կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 13:33
Քաղաքական

Առավել քան երբևէ շեշտը դնել պահանջատիրության վրա

Առավել քան երբևէ շեշտը դնել պահանջատիրության վրա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողներին ասաց, որ Հռոմի պապի մատուցած պատարագը և ուղերձը, որով նա կոչ արեց Թուրքիային` առերեսվել սեփական պատմության հետ, եղավ այն «ցունամին», որից Թուրքիան վախենում էր:

 

Խոսելով քաղաքական գնահատականների մասին՝ Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Թուրքիան իր վարած քաղաքականության արդյունքում տապալեց սեփական կառավարության կողմից կազմակերպվող` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները: «Թուրքիան տապալեց իր իսկ նախաձեռնությունը՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցի միջոցառումները: Առանց գիտակցելու, որոշակի հակահարված տալով Պապի մատուցած պատարագին, Թուրքիան աշխարհի ուշադրությունը կրկին սևեռեց Հայկական հարցի վրա», - ասաց նա:

 

Անդրադառնալով մեր պահանջատիրության հարցին՝ Կիրո Մանոյանը փաստեց, որ ապրիլի 24-ից հետո պետք է շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք մինչ այժմ, մեկ տարբերությամբ միայն, որ հիմա շեշտադրությունը կատարենք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև պահանջատիրության վրա: «Մենք պետք է համազգային համախմբություն ունենանք` կոնկրետ ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից: Ապրիլի 24-ից հետո մենք պետք է շարունակենք հատուցումների խնդիրը»,- ընդգծեց նա:

 

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ երբ որևէ պետություն ընդունում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Թուրքիան սպառնում է խզել իր հարաբերություններն այդ երկրի հետ: «Թուրքիան չի խզի իր հարաբերությունները որևէ պետության հետ, քանի որ նախևառաջ գերդասում է սեփական շահերը: Գուցե ժամանակավորապես երկու-երեք ամսով սառեցվեն հարաբերությունները Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ, բայց հետո արդեն այդ հարաբերությունները բնականոն հունի մեջ կընկնեն»,- եզրափակեց նա: