Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալիևի հնչեցրած սպառնալիքներն իրականում, ի հեճուկս Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ոչ թե հակասում են Բրյուսելյան հայտարարություններին, այլ զարգացնում էին դրանք։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Եթե դու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի մաս, ապա այնտեղ ոչ մի պետական կառույց չպետք է լինի, իսկ մարդիկ, ովքեր կազմել են պետական կառույցներ, պետք է անջատվողականության հոդվածով դատվեն։ Ալիևը զարգացրեց այդ միտքը։ Հայտարարություններով հանդես եկան նաև Շառլ Միշելը, ԱՄՆ պետքարտուղարությունը և իրենց գլխավոր մեսիջն այն էր, որ խիզախ քայլերի ժամանակն է եկել, այդ խիզախ քայլերի կոչն ուղղված է Փաշինյանին, որ ստորագրե՛ք ի վերջո համաձայնագիր, որով դուք Արցախը փաստաթղթավորված կճանաչեք Ադրբեջանի մաս, ինչպես նաև պայմանավորվածությունների այլ շերտեր ևս կյանքի կկոչե՛ք, այն է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից լիովին վերացնելու և Ադրբեջան-Թուրքիա միասնական անվտագային համակարգի մաս կազմելու՝ առանց Հայաստանի համար անվտանգության և տարածքային ամբողջականության որևէ երաշխիքների։ Այդ կոչերը դրան են ուղղված»,- ասաց նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հավանական ստորագրմանը, քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ կողմերը մոտեցել են ինչ-որ կարգավորումների, որոնք ավելի շատ վերաբերվում են, ոչ թե Արցախին, այլ՝ Հայաստանի Հանրապետության ապագային․
«Արցախը Փաշինյանը 2020 թվականին Պրահայում է հանձնել, գլխավոր խոչընդոտը, որ Փաշինյանը չի համաձայնվում դեռևս ստորագրել, որովհետև նա ոչ մի անվտանգային երաշխիք ՀՀ-ի համար չի կարողանում ստանալ, դրա համար ինքը խոսում է այն մասին, որ մենք հնարավոր է 7000 քառակուսի կիլոմետրանոց պետություն ունենանք։ Խնդիրը սրանում է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մենք տեսնում ենք, որ տարբեր ձևերով և մեթոդներով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվում․
«Մենք տեսանք, որ Թուրքիան օդային սահմանը փակեց Հայաստանի համար, Իտալիայում կոկաինի մեծ խմբաքանակ հայտնաբերվեց, և այդ ամենը Բրյուսելյան հանդիպումներից առաջ և հետո։ Տարբեր ձևերով և մեթոդներով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվում։ Որ պահին այդ ճնշումները այնքան մեծանան, որ Փաշինյանը կկարծի, որ ավելի լավ է ստորագրի ու ինչ-որ ժամանակով ինքն անձամբ իրեն կապահովագրի հնարավոր խնդիրներից՝ նա կստորագրի, նույնիսկ առանց անվտանգային երաշխիքների Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար»,- ասաց նա։
Անդրադառանալով Արցախի իշխանությունների գոծելաոճին քաղաքագետը նշեց, որ իրենք պետք է իրենց համար հստակ դիրքորոշում որդեգրեն, թե իրենք իրապե՞ս պայքարում են Ադրբեջանի դեմ և պայքարում են, որ չդառնան Ադրբեջանի մաս․
«Թե՞ իրենք իրենց համար քաղաքական ալիբի են ապահովում, որպեսզի հետագայում, երբ արդեն ամեն ինչ ավարտված լինի, ամեն ինչ հանձնված և փաստաթղթավորված լինի, իրենք ասեն՝ մենք կոչով դիմեցին, իսկ Հայաստանից ոչ ոք չարձագանքեց։ Արցախի իշխանություններն այդ կոչերն անելուց առաջ պետք է հստակ քաղաքական գնահատական տան 2018 թվականին կատարվածին, նրան, թե ինչը հանգեցրեց պատերազմի, և նրան, թե ինչպես պատերազմից հետո Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք հայտնվեցինք ներկայիս հանգրվանում, երբ Պրահայում ինքը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, հակառակ պարագայում Արցախից եկած հայտարարություններն ավելի շատ էմոցիոնալ գնահատականեր են, որոնք ավելի շատ սազում են դպրոցական կամ ուսանողական տարիքում գտնվող երիտասարդի ֆեյսբուքյան գրառումներին՝ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով։ Քաղաքական պայքարը քաղաքական գնահատականներ է ենթադրում։ Իրենք պետք է այդ քաղաքական գնահատականները տան և հասկանան, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ովքեր են իրենց դաշնակիցներն ու գործընկերները, ում հետ միասին կարող են պայքարել Արցախի Ադրբեջանի կազում ինտեգրվելու դեմ։ Եթե իրենք ասեն մենք քաղաքակնությամբ չենք զբաղվում, թող պատրաստ լինեն, որ իրենց ներգրավելու են ադրբեջանական քաղաքականության մեջ։ Դու չես զբաղվում քաղաքականությամբ՝ քաղաքականությունը կզբաղվի քեզնով»,- ասաց նա։
Անդրադառնալով Էրդողանի վեընտրմանը Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ սխալ է կարծել, որ եթե Թուրքիայում իշխանություն փոխվի, ապա ՀՀ-ի նկատմամբ իրենց վերաբերմունքը կփոխվի․
«1992-93 թվականներին Թուրքիայում նախագահը Էրդողանը չէր, բայց դա իրենց չխանգարեց Հայաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ սահմանել և փակել Հայաստանի սահմանը՝ Քելբաջարը ազատագրելու համար։ Հետագայում մենք տեսանք, որ նույն Քըլըչդարօղուն, ով կարծես թե այլ ծրագրի կողմնակից էր, խոսեց, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և դա տեղի ունենա ՀՀ տարածքով։ Տեսնում ենք, որ գլոբալ առումով, անկախ նրանից, թե ով է լինելու Թուրքիայի ղեկավարը իրենց վերաբերմունքը և նպատակները ՀՀ-ի նկատմամբ չեն փոխվելու։ Իրենք, ոնց կարծել են, որ այս տարածաշրջանում մենք չպետք է պետություն ունենանք, այդպես էլ շարունակելու են կարծել»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ մեզ մեր իշխանությունների ակտիվ մասնակցությամբ փորձում են մաս դարձնել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան տարածաշրջանային անտանգային համակարգի՝ առանց Հայաստանի համար որևիցե երաշխիքների․
«Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակելու են այս գործելաոճը՝ ճնշումներ բանեցնելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնպես չէ, որ Քըլըչդարօղուն, որ գար ճնշումներն ավելի քիչ կլինեին։ Ֆիքսենք նաև հետևյալը, Թուրքիայի ներկայիս իշխանությունն է, որ փայատեր է հայաստանյան իշխանական համակարգին։ Այստեղ մենք ուղղակի կարող ենք ֆիքսել, որ այդ կապերը պարզապես կպահպանվեն»,- ասաց նա։
Լ․Ա․