Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախի շուրջ դրամատիկ զարգացումները կուլմինացիային են հասել։ Կիրակի օրը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարվեց, որ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախի հետ միասին, հաջորդ օրը Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն Արցախում հանրահավաք հրավիրեց, որի նպատակը, ըստ արցախցիների, երկրի ներսում վիճակն ապակայունացնելն ու իշխանություն վերցնելն է։ Մի քանի ամիս է` գրում ենք, որ Բաբայանն իշխանություն է ուզում, եւ նա ոչ միայն չի հերքում, այլեւ խոստովանում է, որ պետնախարարի պաշտոն է ուզում, որպեսզի Արցախը «փրկի»։ Սակայն Բաբայանի վերջին շրջանի հայտարարությունները հուշում են, որ իշխանություն ստանձնելուց հետո ոչ թե Արցախը փրկվելու է, այլ Ադրբեջանին ինտեգրվելը դառնալու է մոտ ապագայի հարց։
Բաբայանը հանդես է գալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների առավել մեղմ դիրքորոշումներով: Դիցուք, նա դեմ չէ, որ ադրբեջանցի գործարարներին Արցախ հրավիրեն, հանքավայրերի շահագործման հարցում Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցեն, միաժամանակ դժգոհություն է հայտնում ռուս խաղաղապահներից՝ նույնիսկ ասելով, որ եթե բան չեն անում, թող հեռանան եւ այլն։
Արցախում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն է Բաբայանին գործուղել Ստեփանակերտ՝ իշխանությունն Արայիկ Հարությունյանից վերցնելու, Արցախի` Ադրբեջանին փոխանցումը սահուն իրականացնելու համար։ Շաբաթներ առաջ էլ Փաշինյանի ճնշմամբ Արցախի նախագահը մի անհեթեթ խորհրդատվական մարմին ստեղծեց, որի ղեկավար նշանակեց ՀՀ վարչախմբի հետ սերտ կապեր ունեցող, սորոսականի համարում ունեցող Տիգրան Պետրոսյանին, ով Բաբայանի հետ մտերիմ է։ Նրանց հետ է նաեւ մեկ այլ ակտիվ սորոսական` Հայկ Խանումյանը, ով ամիսներ առաջ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատվեց քրեական հայտնի գործի պատճառով։ Բաբայանի քաղաքական կապիտալը, կարելի է ասել, Փաշինյանի «դրածոներն» են:
Մեզ ասացին, որ Բաբայանի գաղափարակիցներից է դարձել նաեւ Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը, ով ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր, սակայն այդ փաստը գաղտնի էր պահվում, քանի որ Լալայանը բացակայում էր երկրից, իսկ դրանից հետո՝ ցայսօր, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խորհրդականն է։ Թեեւ Լալայանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ հականիկոլական կեցվածքով: Այլ՝ նախկին կամ ներկա քաղգործիչներ ներգրավված չեն Բաբայանի թիմում: Արցախում խոսում են, որ Բաբայանի հետ ճանապարհ անցնելը կնշանակի ճակատին դրոշմել Նիկոլի հետ լինելու խարանը, ասվածի վկայությունը նախօրեի հանրահավաքն էր․ հարթակի միակ հայտնի բանախոսը Բաբայանն էր, հրավիրված էր Արթուր Թովմասյանը՝ ԱԺ նախագահը, մյուսներն անհայտ անձինք էին։ Բացի այդ, շատերը լուրջ կասկածներ ունեն, որ Փաշինյանը Բաբայանին գործուղել է Արցախի հանձնման վերջին արարն իրականացնելու ծրագրով։
Սամվել Բաբայանը տեւական ժամանակ նախապատրաստվում էր նախօրեի հանրահավաքին։ Դեռեւս անցած տարեվերջին նա տեղափոխվել է Արցախ, ապա սկսել է մասնակցել Արցախի մատակարարումներին` նրա ընտանիքի ձեռքում է կենտրոնացած մսի ներկրման բիզնեսը: Իսկ վերջին մի քանի ամիսներին նա ակտիվ հանդիպումներ-քննարկումներ էր նախաձեռնում, փորձում աջակիցներ հավաքել, վերականգնել պատերազմից հետո կորցրած վստահությունը, որը, ինչպես երեւում է, այդքան էլ հեշտ գործ չէ, արցախցիները Բաբայանին նույնականացնում են Արցախն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ, եւ հանրային վստահության դեֆիցիտն ակնհայտ դարձավ նաեւ նախօրեի հանրահավաքին, որին, տարբեր գնահատականներով, 800-1000 մարդ էր մասնակցում։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն այլ ակնկալիքներ ուներ՝ առնվազն 2-3 հազար մարդ փողոց հանելու: Ըստ նրա հաշվարկի՝ թիվն ընթացքում էլ պետք է ավելանար։
Ընդ որում՝ Արցախի մեր աղբյուրները պատմում են, որ հանրահավաքից առաջ նա նախապես հոգացել էր մարդկանց տեղափոխման հարցը՝ անվճար բենզին էր բաժանել, ասել, որ սննդի հարցն էլ կապահովի։ Նկատենք նաեւ, որ երեկ հրապարակում հավաքվածների պահանջներն ու ակնկալիքները տարբեր էին. ոմանց հուզում էր նախօրեի բրյուսելյան հանդիպումը, եւ թիրախում Փաշինյանն էր, ոմանք էլ պաշտոն ստանալու ակնկալիքով էին հրապարակ դուրս եկել։ Կային նաեւ այնպիսիք, ովքեր լավ չէին հասկանում, թե ինչ է կատարվում։
Ինչ վերաբերում է Բաբայանի ելույթին, ապա այն ոչ այնքան ծրագրային էր, որքան ուլտիմատում եւ սպառնալիքներ էր պարունակում` ուղղված Արցախի իշխանություններին։
Բաբայանը երկու ժամ ժամանակ տվեց ԱՀ իշխանություններին՝ եթե իրեն չնշանակեն պետնախարար, ապա այլ գործողությունների կդիմեն, կփակեն Արցախի պետական գերատեսչությունների մուտքերը: Գրեթե նույն տեխնոլոգիաները, ինչ 2018-ին Նիկոլ Փաշինյանը կիրառեց Հայաստանում` իշխանության գալու համար։ Ապա 2 ժամ հետո հարթակ բարձրացավ՝ հայտարարելով, որ իշխանություններից պատասխան է ստացել, սկսվում է կոնսուլտացիաների փուլ` ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմադիրների հետ, որը կտեւի 10 օր, եթե քաղաքական դաշտում կոնսենսուս չձեւավորվի իր՝ պետնախարար նշանակվելու հարցի շուրջ, կվերսկսեն իրենց գործողությունները։
Նկատենք, որ Բաբայանն իր ելույթում հպանցիկ խոսեց բրյուսելյան վերջին հանդիպման մասին՝ ըստ էության, չքննադատելով Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանին։ «Գլխավոր խնդիրը ո՞րն է։ Խնդիրն այն է, որ երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 600 քառակուսի կմ տարածք ունի, որտեղ եւ ընդգրկված է նաեւ Ղարաբաղը, իսկ Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը։ Ճանաչում է, բայց դա իր իրավունքն է։ Մենք պիտի գնանք մեր ճանապարհով։ Ես ուզում եմ ձեւակերպել այն հինգ կետերը, որոնք պիտի մեր երկրում անհապաղ կատարվեն։ Դա պաշտպանությունն է՝ առաջին հերթին։ Առանց դրա ոչինչ չեն կարող անել։ Պրոֆեսիոնալ բանակով պաշտպանություն պիտի ունենանք, այլ ոչ թե խմբերով, ջոկատներով։ Երկրորդը դեմոգրաֆիան վերականգնելն է։ Երրորդը թոշակառուների խնդիրը լուծելն է, որ այս վիճակից դուրս գան մարդիկ։ Երկիրը պիտի դուրս գա, զարգացող ու ապագա ունենա։ Եթե սա չլինի, մենք չենք կարողանալու այստեղ ապրել։ Մենք կորցնելու ենք Արցախը, եթե սա չլուծենք»,- հավելեց նա։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում