Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Մտածում էի՝ որևէ բանաձև կընդունվեր, համատեղ հայտարարություն կանեին, բայց չեղավ։ Ինձ համար երեկվա նիստն անհասկանալի էր, չհասկացա՝ ավարտվեց, թե դեռ շարունակություն է ունենալու այս գործընթացը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստի մասին։
«Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ, երեկ ինձ մոտ երկակի տպավորություն թողեց. այն իրավիճակը, որն առկա է Արցախում և այն, ինչ եղավ երեկ, իրար հետ կապ չունեին։ ԱԽ-ն պետք է հստակ գնահատականներ տար և հստակ պահանջներ ներկայացներ Ադրբեջանին և ճանապարհը չբացելու դեպքում պատժամիջոցներ կիրառվեին։ Արցախում տեղի ունեցողը շարքային միջադեպ չէ, ցեղասպանության գործընթաց է, որը սողացող ճգնաժամ է, իմ տեղեկություններով՝ 20 օրվա հացահատիկ է մնացել, ու հետո Արցախում ընդհանրապես հաց չի լինի։ Երեկ հնչած գնահատականներն ինձ համար շատ թույլ էին»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին՝ Դանիելյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը ամենաքիչը, որ կարող է անել, նմանատիպ ելույթներ ունենալն է։
«Իրենք, փաստացի, ձեռքերը լվացել են Արցախից և այնպես չէ, որ Միրզոյանին երեկվա ելույթի համար պիտի շնորհակալություն հայտնենք, իրենց պարտականությունն է, պիտի անեին։ Տեղի ունեցողի ամբողջ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, այս ամենն իրենց անպատասխանատու հայտարարությունների արդյունքն է։ Հայաստանն Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում և Ադրբեջանի ներկայացուցիչը հենց այդ պատճառով էլ ասաց՝ իմ տարածքն է, իրավունք չունեք պահանջներ ներկայացնելու։ ՀՀ-ն գոնե պետք է այնպես աներ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կյանքի կոչվեր, քանի որ դրա կետերից յուրաքանչյուրի խախտումն էլ կարող էր ճակատագրական լինել կողմերի համար. փաստացի, ադրբեջանական կողմը, գրեթե, բոլոր կետերը խախտում է և որևէ պատասխանատվության չի ենթարկվում»,- շեշտեց նա։
Դանիելյանի խոսքով՝ ՌԴ-ն էլ այս դեպքում չեզոք դիրք է ընդունում, որովհետև Հայաստանն է ճանաչել տարածքային ամբողջականությունը։
«Առաջին պատասխանատուն մեր իշխանություններն են, իսկ եթե իրենցից չենք պահանջում ու պահանջում ենք միջազգային հանրությունից, տրամաբանական չէ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս որևէ բան պիտի չքննարկվեր, բայց հիմա Աղդամի ճանապարհն են առաջ բերել, Աղդամի ճանապարհը ինտեգրացիոն գործընթացի սկիզբն է ու միայն Արցախի ժողովրդի վճռականությունն է, որ այդ ամենը թույլ չի տալիս»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։