կարևոր
6916 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-06 17:50
Քաղաքական

Աղէտ, որը կարող է պատուհասել մեզ Վաշինգտոնից

Աղէտ, որը կարող է պատուհասել մեզ Վաշինգտոնից

Իշխանութեան գալուց յետոյ, անդրադառնալով ԼՂ հակամարտութեանը, Նիկոլ Փաշինեանն սկզբում ասում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ մեր ժողովուրդը ոչինչ չունի զիջելու եւ ինքն է որոշելու:

Աւելի ուշ, երբ բացայայտեց, թէ Բաքւի բռնապետը «քաղաքակիրթ» մարդ է, որի հետ հնարաւոր է բանակցել եւ հասնել հակամարտութեան խաղաղ լուծման, նա միանգամից վերանայեց իր «սկզբունքային» դիրքորոշումը՝ յայտարարելով. «Որոշումները պէտք է ընդունելի լինեն Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Արցախի ժողովրդի համար»:

Իսկ հիմա, երբ յանձնել է Արցախը՝ ազատւելով «ծանր բեռից», երբ արդէն խօսք անգամ չկայ Հայաստանի եւ Արցախի շահերի մասին, երբ Հայաստանի եւ Արցախի ժողովրդների պահանջներն առ ոչինչ են յայտարարւած, Փաշինեանն յայտարարում է, թէ. «Խաղաղութեան հասնելու մեր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել»:

Նրա նման յայտարարութիւնը փաստացի խոստովանութիւն է այն մասին, որ.

ա-Այսպէս կոչւած «խաղաղութեան» պայմանագրի այն տարբերակը, որն այսօր բանակցւում է թշնամու հետ, ընդունելի չի լինելու եւ մերժւելու է հայ ժողովրդի մեծամասնութեան կողմից,

բ-ինքը եւ իր գլխաւորած քաղաքական թիմը վերջնականապէս ադրբեջանաթուրքական ակցանի մէջ են առնւած իրենց իսկ վարած անվտանգային եւ դիւանագիտական դիլետանտ եւ անսկզբունք քաղաքական արդիւնքում,

գ-իսկ ամենակարեւորը՝ անցեալ երեք տարիների ընթացքում, ՀՀ գործող իշխանութիւնների կողմից կատարւած տարածքային, դիրքային եւ սկզբունքային միակողմանի զիջումներն այլեւս չեն բաւարարում թշնամուն, եւ որ նա ցանկանում է ձեռք բերել հնարաւոր առաւելագոյնը:

Եւ հէնց Փաշինեանի այս վերջին յայտարարութեան ֆոնին է, որ անհարժեշտ է անդրադառնալ օրերս ԱՄՆ պետքարտուղարի միջնորդութեամբ եւ աչալուրջ վերահսկողութեամբ, 4 օր տեւած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ ընթացող բանակցութիւններին, որի ընթացքում քննարկւել են «Յարաբերութիւնների կարգաւորման համաձայնութիւն» փաստաթղթին առնչւող հարցեր:

Նախ, պէտք է նշենք, որ բանակցութիւնների ողջ ընթացքում ակնյայտ էր, որ պաշտօնական Վաշինգտոնը փորձում է հնարաւորինս գործընթացն արագացնել եւ հասնել երկու երկրների ղեկավարների մակարդակով առաջիկայ հանդիպման ընթացքում փաստաթղթի ստորագրման:

Իսկ յետոյ ուշադրութիւն է պէտք դարձնել յատկապէս այն նպատակներին, որոնց ըստ տարբեր աղբիւրների փոխանցմամբ՝ ձգտում է հասնել Վաշինգտոնը:

«ԱՄՆ-ը ձգտում է, որպէսզի կողմերը կարգաւորեն իրենց յարաբերութիւնները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը եւ, նոյնիսկ, իրենց հաւաքական անվտանգութիւնը տարածաշրջանում»,- ‎հաղորդել էր «Ամերիկայի ձայն»-ը որն աւելի վաղ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարութեան իր աղբիւրներին տեղեկացրել էր. «Պետքարտուղարութիւնից յայտնում են, որ քննարկւող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկւում են բազմաթիւ հարցեր, ներառեալ՝ էթնիկ փոքրամասնութիւնների իրաւունքներն ու անվտանգութիւնը»:

ԱՄՆ պետքարտուղարութեան, ինչպէս նաեւ ամերիկացի պաշտօնեաների յայտարարութիւններում կայ երկու չափազանց մտահոգիչ հանգամանք.

առաջին. դա «էթնիկ փոքրամասնութիւն» ձեւակերպումն է (թէեւ այդ մասին տեղեկատւութիւնն աւելի ուշ հեռացւել է լրատւամիջոցի կողմից):

Սա նշանակում է, որ պաշտօնական Երեւանը համաձայն է Բաքւի այն պնդմանը, որ արցախահայութեանը պէտք է դիտարկել որպէս Ադրբեջանի տարածքում ապրող էթնիկ փոքրամասնութիւն, այլ՝ ոչ թէ իր հայրենիքում ապրող ժողովրդի, որն ինքնորոշւել եւ ստեղծել է անկախ պետականութիւն:

Դրանից բացի, կարելի է ենթադրել, որ Միրզոյեանը Բայրամովի հետ քննարկել է նաեւ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը, եւ «էթնիկ փոքրամասնութիւններ» ձեւակերպումը վերաբերում է նաեւ նրանց:

Երկու կարծիք լինել չի կարող. սա լրջագոյն մարտահրաւէր է Հայաստանի, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար:

«Էթնիկ փոքրամասնութիւններ» ձեւակերպումը ոչ միայն Արցախից դէ-ֆակտօ հրաժարւելու մասին է վկայում, այլ, նաեւ, Հայաստանի արդէն իսկ կազմաքանդւած անվտանգային մթնոլորտի վերջնական ոչնչացմանն է վերաբերում:

‎երկրորդ. խօսքը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան «միասնական անվտանգային համակարգի» ստեղծման մասին ոչ պակաս մտահոգիչ ակնարկին:

Անհասկանալի է, թէ դա ի՞նչ միասնական համակարգ է, թէ ինչպէ՞ս է հնարաւոր Հայաստանին եւ Ադրբջանին պատկերացնել միեւնոյն անվտանգային համակարգում եւ, թերեւս, ամենակարեւորը. ի՞նչ նպատակներ է հետապնդելու եւ ում դէմ է ուղղւած լինելու այդ համակարգը:

Հաշւի առնելով վերը նշւած հանգամանքները, միանշանակ կարելի է պնդել, որ մեկնարկել է մի գործընթաց, որն անհամատեղելի է Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի պետական, անվտանգային եւ ազգային շահերի հետ: Անզէն աչքով անգամ կարելի է տեսնել, որ մեկնարկած գործընթացը արհաւիրք ու աղէտ է լինելու հայոց պետականութեան համար:

ՀՀ գործող իշխանութիւնները Հայաստանին ուղղակիօրէն ներքաշում են գերտէրութիւնների միջեւ ընթացող աշխարհաքաղաքական առճակատման մէջ:

Ռուսաստանի դէմ, Արեւմուտքը բոլոր ճակատներով պատրաստւում է նոր գրոհի: Ներդրւում են առաւելագոյն ջանքերը, օգտագործւում են բոլոր հնարաւորութիւնները:

Նոր ճակատը Հարաւային Կովկասն է, իսկ հնարաւոր միջոցը՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կարգաւորումը:

Չպէտք է աչքաթող անել այն հանգամանքը, որ ԼՂ հակամարտութիւնը աշխարհի ամենաանկանխատեսելիներից մէկն է: Բաւական է յիշենք, թէ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութիւնից ի վեր, կողմերը քանի՞ անգամ են մօտ եղել ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջին պահին խափանւել է:

Սցենարի նման աւարտ առաւել քան երբեւէ հնարաւոր է նաեւ այսօր, մանաւանդ, երբ թշնամին իր բոլոր նպատակներին հասնում է ուժի գործադրմամբ, իսկ ՀՀ գործող իշխանութիւնները լծւած են նրանց շահերի սպասարկմանը, ցանկութիւնների եւ պահանջների ի կատար ածմանը:

«ԱԼԻՔ»ի խմբագրական