կարևոր
2761 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 11:10
Քաղաքական

Արցախում տեղի ունեցողին այս պահին Ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Արցախում տեղի ունեցողին այս պահին Ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

«Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետև դա խաթարում է խաղաղության գործընթացը»,-  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը՝ պատասխանելով  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ  հարցին։

Նրա խոսքով, այս պահին ցանկանում են, որպեսզի կողմերի միջև  լինեն բանակցություններ և խաղաղության գործընթացին պատրաստ են աջակցել:

«Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, և մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասաց դեսպանը:

Հարցին՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նկատմամբ, չե՞ն կարող բնորոշել հենց ցեղասպանություն, Քրիստինա Քուինը պատասխանեց. «Այս պահին ես նման որակավորում տալու որևէ իրավասություն չունեմ»:

Պատասխանելով ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը, դեսպանն ասաց. «Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանենք մենք ապագայում, այդ մասին ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»: