կարևոր
2704 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-30 15:55
Քաղաքական

Այո, ես համարում եմ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային, բայց խնդրի դեպքում պետք չէ աչք փակել․ Նաիրի Հոխիկյան

Այո, ես համարում եմ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային, բայց խնդրի դեպքում պետք չէ աչք փակել․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Վերջին երկու օրերի իմ հրապարակային խոսքը տարակուսանք է առաջացրել որոշ մարդկանց մոտ' մտածելով, թե իբրև ես կարող եմ ճամբարափոխ լինել կամ սկսել հակառուսական դիրքերից խոսել։

Իրականում իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ Ռուսաստանը համարել մեզ համար դաշնակցային երկիր, շարունակում եմ համարել, որ ռուս խաղաղապահները անչափ կարևոր դեր են կատարում Արցախում և պետք է շարունակեն մնալ այնտեղ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է կույր լինենք և մեր դաշնակցին չներկայացնենք եղած խնդիրները։

Խնդիրների մասին խոսել և նաև դժգոհություն ներկայացնել, չի նշանակում թշնամանալ։ Խնդիրները հարթելով են բարեկամ մնում, ոչ թե դրանց վրա աչք փակելով։

Այո, ես համարում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային են և պետք է այդպես մնան, բայց երբ 22 տարեկան հայ ուսանողին ադրբեջանցիները անօրինական անցակետում ծեծում են ռուս խաղաղապահների աչքի առաջ, և երբ նա օգնություն է աղերսում, փորձում թաքնվել ռուսների թիկունքում, իսկ նրանք ոչնչով չեն օգնում, ապա պետք է նաև դա ասել և չփակել աչքերը։

Ի վերջո, յուրաքանչյուր հայի համար առաջին հերթին իր երկրի շահը պետք է կարևորվի, ոչ թե այս կամ այն գերտերությանը դուր գալ կամ չգալ։ Գերտերությունների մի սխալ քայլից փոքր երկրները կարող են կործանվել, իսկ իրենք առավելագույնը կարող են փոքրիկ կորուստներ ունենալ, հետևաբար, կրկնում եմ, մեզ համար պիտի ուղենիշ վերցնենք առաջին հերթին մեր երկրի ազգային պետական շահը' դաշնակիցների ու բարեկամների հետ բաց խոսակցության համատեքստում։

Այնպես որ, ես հակառուս չեմ, թեպետ կարծում եմ, որ Ռուսաստանը իր մոտեցումները Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցերում պետք է վերանայի և որպես հիմք ընդունի ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, այլ Հայաստանի ժողովրդի ցանկությունները»։