կարևոր
3904 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-17 17:14
Քաղաքական

Մնում է իշխանությունը ադրբեջանցի սահմանահատումների համար էլ ներողություն խնդրեր միջազգային հանրությունից․ Բենիամին Մաթևոսյան

Մնում է իշխանությունը ադրբեջանցի սահմանահատումների համար էլ ներողություն խնդրեր միջազգային հանրությունից․ Բենիամին Մաթևոսյան

Հայաստանում ամենակարևոր ռիսկերից մեկն այն է, որ մեզանում չկա ճիշտ ընկալում, թե ինչ է փոխվել անվտանգային առումով 2020 թ․-ի պատերազմից հետո։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Ելնելով փաստաթղթի դրույթներից, որը ընդունվել է նոյեմբերի 9-ին, որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենային։ Մենք պետք է անցնեինք դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացով, տարածաշրջանում պետք է հաստատվեին նոր խաղի կանոններ։ Մեր ռազմավարական դաշնակիցը տարբեր մակարդակներով` սկսած փոխվարչապետից, վերջացրած նախագահով, ասում են, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցություն տրամադրել։ Գործընթացը պետք է տեղի ունենար այս ուղղությամբ, դրա մասին էր հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Բայց հայաստանյան իշխանությունը որոշեց նոյեմբերի 9-ի դրույթները կյանքի կոչել ոչ թե Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյան տարամաբանության շրջանակներում, այլ փորձեցին այս ամեն ինչի մեջ ներգրավել Արևմուտքին։ Դա իր հերթին բերեց նոր խնդիրներ, լարվածություն, և դրա դրսևորումներից մեկը մենք տեսանք Տեղ գյուղում։ Պետք է հաշվի առնել ամեն ինչ, բանակային ռեֆորմը, նույնիսկ սահմանապահ զորքերի տեղակայումը սահմանին, որի մասին խոսում է իշխանությունը, այդ ամեն ինչը գործընթաց է և պահանջում է համակարգային մոտեցում։ Բայց քանի որ մեր իշխանությունների նպատակը լրիվ այլ է, իրենք ձգտում են հնարավոր հիմքեր իրենց համար ստեղծեն իրենց իշխանությունը երկարաձգելու համար»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ հայկական կողմը հրաժարվեց ռուսական տարբերակից, որովհետև իրենց մոտ կար հստակ ընկալում, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի ավարտից հետո, կոմունիկացիանների ապաշրջափակումից հետո, իրենք որպես քաղաքական գործընկեր Ռուսաստանին անհրաժեշտ չեն լինելու․

«Ռուսաստանը իր հնարավորությունների չափով ասել է, որ պատրաստ է օժանդակել անվտանգային համակարգի կայացմանը և Հայաստանի անվտանգությանը։ Բայց երաշխիքներ առ այն, որ Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ ընդունելի քաղաքական գործընկեր՝ իրենք չեն տվել։ Քանի որ իրենք չեն տվել, Նիկոլ Փաշինյանը փորձեց այս բանակցային ամբողջ ֆորմատը տեղափոխել արևմտյան հարթակ։ Դրա արդյունքում ծնվեց Վաշինգտոնյան և Պրահայի այդ փաստաթղթերը, ըստ որի ինքը ճանաչեց Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ, նա փորձեց ներկայացնել դա մեծ հաջողություն, որ Ադրբեջանը ընդունել է մեր սահմանները ըստ Սովետական միության քարտեզների, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի սահմանափակվում դրանով։ Հիմնական մեր անվտանգային  խնդիրը սրանում է։ Իշխանությունը՝ Փաշինյանի մակարդակով, հասկացել է՝ մեզ ինչ հանգրվանի է հասցրել, բայց լուծումներ չի կարողանում առաջարկել։ Դրա պատճառով ունեցանք Տեղի միջադեպը, իսկ այսօր առավոտյան Սոթքի շրջանում կրակոցներ են եղել։ Այսինքն այս ամեն ինչը դրա դրսևորումն է»,- ասաց նա։

Անդրադռնալով 2 ադրբեջանցի զինածառայողների` Հայաստան մուտք գործելուն, քաղաքագետը նշեց, որ  սահմանահատումներ եղել են, լինելու են և կշարունակեն  լինել․

«Խնդիրը այն է, թե քո անվտանգային համակարգը, քաղաքական համակարգը այդ ամեն ինչին ինչպես է արձագանքում։ Երկար տարիներ Հայաստանի և Թուրքիայի սահմանին կանգնած են ռուս սահմանապահները և գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ տարվա ընթացքում սահմանահատները հատում են սահմանը, մտնում են Հայաստանի տարածք, բայց մեծամասամբ համակարգը այնպես է արձագանքում, որ այդ սահմանահատներին բռնում են ու հանձնում համապատասխան մարմինների։ Սահամանապահ ծառայությունը ուղղված է  հենց սրան, որ ապահովվի սահմանի անվտանգությունը, իսկ այն դեպքում երբ սահմանը հատվում է, իրականացնի համապատասխան գործողություններ։ Բայց մեր իշխանությունների արձագանքը այս ամենին սխալ է։ Մենք տեսանք, որ Ադրբեջանի դրոշն այրելուց հետո նույնիսկ միջազգային հանրությունից ներողություն խնդրեցին, մնում է սահմանահատումների համար էլ ներողություն խնդրեին։ Համակարգը այսպես է արձագանքում, ասում են դե ոչ մի վտանգ չի ներկայացնում մեկ հոգու ներկայությունը։ Մարդկանց մոտ վախեր է առաջանում։ Բայց փաստորեն ադրբեջանցին մտնում է, մի քանի տասնյակ կմ անցնում է, գնում է մարդ է սպանում, իսկ իշխանությունը ասում է՝ ոչինչ ամեն ինչ նորմալ է։ Իրողությունների և արձագանքների անհամապատասխանությունն է, որ հասարակության մեջ լարվածության ու անկայունության մթնոլորտ է ստեղծում»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով ՀՀ ՄԻՊ-ի կողմից ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին այցելելուն Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ իշխանությունը շատ պարագաներում առաջնորդվում է օրախնդիրներով․

«Ավելի տրամաբանական կլիներ, որ Մարդու իրավունքների նոր պաշտպանը առաջնորդվեր ոչ միայն օրվա լրահոսով և զբաղվեր նրանով, ինչը իրենց քաղաքական թիմի համար է կարևոր ներկա պահին, այլ բացի նրանից, որ  Տեղ գյուղ այցելեց, այլ նաև այցելեր գեներալ Խաչատուրովին, ով արդեն մոտ մեկ ամիս է, եթե ոչ ավելին արդեն բանտարկված է, բայց ինքը որոշեց գնալ այլ ճանապարհով, ինչև պայմանավորված է զուտ ներքաղաքական հանգամանքներով։ Օրվա մեջ ինչ-որ բան տեղի ունեցավ, իրենք արձագանքում են դրան։ Այսօր օրվա թեման ադրբեջանցի զինծառայողներն են, ինքը դրանով է զբաղված։ Ինչպես նախկին ՄԻՊ-ի անուն ազգանունը շատերս չիմացանք, կարծում եմ  նույնն էլ այս ՄԻՊ-ին է սպասվում։ Ինքը գնաց Տեղ գյուղ, հետո այցելեց ադրբեջանցի զինծառայողներին։ Օրվա լրահոսով  առաջնորդվող քաղաքական ուժերը արձագանքում են օրվա ընթացքում ինչ-որ տեղի ունեցածին»,- ասաց նա։

Խոսելով Ադրբեջանի դրոշն այրելու մասին քաղաքագետը նշեց, որ հասարակության մեջ շատ տարբեր կարծիքներ կային․

«Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում այլ պետության դրոշ են այրում, տարիներ առաջ իշխանության ներկայացուցիչները, մարդիկ ովքեր այսօր իշխանություն են ներկայացնում, Ռուսաստանի դեսպանատան դիմաց այրում են Ռուսաստանի դրոշը։ Այն ժամանակ իրենք չէին մտածում մեր պետության վարկանիշի, հասցված վնասի և դրա հետևանքների մասին, իսկ այսօր իրենց արձագանքը բոլորիս համար տեսանելի էր։ ԻՆչպես արդարադատությունը և շատ այլ հարցեր մեզանում ընտրովի են, նույն ձև էլ վերաբերմունքը դրոշի այրմանը, այսինքն Ռուսաստանի դրոշի այրելը ընդունելի էր, իսկ Ադրբեջանինը ո՞չ»,- ասաց նա։

Լ․Ա․