Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ՝ հիմնականում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այցը սկսվել է Վաշինգտոնում Սենատ այցելությամբ, որտեղ կայացել է նախագահի հանդիպումը Արիզոնան, Ռոդ Այլենդը, Նյու Ջերսին ներկայացնող սենատորներ Ջոն ՄըքՔեյնի, Ջեք Ռիդի և Ռոբերտ Մենենդեսի հետ: Այնուհետև, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, նախագահն այցելել է պետքարտուղարություն, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված միջոցառումները նախատեսված են մայիսի 7-ին: Իսկ հաջորդ օրը Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու նախ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ապա նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Սերժ Սարգսյանն, այսպիսով, Մոսկվա ուղևորվելու ճանապարհին կանգառ է կատարում Վաշինգտոնում, ինչն արդեն իսկ խիստ ինտրիգային է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ներկայիս լարված հարաբերությունները: Առաջին հայացքից թվում է, թե հանդիպման պաշտոնական մասն այնքան էլ ներկայացուցչական չէ: Ի վերջո, նախագահը ոչ Սպիտակ տուն է այցելում, ոչ էլ ամենաբարձր մակարդակի հանդիպումներ ունենում: Սակայն որոշ հանգամանքներ թույլ են տալիս ենթադրելու, որ այս այցն ունի շատ ավելի ենթատեքստային բնույթ, քան թվում է առաջին հայացքից: Նախ՝ նախագահի հետ հանդիպած սենատորների թվում է եղել նաև 2000 և 2008թթ. նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու, հանրապետական կուսակցությունը ներկայացնող, թերևս ամենաազդեցիկ սենատորներից մեկը՝ Ջոն ՄըքՔեյնը: Նա աչքի է ընկնում Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու իր սկզբունքային դիրքորոշմամբ, Ռուսաստանի դեմ սուր քննադատություններով, և ամենակարևորը՝ ուկրաինական մայդանական շարժման ծավալմանն իր ունեցած անմիջական մասնակցությամբ:
Ի՞նչ կարող էր Սերժ Սարգսյանը քննարկել ՄըքՔեյնի հետ, դժվար է ասել: Սակայն հնարավոր չէ նկատի չառնել նրա հետ կապված երկու հանգամանք: Նախ՝ ուշագրավ է Մոսկվա ուղևորման ճանապարհին ԱՄՆ-ում բոլորովին էլ ոչ երկրորդական դերակատարում ունեցող նման հակառուսական տրամադրություններ կրող ֆիգուրի հետ հանդիպելու փաստը: Երկրորդ ՝չպետք է անտեսել, որ հաջորդ տարի սեպտեմբերին ԱՄՆ-ում կայանալու են նախագահական ընտրություններ: Հաշվի առնելով ամերիկյան ընտրությունների անցած փորձը, ավանդույթները՝ մեծ է հավանականությունը, որ ներկայիս դեմոկրատ նախագահի երկու ժամկետով պաշտոնավարելուց հետո հաջորդ նախագահը կարող է լինել հանրապետական: Եվ եթե անգամ ՄըքՔեյնն երրորդ անգամ էլ չփորձի մասնակցել նախագահական մարաթոնին, իշխանության փոփոխության դեպքում արտաքին քաղաքական կուրսի վերանայումների վրա նրա հնարավոր ազդեցությունը չի կարելի թերագնահատել: Երրորդ՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ԵՀԱԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպելու համար է այցելել պետքարտուղարություն: Սա տարակուսելի է, որովհետև այնքան էլ համոզիչ չի թվում, թե նախագահը կարող էր միայն ԱՄՆ դիվանագիտական երրորդ ռանգի պաշտոնյայի հետ հանդիպման համար (որքան էլ նա ներկայացնի Մինսկի խումբը) ինքը գնար նրա գրասենյակ, որքան էլ այն գտնվեր Պետքարտուղարությունում: Մնում է ենթադրել, որ Պետդեպում Ուորլիքի հետ հանդիպումը միայն այսբերգի երևացող մասն է...
Եվ վերջապես չորրորդ՝ նախապես ոչ պաշտոնապես հայտարարվել էր, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում է գտնվելու ընդհուպ մինչև մայիսի 9-ը, այսինքն՝ Մոսկվա է մեկնելու միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, քանի որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պլանավորված է անցկացնել դրա նախորդ օրը՝ մայիսի 8-ին: Այլ կերպ ասած՝ նախնական շրջանում նախագահի ամերիկյան այցը պատճառ, կամ ավելի ճիշտ պատրվակ էր դարձվում Եվրասիական տնտեսական միության ղեկավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի մասնակցությունը հնարավոր չդարձնելու համար: Սա այլ կերպ, քան ԵՏՄ-ի և դրա հիմնադիր անդամների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող անհարգալից, նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ ուղղակի դեմարշ, հնարավոր չէր լինի որակել:
Այս տարբերակից, Երևանը, փաստորեն հրաժարվել է՝ նախընտրելով իր անբավարարությունը և «նեղացածությունը» վաշինգտոնյան այս հանդիպումներով հասկանալի դարձնելու փափուկ տարբերակը: Սերժ Սարգսյանը, փաստորեն, Ռուսաստան է մեկնում՝ նախապես Վաշինգտոնից Մոսկվային անուղղակի, ոչ այդքան հաճելի ուղերձներ հղելով, որոնց իմաստը ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ Երևանի կողմից սուվերենություն և ինքնուրույնություն խաղալու հակվածության, այլև արտաքին քաղաքական վեկտորները փոխելու, առնվազն հավասարակշռելու ցանկության համեստ ցուցադրությունն է: Սերժ Սարգսյանը Վաշինգտոնից Մոսկվային փորձում է հասկացնել, որ չի ընդունում ԵՏՄ-ում իրեն վերապահվող՝ նետված փշրանքներով բավարարվողի կարգավիճակը:
Թերևս պատահական չէր, որ հենց նախագահի ամերիկյան այցի համատեքստում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից հայտարարվեց և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի կողմից հաստատվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այս շաբաթ առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր ստորագրելու փաստը: Դրանով կարծես փորձ է արվում ընդգծելու, որ ԱՄՆ-ն Հայաստանի համար անում է այն, ինչը վերջինս ակնկալում է ԵՏՄ-ից և դրա անդամ հանդիսացող իր «գործընկերներից», բայց այդպես էլ չի ստանում: Դրա ենթատեքստն առավել քան ակնառու է. մինչ Ռուսաստանը Հայաստանին ԵՏՄ-ի շրջանակում կապկպել է ոչ մի առարկայական բան չտվող խոստումներով, ԱՄՆ-ն, առանց որևէ պարտավորություն ունենալու, իրական օգնության ձեռք է մեկնում Հայաստանին: Այս ամենն, իհարկե, առաջին հայացքից թվում է ճկուն քաղաքականության դրսևորման արգասիք: Բայց գործնականում սա դեռ ոչինչ չի նշանակում: Որովհետև «մեծ պատառ» պոկելը և դեպի բերանը տանելը դեռ բավարար չէ: Դեռ պետք է կարողանալ այդ պատառը կուլ տալ: Եվ Մոսկվայում կպարզվի՝ կկարողանա՞ Երևանը կուլ տալ ամերիկյան այս «վոյաժների» հետևանքները, թե՞ այն կմնա նրա կոկորդում, ինչպես մնաց ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը...
Գևորգ Աղաբաբյան