|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով երկրում վերջին զարգացումերի վերաբերյալ: Մայր Աթոռից նշել են, որ մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։
Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։
Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։
Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին», - նշված է հայտարարության մեջ: