կարևոր
2989 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-17 14:40
Աշխարհ

Աճում է Ադրբեջանից ՄԻԵԴ դիմումների թիվը

Աճում է Ադրբեջանից ՄԻԵԴ դիմումների թիվը

Աճում է Ադրբեջանից ՄԻԵԴ դիմումների թիվը, ինչպես նաեւ այն դիմումների քանակը, որոնք քննարկման են սպասում։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանի վերաբերյալ որոշումների մոնիթորինգի խմբի ղեկավար, իրավաբան Հալիդ Աղալիեւը, հաղորդում է Turan-ը։

ՄԻԵԴ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր իրենց քննությանը սպասում է Ադրբեջանից 2200 դիմում։

Դա ավելին է, քան նախորդ տարիներին։ Այսպիսով, 2021 թվականի վերջին քննարկումներին սպասում էին 2092 դիմում Ադրբեջանից, 2020-ի վերջին՝ 2040, իսկ 2019-ին՝ 1950 դիմում։

Այս ցուցանիշով Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի երկրների շարքում զբաղեցնում է 8-րդ տեղը։

Ընդհանուր առմամբ ամբողջ Եվրոպայում ՄԻԵԴ դիմումների թիվն աճում է։ Ամենից շատ քաղաքացիները բողոքում են արդար դատաքննության իրավունքի խախտումից։ Դրան հաջորդում են անձնական անձեռնմխելիության ազատության իրավունքի խախտման եւ, մասնավորապես, կամայական ձերբակալությունների վերաբերյալ բողոքները։ Այս տարվա փետրվարի սկզբին ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ վերջին 20 տարում ՄԻԵԴ-ը Ադրբեջանի վերաբերյալ ավելի քան 200 որոշում է կայացրել: