Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանը, շարունակելով իր ագրեսիվ պահվածքը, փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն ստանա։ Դրանով են պայմանավորված հրադադարի ռեժիմի խախտումները և պարբերական դարձած այլ սադրանքները։Եվ սա նորություն չէ, քանի որ Բաքուն միշտ էլ հավատարիմ է եղել սադրանքների դիմելու իր հանցագործ գործելաոճին։ Բայց լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար Ադրբեջանին արտաքին բարենպաստ պայմաններ են պետք։ Ի տարբերություն 2020 թվականի աշնան, երբ Ադրբեջանի համար կային բոլոր բարենպաստ պայմաններն Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու և այդ հարցում իր գործընկերների կողմից սատարում ստանալու և միջազգային դատապարտման չարժանանալու համար, ապա ներկայում իրավիճակը լիովին այլ է։ Հիմա բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք ուղղակի Բաքվի օգտին չեն։
Ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Ադրբեջանն ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, բայց այն ժամանակվա Թուրքիայի դրությունը նույնը չէ, ինչպիսին այժմ է։ Թուրքիան այսօր լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած։ Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում այդ երկիրը ահռելի նյութական և մարդկային վնասներ է կրել։ Ավերվել են հազարավոր շենքեր, քաղաքներ կան, որ պետք է ուղղակի զրոյից կառուցվեն։ Մյուս կողմից էլ՝ թուրքական արժույթը՝ լիրան, 80 տոկոսով արժեզրկվել է, իսկ այս ֆոնին գնաճը երկրում հասել է իր առավելագույնին։ Թուրքիայում ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների իրականացման համար, բնակչության սոցիալ-տնտեսական դրությունը գնալով բարդանում է, և հատկապես ծանր է խոցելի խավերի վիճակը։
Այս ամենին գումարվում են նաև քաղաքական անորոշությունները։ Մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Առաջին անգամ Էրդողանը նախագահի պաշտոնում վերընտրվելու խնդիր ունի։ Ընդդիմադիր նախագահի թեկնածուի վարկանիշը բարձր է Էրդողանի վարկանիշից, և ընդդիմությունը հաղթանակ տանելու բոլոր շանսերն ունի։ Իսկ թուրքական ընդդիմությունն այնքան սերտ կապեր չունի Ալիևի ռեժիմի հետ, ինչպես Էրդողանի իշխանության պարագայում է։ Ուստի, Թուրքիայի համար այսպիսի իրավիճակում դժվար թե այդ երկիրն իրեն թույլ տա Ալիևի ագրեսիան անվերապահ խրախուսելու միջոցով նոր արկածախնդրության գնալ։ Մյուս կողմից էլ՝ տարածաշրջանային նոր ճարտարապետություն է ձևավորվում, որի արդյունքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի թուլացման միտումներ են նկատվում։
Թուրքիան ի վիճակի չէ ազատորեն ներխուժել Իրաք և Սիրիա, ինչպես դա անում էր նախկինում։ Անկարան միշտ փորձել է հասնել սիրիական ընդդիմադիր ուժերի հաղթանակին ու նախագահ Ասադի հեռացմանը, ինչն այդպես էլ չի ստացվել։ Փոխարենն արաբական երկրները մտադիր են իրենց հարաբերությունները կարգավորել Սիրայի հետ և նույնիսկ նպատակադրվել են այդ երկրին վերադարձնել Արաբական պետությունների լիգա, որտեղից Դամասկոսը հեռացվել էր 2011 թվականին։ Տարածաշրջանում այսպիսի զարգացումը ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Իրանին։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում մեծապես թուլանում են Արևմուտքի դիրքերը, որը կարևորում է ադրբեջանական էներգակիրների ներկրումը։ Փոխարենը ուժերի հավասարակշռություն ապահովող նոր դերակատարի դերում է հանդես գալիս Չինաստանը։
Հենց Պեկինի միջնորդական ջանքերի արդյունքում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունները կարգավորելու համաձայնություն կայացվեց։ Ուստի, այն ռեսուրսները, որոնք Թեհրանն օգտագործում էր Եմենում շիա հութիներին աջակցելու և Սաուդյան Արաբիային հակազդելու նպատակով, կարող է ուղղել Ադրբեջանին զսպելուն։ Իսկ Բաքուն հակաիրանական քաղաքականություն է վարում, Թեհրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ և փորձում է Իրանի ու Հայաստանի սահմանը կտրելու միջոցով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ու այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի հակաիրանական հիստերիայով, երբ այդ երկրում պարբերաբար իրանական «լրտեսների» ձերբակալման կամ վնասազերծման շոուներ են բեմադրվում, իսկ ադրբեջանական մամուլը Իրանի դեմ ուղղված քարոզչությամբ է բորբոքվում։ Լարվածությունն այն աստիճանի է հասել, որ Ադրբեջանը Իրանի չորս դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել։
Իրանից Ալիևին հասկացնում են, որ Հայաստանի դեմ Սյունիքում ադրբեջանական ագրեսիան անպատասխան չի մնա Իրանի կողմից, ուստի, այդ քայլին գնալուց առաջ Բաքուն պետք է կշռադատի դրա հնարավոր հետևանքները։ Մյուս կողմից էլ՝ իրավիճակը բարդ է տարածաշրջանում Ադրբեջանի դաշնակից Իսրայելի համար։ Բացի նրանից, որ Իսրայելի աջակից ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում նվազել է, իսկ Իրանի դիրքերն՝ ուժեղացել, Թել Ավիվում ներքաղաքական իրավիճակը մնում է լարված։ Այդ երկրի վարչապետ Նեթանյահուի կողմից ներկայացված դատական բարեփոխումները երկրում մեծ բողոքի ալիք են առաջ բերել, և բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Իսկ օրերս Իսրայելի անվտանգության զինված ուժերի կողմից Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ ներխուժումը և հավատացյալների հետ բախումները դժգոհության ալիք են բորբոքել Պաղեստինում և բազմաթիվ մահմեդական երկրներում։
Թերևս այս միջադեպի հետ է կապված, որ Լիբանանից Իսրայելի տարածքի վրա հրթիռներ են արձակվել։ Իրավիճակը ծանր է նաև Ադրբեջանի աջակից Պակիստանի համար, որը բախվում է տնտեսական այնպիսի լուրջ դժվարությունների, որ մեծանում է դեֆոլտի վտանգը։ Իսլամաբադից Չինաստանին ու Սաուդյան Արաբիային խնդրում են, որ իրենց օգնեն կանխելու տնտեսական փլուզումը։ Այնպես որ, Ադրբեջանի դեմ բազմաթիվ արտաքին գործոններ կան, իսկ այս հանգամանքներից հայկական կողմը պետք է անպայման օգտվի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում