կարևոր
2521 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-21 19:25
Հասարակություն

Մշակույթն ու քաղաքականությունն իմ սիրելի, զուգահեռ, չընդհատվող, բայց լրացնող «ես»–եր են․ Լիլիթ Գալստյան

Մշակույթն ու քաղաքականությունն իմ սիրելի, զուգահեռ, չընդհատվող, բայց լրացնող «ես»–եր են․ Լիլիթ Գալստյան

Aravot.am-ի հարցազրույցը հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ է:

-Լույս է տեսել «XX դար․ ռուսական պոեզիայի ընտրանի»-ն՝ ձեր թարգմանությամբ։ Խնդրում եմ ներկայացնեք,թե ինչպես է ծնվել գիրքը. Դուք բազմազբաղ պատգամավոր եք, եւ հետո՝ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները չե՞ն խանգարել ստեղծագործական աշխատանքին:

-Երբ փոքր էի, մտածում էի, որ մեծանամ՝ գրող եմ դառնալու։ Ոգեղեն ժամանակներ էին․ միջավայրն, ուր մեծանում էի/էինք՝ գրողն ու գրականությունը արժեք էին, խղճի ու բարոյականության չափանիշ։ Հետո մեծացա ու տարվեցի Սարոյանով, Հեմինգուեյին սիրեցի, ճանաչեցի Մաթևոսյանին ու Ռազմիկ Դավոյանին։ Նրանց տաղանդը ճնշեց, չհաղթահարեցի թղթի առջև մինչև վերջ անկեղծանալու համարձակությունը։ Գրող չդարձա, բայց բառի ու նախադասության նկատմամբ պաշտամունքս չմեռավ։ Բառը ուժ ունի, էներգիա․․․Գտնված բառի ու նախադասության հաճույքը գտա թարգմանության մեջ։ Ինձ համոզել էր նաև Պուշկինի՝ «Թարգմանիչները քաղաքակրթության փոստատար ձիերն են» խոսքը։ Համոզված էի, որ լավ եմ թարգմանում, համաձայն էի լինել այդ փոստատարը․․․ ։

Դեռ ուսանողական տարիներից են տպագրվել թարգմանություններս։ Այն ժամանակ՝ հետխորհրդային շրջանում, XX դարի ամերիկյան արձակն էր ինձ գրավում։ «Գարուն»-ում էի տպագրվում։ Անգլերենից՝ բնօրինակից, թարգմանությունները քիչ էին։ Հետագայում դրանք ամփոփվեցին՝ «Ապոլլոն» մատենաշարով հրատարակվեց «11 պատմվածք և 1 պիես» ամերիկյան արձակի ժողովածուն։ Ավելի ուշ լույս տեսավ «XX դարի անգլիագիր արձակ» ժողովածուն, ուր համաշխարհային համբավ ունեցող շատ երևելիներ առաջին անգամ էին ներկայացվում հայ ընթերցողին․ Մ․ Էթվուդ, Ա․ Մունրո, Վի․ Էս․ Նեյոփըլ, Ն․ Գորդիմըր և ուրիշներ։ Ի դեպ, կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար մրցանակ եմ ստացել․․․

Թարգմանություններս լույս են տեսել նաև այլ ժողովածուներով, առանձին լույս է տեսել Սարոյանի «Հայ մուկը» իմ թարգմանությամբ։

Գուցե տարօրինակ հնչի, բայց սիրում եմ քաղաքականությունը։ Դա էլ է իմը։ Մշակույթն ու քաղաքականությունը իմ սիրելի, զուգահեռ եւ կարծես չընդհատվող, բայց լրացնող «ես»–եր են։ Այդպես գուցե սիրեի ու նվիրվեի սեփական զավակներիս։

Հիմա քաղաքականությունը շատ դառն է, անգամ՝ անպտուղ․․․բայց մենք նրան դարձրինք այդպիսին․․․

Ժողովածուն կազմել և թարգմանել էի դեռ պատերազմից առաջ, ու ձեռքս չէր գնում տպարան հասցնել․․․տրամադրություն չկար․․․նույնիսկ հիմա չկա, երբ շոշափում եմ ու մեկիկ- մեկիկ հիշում ամեն տողի ծնունդը․․․

Հա․․․բայց գրականության ու մշակույթի մեջ մի քիչ զուլալվում եմ, հայացքս ժամանակավոր մաքրում, տաղանդավոր մարդիկ ինձ ուժ են տալիս, ապրելու, մեզանից չհիասթափվելու հավատ․․․ Տաղանդներ շատ ունենք։

-Ինչո՞վ է այս ժողովածուն առանձնահատուկ: Որոշ նմուշներ արդեն իսկ հրապարակել եք ֆեյսբուքի ձեր էջում:

-Ինձ համար էլ էր անսպասելի անգլիագիր արձակից ռուսական պոեզիային անցումը։ Հիմա հասկանում եմ, որ արձակն անհոգ ժամանակներում եմ թարգմանել, ուրիշ արագությունների և ուրիշ աշխարհափիլիսոփայության մեջ։ Ժամանակը դանդաղ էր վազում․․․մանրամասն ապրելու, լուսավոր ժամանակներ էին։ Սա հիմա եմ հասկանում․․․

Պոեզիայի խտությունն ու թափը այլ է, բառի ու փիլիսոփայության այլ տարածաչափություն է պոեզիան։ Իհարկե, խոսքն ընտիր պոեզիայի մասին է։ Իսկ ռուսական պոեզիան այդպիսին է։ Երբ հասկացա, որ ստացվում է, պարզապես կլանվեցի․․հետո՝ բանաստեղծական թարգմանությունների ծնունդը ապրելու հաճույքը ստիպեց, հետո՝ մեր դառը ժամանակները խլացնելու ու էս ցեխի մեջ չխեղդվելու պահանջը․․․

Մի տեսակ իմը XX դարն է․ քաոսը, արժեքային ցնցումները դեռ չէին սկսվել, մարդկայինը շատ է․․․

XX դարի ռուսական պոեզիայի երևելիներն եմ ընտրել, նշանայիններին, տասնութ բանաստեղծ՝ Անդրեյ Բելուց մինչև Բրոդսկի։ Բանաստեղծությունները պարզապես թարգմանչի ընտրությունն են, հաճախ այդ պահի տրամադրության, կամ բանաստեղծական երաժշտությունը փոխանցելու ինքնավստահությամբ թելադրված։ Թարգմանելիս, ուզես թե ոչ՝ մեկանում ես հեղինակի հետ, քո ապրումի գեղարվեստական արտացոլանքը տեսնում․․․ Արձակն այս իմաստով երեւի ավելի սահմանափակ է․․․Համ էլ արձակ թարգմանելու խաղաղությունն էլ չունեմ․․․

-Կա՞ն ստեղծագործություններ, որոնք թարգմանելիս մի ուրիշ զգացողություն եք ունեցել եւ դրանք թանկ են ձեզ համար ինչ-ինչ պատճառներով:

-Թանկ են մի շարք իմաստներով․ իմ կյանքի ինչ-որ հատվածի կնիքն ունեն․․․հետո եկավ պատերազմն ու չգնաց․․․Երկու տարի գիրքն իր ծնունդին էր սպասում։

Անչափ շոյված եմ և շնորհակալ, որ գրքի առաջաբանը Խաչիկ Մանուկյանինն է, ձևավորումը՝ Մկրտիչ Մաթևոսյանինը, խմբագիրը Վահե Արսենն է, սրբագրել է Անժելա Ավագյանը։ Ուրախ կլինեմ, եթե ընթերցողը գնահատի։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Աղբյուրը՝ aravot.am