կարևոր
3580 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-08 11:37
Քաղաքական

Բանակը պետք է այն վիճակում պահել, որ տեղեկատվության արտահոսքից թշնամին սարսափի․ «Հրապարակ»

Բանակը պետք է այն վիճակում պահել, որ տեղեկատվության արտահոսքից թշնամին սարսափի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարությունը, ի դեմս ՊՆ-ի, առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին՝ քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների կամ բողոքի միջոցառումների մասնակցել։ Ազգային ժողովի՝ հրատապ կարգով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում ՊՆ-ն առաջարկում է նաեւ բանակում արգելել սմարթֆոնները, բանակում նկարահանումներ անելը։ Նախագծի հեղինակների ուսումնասիրությամբ ԱԱԾ հակահետախուզության կողմից բացահայտված դեպքերից պարզ է դարձել, որ տեղեկությունների փոխանակման հարցում բացասական դեր է կատարել հենց սմարթֆոնների օգտագործումը։ Առաջարկվում է նաեւ վարչական պատասխանատվություն սահմանել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր առանց իրավունքի զինվորական համազգեստ կկրեն։

Այս փաթեթը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստում։ Ինչո՞ւ է իշխանությունը լրացուցիչ սահմանափակումներ սահմանում զինվորականների համար, երբ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է․ «Սահմանադրությունը, այո, նախատեսում է քաղաքական չեզոքություն, եւ նոր սահմանափակումներ մտցնելու փաստից կարելի է ենթադրել, որ իշխանությունները, իրոք, վախեր ունեն, որը հասկանալի է։ Ի վերջո, զինված ուժերի ուսերին է իշխանությունների վարած ապաշնորհ եւ դավաճանական քաղաքականության ամբողջ բեռը, եւ, բնականաբար, իշխանությունների կողմից մանիպուլյացիաներ անելը, կեսճշմարտություն ասելուն հակառակ մի օր այդ մարդիկ կարող են պայթել։ Նույն Տեղ գյուղի հետ կապված՝ այն, ինչ Փաշինյանն է ասում, իրականության հետ կապ չունի, եւ դրա հետեւանքով հասկանում են, որ առաջնագիծ պահող զինվորականը չի դիմանալու, որովհետեւ իր մաշկի վրա է զգում, որ առաջնագծի կահավորման խնդիր, տեխնիկայի պակաս կա, հազար ու մի խնդիր կա»։

Հիշեցնենք, որ, չնայած սահմանադրական արգելքին, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն 2021 թ․ փետրվարին հանդես եկավ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որին միացել էին ԳՇ գրեթե բոլոր գեներալները։ Գեղամ Մանուկյանը շեշտում է, որ 30 տարվա ընթացքում դա եզակի բացառություն է․ «ՀՀ ԶՈՒ-ն միշտ աչքի է ընկել քաղաքական պրոցեսներին չմասնակցելով, ուրեմն այդ դեպքից կարելի է պատկերացնել, թե որքան է դանակը ոսկորին հասել, որ ԳՇ-ն հանդես եկավ հայտարարությամբ։ Ի դեպ, եթե հիմա ընթերցեք այդ հայտարարությունը, կհասկանաք, թե որքան իրավացի էին։ 2021թ․ փետրվարի 25-ին ԶՈՒ հրամկազմի հայտարարությունն այսօրվա ահազանգն էր, զգուշացնում էին՝ այս իշխանությունների ապաշնորհության հետեւանքով բախվելու ենք նորանոր մարտահրավերների ու վտանգների»։

Բայց ԳՇ հայտնի հայտարարությունն ավարտվեց պաշտոնանկություններով, բանակի ընդվզումը ճնշվեց, ի՞նչ իմաստ ունի նոր սահմանափակումներ մտցնելը՝ գուցե պատժիչ մեխանիզմներ էլ են մտածում։ «Իրականում, այս իշխանությունները շատ հաճախ անում են քայլեր՝ ոչ թե խնդիրը լուծելու, այլ քարոզչական նպատակներով»։ Գեղամ Մանուկյանը հիշեցնում է՝ սմարթֆոնների օգտագործումը մինչեւ հեղափոխությունը խստիվ արգելված է եղել բանակում։ Միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո է որոշում կայացվել՝ աչք փակել դրանց կիրառության վրա։ «Սմարթֆոնների գործածման արգելքը պաշտպանության նախարարի, ԳՇ պետի հրամաններով տարիներ առաջ արդեն գործադրված է եղել, 18 թվականի ամառվանից սկսեցին կիրառել սմարթֆոնները, եւ սմարթֆոնների օգտագործումը զինված ուժերում գրեթե դարձավ համատարած, որն իր ահավոր ազդեցությունն ունեցավ նաեւ 44-օրյա պատերազմի օրերին»,- նշեց պատգամավորը:

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը տարակուսած է՝ ինչո՞ւ են անում բաներ, որոնց անհրաժեշտությունը չկա։ «Այդ բոլոր հարցերը կարգավորվում են զինծառայողների կանոնագրքով, դրա անհրաժեշտությունը չկա, իսկ եթե խախտում են, մենք 2021-ին տեսանք, թե ինչ է լինում, իրենք իրենց պատիժը ստացան»,- ասում է նա՝ նկատի ունենալով  պաշտոնանկությունները։ «Առհասարակ, եթե կա թերություն, պետք է վերացնել, ոչ թե մտածել՝ ինչ-որ մի բան մոգոնել․․․»։ Գուցե վախի մթնոլո՞րտ են ուզում հաստատել։ «Մի բան պիտի հասկանալ, որ եթե մարդ վախկոտ է, ուզում է օրենք լինի, թե չլինի, վախենալու է, իսկ եթե վախկոտ չէ, ուզում է 40 այդպիսի օրենք լինի»։ Սմարթֆոնների արգելքի մասին էլ Հակոբյանն ասաց, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել այդ արգելքին․ «Ես նախկինում էլ դեմ էի արգելքին, որովհետեւ մարդուն պիտի սովորեցնես, որ գաղտնիության արտահոսք չլինի։ Ընդհանրապես, արգելված պտուղը քաղցր է լինում, իսկ եթե փաստարկում են տեղորոշումը, ապա կարող են գեոլոկացիան անջատել տալ։ Եթե նույնիսկ տեղորոշեն, ի վերջո, չպիտի՞ հասկանալ, որ 21-րդ դարում մարդկանց տեղն իմանալը բարդ բան չէ։ Ասում են՝ չնկարե՞լ, իսկ ես կարծում եմ, որ բանակն այնպիսի վիճակում պետք է պահել, որ նման արտահոսքերը, տեսանյութերն ուղղակի սարսափեցնեն թշնամուն»։ 

Նկատեցինք, որ ստացվում է՝ վարչապետի կնոջը չեն արգելում ռազմական բնույթի հայտարարություններ անել, զինվորականներին արգելում են քաղաքական հայտարարություններ անել։ «Ո՛չ վարչապետի կինը պետք է նման հայտարարություն անի, ո՛չ էլ զինվորականը»,- ասաց Հակոբյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում