց։

Եվ այս օրինակը լավագույն վկայություններից է այն ճշմարտության, որ մեր Արցախ-Հայաստան երկիրը կարող է փրկվել ու վերածնվել, եթե մենք կրկին վերադառնանք մեր հոգևոր-մշակութային արմատներին, մեր ազգային ինքնությանը, որը հազարամյա կաղնու պես ժամանակներին ներդաշնակ փոխում է իր տերևներն ու սաղարթը, սակայն շարունակում է սնվել միմիայն սեփական արմատներից, այդ արմատներով ամուր կառչած է հայրենի հողից և բաց չի թողնելու այդ հողը, որքան էլ օտարասուն ազգադավները ձգտեն ճյուղակոտոր անել ծառը, ներարկել նրան օտարի թույնը և թուլացնելով՝ ոչնչացնել ծառի արմատները։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1999 թվականի որոշմամբ՝ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։

Այս օրվա նպատակն է հիշեցնել և շեշտել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև ծառացած ամենօրյա խնդիրների մասին։ Կասկած չկա, որ հայ երիտասարդությունը, լինելով համաշխարհային երիտասարդության մասը, պետք է իր ներդրումն ունենա աշխարհի առաջադեմ երիտասարդության պայքարում՝ հանուն համընդհանուր խաղաղության, բարեկեցության, ազգային ու մարդկային իրավունքների, բնապահպանական խնդիրների և ընդդեմ համաշխարհային համահարթեցման ու երիտասարդության ապագաղափարայնացման, ընդդեմ ցեղասպանությունների և ահաբեկչության, ընդդեմ աշխարհի գերուժերի դավադիր ծրագրերի՝ օգտագործելու երիտասարդության ներուժը ավանդական հասարակությունների ու արժեքների քայքայման ու այլասերման, սեփական էթնիկ ինքնության և այլ հիմնարար արժեքների մերժման նպատակով։

Այո՛, ինչպես հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովուրդը, այնպես էլ այսօրվա նրա երիտասարդությունը պետք է լինի համաշխարհային քաղաքակրթության կրողն ու ջահակիրը, բայց չմոռանա, որ այդ ամենից առաջ նա ծնունդը և կրողն է հինավուրց ու յուրատիպ հայ ինքնության, որ պատմական պատասխանատվություն է կրում այդ ինքնության, հայոց աստվածաշնչյան երկրի և պետության գոյատևման, նրա նոր վերածննդի և հզորացման համար։ Պատմական պատասխանատվության զգացումը մարդու և հավաքականությունների բարոյական արժեհամակարգի առանցքային սյունն է, և նրանով է չափվում մնացած ամեն ինչ։ Իսկ պատմական պատասխանատվությամբ օժտված սերունդ ունենալու համար նախ անհրաժեշտ է սերունդներին կրթել ու դաստիարակել այդպիսին։

Այդ ճանապարհով և այդ դեպքում միայն մենք կարող ենք հանգիստ լինել հայ ազգի, հայոց երկրի և պետականության շարունակականության համար։

«Դրօշակ» թիվ 8, 2023թ