կարևոր
4492 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-08 11:49
Քաղաքական

Քննարկվել է ՔՊ-ն ընդլայնելու հարցը. մասսայական կուսակցություն դառնալու ճանապարհին․ «Հրապարակ»

Քննարկվել է ՔՊ-ն ընդլայնելու հարցը. մասսայական կուսակցություն դառնալու ճանապարհին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Քաղպայմանագիրն» ակտիվ կուսակցաշինական աշխատանքներով են զբաղված։ Կուսակցության ակտիվի վերջին մի քանի նիստերի օրակարգում բացառապես կուսակցական հարցեր են եղել: Կուսակցության առաջնորդը որոշել է ՔՊ-ն էլ ավելի ամրապնդել, ուժեղացնել, ընդարձակել, բնականաբար` իշխանությունը պահելու առաջնային օրակարգով։ Մինչդեռ թվում էր՝ մեր օրերում իշխանության ղեկին հայտնվածների թիվ մեկ եւ միակ խնդիրը Արցախին ու Հայաստանին սպառնացող վտանգները, ստեղծված ծանր վիճակից դուրս գալու ուղիների քննարկումը պետք է լինեին։
Նախօրեին ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստի թեման եղել է «Կուսակցության զարգացման ռազմավարությունը», նիստը գլխավորել է Փաշինյանը, մասնակցել է կուսակցության ծանր հրետանին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՔՊ վարչության երկու փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը, որոնք վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներն են դարձել` ինչպես ուզում, նրանց այնպես էլ ծառայեցնում է իր նպատակներին: Ներկա են եղել նաեւ Երեւանի քաղաքապետացու Տիգրան Ավինյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, անգամ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն է ներկա գտնվել, ով հազվադեպ է կուսակցական մեծ մասշտաբով հավաքներին մասնակցում։

Երկու ժամից ավելի ՔՊ-ականները մանր-մանր քննարկել են կուսակցության ապագան՝ ինչպես հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավել իրենց շարքերը: Ոմանք կողմ են եղել, որ ՔՊ-ն դառնա մեծ մասսայական կուսակցություն, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն էր, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում անգամ օրորոցի երեխաները ՀՀԿ-ի անդամատոմս ունեին, եւ դեպի որեւէ պաշտոն տանող միակ ճանապարհը Մելիք Ադամյանում «մկրտություն» ստանալն էր։ Մեզ ասացին, որ այս խոսակցությունը պայմանավորված է նրանով, որ կուսակցության համագումարի պահանջի համաձայն, ՔՊ-ն պետք է մոտ երկու ամսում կուսակցության ռազմավարությունը մշակի եւ մի քանի հարցի պատասխան տա՝ արդյոք հարկավո՞ր է թիվ ֆիքսել, թե առավելագույնը քանի հոգուց պետք է բաղկացած լինի կուսակցությունը, դառնա՞լ մասսայական կուսակցություն, թե՞ մնալ գաղափարական քայլիստների խմբակ, եւ ի՞նչ պայմաններ են հարկավոր՝ նախընտրած մոդելը զարգացնելու համար։

Գաղտնիք չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո ՔՊ-ում մասսայական արտահոսք սկսվեց, եւ եթե մինչ այդ ուղղակի մարդկանց չէին ընդունում իրենց շարքերը, այսպես ասած` ֆիլտրում էին, քաստինգներ անում, ապա պատերազմից հետո ցանկացողների քանակն իսպառ նվազեց, եւ, լավատեսական տվյալներով, այժմ այդ կուսակցությունը մոտ 2 հազար անդամ ունի` պլյուս-մինուս 50 հոգի: Չնայած կուսակցությունից հրապարակային հայտարարությունների ժամանակ ասվում է այդ թվի կրկնապատիկը։ Նախօրեի նիստի ընթացքում տարբեր ՔՊ-ականներ տարբեր թվեր են նշել, թե որքան են պատկերացնում ուժեղ կուսակցության թվաքանակը, եւ ինչ է պետք՝ դա ունենալու համար: Մեկը հինգ հազար թիվն է հնչեցրել, մյուսը` տասը, Պապիկյանն ու Սասուն Միքայելյանը, այսպես կոչված, մասսայական կուսակցության կողմնակից են եղել՝ ասելով, որ պետք է գայթակղիչ պայմաններ ստեղծել ու իրենց շարքերը ներգրավել բոլոր ցանկացողներին, այլ ոչ թե տարբեր արգելքներ ստեղծել, քաստինգներ անել, ինչպես արվում էր նախկինում։

Ի դեպ, մեր աղբյուրների պնդմամբ՝ այս պահին ՔՊ մտնելու հինգ հարյուր հայտ կա, որը պետք է վարչությունը քննի: Մասսայական կուսակցության կողմնակիցներն առաջարկել են բոլորին էլ հավանություն տալ ու բոլորին ընդառաջել: Հասկանալի է, որ այդ մարդիկ ՔՊ-ն դիտում են որպես զբաղվածության ծառայություն եւ կուսակցություն մտնում են այս կամ այն պետական հիմնարկում աշխատանքի անցնելու համար: ՔՊ վերնախավում ոմանք դա հասկանում են եւ հասկանում են նաեւ, որ դա է ուժեղ ու ազդեցիկ կուսակցություն ունենալու ճանապարհը։ Սակայն այս տեսակետը չեն ողջունել մյուսները՝ նշելով, որ կուսակցությունը կդառնա պատեհապաշտների խմբակ, ու ՔՊ կմտնեն ոչ թե գաղափարի, այլ պաշտոն, եկամուտ, հնարավորություններ ստանալու նպատակով, եւ թեթեւ քամուց կուսակցությունը կփլվի, ինչպես եղավ ՀՀԿ-ի ժամանակ, երբ Կարեն Կարապետյանի հետ մի գիշերում 7 հազար հոգի՝ «Գազպրոմի» աշխատակիցներ, ՀՀԿ-ական դարձան եւ հետո մի գիշերում էլ դուրս եկան, երբ Կարապետյանը հեռացավ։

Ինքը՝ Փաշինյանը, կողմ չի եղել մասսայական կուսակցության տարբերակին՝ ասելով, որ ՔՊ-ն կդառնա էլիտար կլուբ, ու առաջարկել է գտնել ոսկե միջինը, որ չլինի ո՛չ գաղափարական քայլիստների խմբակ, ո՛չ էլ մասսայական կուսակցության։ Սակայն նա հատկապես կարեւորել է կանանց՝ պետական կառավարման համակարգում ներգրավվածության խնդիրը եւ նիստի կեսից ավելին նվիրել է այդ խնդրին՝ ասելով, որ կուսակցությունում եւ պետական ապարատում թեպետ իրենց հաջողվել է ապահովել գենդերային խնդիրը՝ 30 տոկոսը կանայք են, սակայն դա քիչ է, առաջարկել է, որ բոլոր պարագաներում, երբ ընտրության առաջ են կանգնում, նախապատվությունը տան կանանց՝ կլինի դա կուսակցության ներսում, թե որեւէ աշխատանքի ու պաշտոնի  առումով։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր կին կադրերից, ասենք՝ գլխավոր դատախազից, առողջապահության եւ կրթության նախարարներից, կին պատգամավորներից: Նրանք, ըստ ամենայնի, ավելի հավատարմորեն ու հնազանդ են ծառայում, քան տղամարդիկ: Իհարկե, այստեղ կա նաեւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի դերը: Նիկոլ Փաշինյանը հիացած է իր կնոջ որակներով եւ չի թաքցնում, որ նա մեծ ազդեցություն ունի իր վրա, եւ, փաստորեն, առաջարկում է բոլոր տղամարդկանց՝ ենթարկվել կանանց եւ ընդունել նրանց առաջատարությունն իրենց նկատմամբ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում