Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսել, 28 հուլիսի, 2023թ. -Այսօր Բրյուսելի սրտում, Եվրոպական խորհրդի շենքի առջև տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ էին անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ 120,000 հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղված սովի քաղաքականության պատճառով։
Լեռնային Ղարաբաղը/Արցախի Հանրապետությունը գտնվում է աղետալի շրջափակման մեջ՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, որի պատճառով դադարեցվել են բնակչությանը կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնությունն ու առաջին անհրաժեշտության մատակարարումները։ Այս անմարդկային գործողությունը սարսափելի հետևանքներ է ունեցել անթիվ խաղաղ բնակիչների կյանքի վրա՝ պատճառելով աներևակայելի տառապանքներ և զրկելով նրանց գոյատևման համար անհրաժեշտ հիմնական պարագաներից և սննդից։
Լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրված պաստառները ուղերձ էին միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը։ Լուռ ակցիայի ընթացքում մասնակիցները երեխաների հետ միասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ հանձնեցին։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ ղեկավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով հանցագործ Ադրբեջանի նկատմամբ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պահպանման և Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարևորությունը։
Նրանք պահանջում էին, որ աշխարհը աչք չփակի անմեղ քաղաքացիների, հատկապես երեխաների տառապանքների վրա, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը։
Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում։
Բրյուսելի այսօրվա լուռ ցույցը ևս մեկ անգամ հիշեցում է, որ ավելի քան երբևէ հրատապ են դարձել այն գործողությունները, որոնք կնպաստեն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն։ Այն կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, գործադրելու իր ամբողջ դիվանագիտական ազդեցությունն ու լծակները՝ պաշտպանելու անմեղ կյանքերը և պաշտպանելու արդարությունը տարածաշրջանում:
Բելգիայի հայերի կոմիտե