կարևոր
2965 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-20 12:28
Հասարակություն

Այս պայմաններում բանակումը ևս մի փորձություն էր սկաուտների և պատասխանատու կազմի համար

Այս պայմաններում բանակումը ևս մի փորձություն էր սկաուտների և պատասխանատու կազմի համար

2019թ. օգոստոսի 22-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղի հիմնադրումը, որով Արցախի սկաուտները միացան համաշխարհային հայ սկաուտական ընտանիքին։ Ցավոք, դրան հաջորդած իրադարձությունները՝ կորոնավիրուսի համավարակը, այնուհետև՝ 44-օրյա պատերազմը, մեծ խոչընդոտ հանդիսացան կառույցի զարգացման և ընդլայնման համար, ինչով և պայմանավորվեց մասնաճյուղի պասիվ գործունեությունը։

Պատերազմից հետո սկաուտական աշխատանքների ակտիվացման, առաջնորդ սկաուտներ պատրաստելու առաքելությամբ Արցախում էր սկաուտական խմբապետուհի Մարո Քեշիշյանը: Քույր Մարոյի և ՀՄԸՄ-ի Կենտրոնական և Արցախի մեկուսի վարչության ներդրած ջանքերով այսօր ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղը ակտիվ գործունեությամբ զբաղվող կառույց է։

Արցախի համար այս դժվարին ժամանակներում անգնահատելի է ՀՄԸՄ առաքելությունը բարոյապես բարձր արժանիքներով և ազգային նկարագրով հայրենիքին ծառայելու պատրաստ քաղաքացիներ պատրաստելու գործում։

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի գործունեության և վերջերս կազմակերպած սկաուտական-խմբապետական բանակումի «Ապառաժը»-ը զրուցել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության անդամ Արմոնդ Թահմասյանի և խմբապետ Ալյոնա Հակոբջանյանի հետ։

Հատկապես այս օրերին՝ ՀՄԸՄ-ն Արցախում իրականացնում է իր գործունեությունը, նախ և առաջ՝ նպատակ ունենալով այս իրավիճակում օգնել երեխաներին՝ ավելի ուրախ կազմակերպել իրենց առօրյան, ստանալ նոր գիտելիքներ ու հմտություններ,- նշել է Ա. Հակոբջանյանը։

Սույն թվականի հուլիսի 2-7-ը տեղի է ունեցել ՀՄԸՄ սկաուտական խմբապետական բանակումը, որն Արցախում թվով 2-րդն էր։

«Նմանատիպ առաջին բանակումը կազմակերպվել էր նախորդ տարի։ Քույր Մարո Քեշիշյանը, ով եկել էր ԱՄՆ-ից, վերակազմակերպեց ՀՄԸՄ Արցախի կառույցը, ստեղծեց խմբապետական կազմ, ովքեր մեկ տարի շարունակ գիտելիքներով զինվելով, այս ամռանը պատրաստված եկան սկաուտական խմբապետական բանակումի»,-ասել է Ա. Հակոբջանյանը։

Նրա խոսքով՝ բանակումի ընթացքում սկաուտների ամենասիրելի պահը հերթապահությունն էր։ «Նրանք շուրջօրյա հերթապահություն էին անցկացնում բանակավայրի տարբեր մասերում՝ հսկելով ՀՄԸՄ դրոշը, որը ամենակարևորն էր բանակումի ընթացքում»,-նշել է Ա. Հակոբջանյանը։

Ալյոնա Հակոբջանյանը նշեց, որ բանակումի ընթացքում սկաուտների շարքերը համալրել են 3 նորագիրներ, իսկ սկաուտներից 3-ի կոչումներն էլ բարձրացվել են՝ առաջնորդից դառնալով վարիչ առաջնորդ։

«Այս բանակումը խմբապետների համար ևս վերապատրաստման շրջան էր, որպեսզի հետագայում կարողանան ինքնուրույն կազմակերպել հաջորդ բանակումը նորեկների հետ, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 23-28-ը։ Շուրջ 100 պատանու համար սկաուտները կկազմակերպեն բանակում, որտեղ հենց իրենք կլինեն պատասխանատուները»,-ասել է Ա. Հակոբջանյանը։

Նրա խոսքով՝ շրջափակման պայմաններում բավականին խոչընդոտների հանդիպեցին բանակումը կազմակերպելիս՝ հաշվի առնելով հատկապես սննդի բացակայությունն ու վառելիքի սղությունը, սակայն, ամեն դեպքում՝ բանակումը հաջողությամբ կյանքի կոչվեց։

«Արցախի համար դժվարին այս պայմաններում բանակումը ևս մի փորձություն էր սկաուտների և պատասխանատու կազմի համար, որը մենք կարողացանք պատվով հաղթահարել: Բանակումի 5 օրերը անմոռաց կմնան սկաուտների հիշողության մեջ, որպես այս մշուշոտ ներկայում լուսավոր մի դրվագ»,-նշել է Ա. Հակոբջանյանը:

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության անդամ Արմոնդ Թահմասյանն էլ նշեց, որ պատերազմը բավականին բացասական ազդեցություն է թողել ՀՄԸՄ աշխատանքների կազմակերպման վրա։

«Պատերազմից հետո որոշ սկաուտներ տեղափոխվեցին արտասահման, խնդիր առաջացավ կառույցը նորից վերաակտիվացնելու։ Քույր Մարո Քեշիշյանի հինգամսյա աշխատանքի արդյունքում մենք ունեցանք այն կորիզը, որի վրա հիմնվելով էլ մենք այսօր կազմակերպում ենք մեր աշխատանքները»,-ասել է Ա. Թահմասյանը։

Նրա խոսքով՝ կառույցն այսօր ոչ թե առաջնորդվում է քանակական աճ ապահովելու ուղղությամբ, այլ տեսական և գործնական գիտելիքներով օժտված սկաուտներ պատրաստելու ուղղությամբ։

«Հատկապես այս բանակումին, թեկուզ և սեղմ ժամանակաընթացքում, ծրագրեցինք և կարողացանք իրականացնել մեր առջև դրած նպատակները։ Սկաուտները պետք է գիտելիքներ ունենան թե՛ գործնական, թե՛ տեսական, որոնք հետագայում անպայմանորեն ստուգվում են քննությունների միջոցով»,-նշել է նա։

Ա. Թահմասյանի խոսքով՝ բանակումի նպատակը վարիչ-առաջնորդներ պատրաստելն էր։ «Մեր գործը նրանց սովորել սովորեցնելն էր։ Բանակումի ընթացքում հիմնականում ազգային գաղափարոխոսության և կարգապահության վրա ենք կենտրոնացնել։ Նրանք սովորել են ենթարկվել հրամաններին, անհարկի չխոսել, ավելի շատ լսել, ընկալել, սովորել են դիմանալ դժվարություններին ու կոփվել։

Բանակումի ընթացքում ձեռք բերված հմտություններով՝ առաջնորդները մեր վերահսկողությամբ կազմակերպելու են բանակում, և արդեն իրենք պետք է իրենց գիտելիքները փոխանցեն նորեկներին»,-ասել է Ա. Թահմասյանը։

Նա ճամբարն արդյունավետ համարեց՝ հաշվի առնելով կարճ ժամանակամիջոցում տեսանելի առաջխաղացումը, համարելով, որ բացթողումներ բոլորի մոտ են լինում։

Խոսելով սկաուտների ոգևորության և առաջ գնալու ձգտման մասին՝ Ա. Թահմասյանը նշեց, որ առաջնորդների հետ առանձին հանդիպումները ստիպում են մյուսներին, որ ցանկություն ունենան նմանվել նրանց։

«Աստիճաններով բարձրանալու համար նրանք պետք է սովորեն և համապատասխան գիտելիքներ ունենան։ Շաբաթական ծրագրեր ունենք տեսական և գործնական դասընթացներով, որոնք ամփոփվում են քննությունների միջոցով։ Այդ ամենից բացի, նրանց կարգապահությանն ենք ուշադրություն դարձնում՝ նախքան կոչումը բարձրացնելը»,-եզրափակել է նա։

Վահագն Խաչատրյան