կարևոր
5686 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 16:24
Աշխարհ

Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Իսրայելի հարվածների պատճառով

Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Իսրայելի հարվածների պատճառով

Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը ՄԱԿ-ում իր երկրի ներկայացուցչությանը հանձնարարել է բողոք ներկայացնել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ իսրայելցի զինվորականների կողմից հանրապետության հարավային մասի հրթիռակոծման կապակցությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ խորհրդակցություններից հետո արտաքին գործերի և միգրացիայի նախարար Աբդուլլա Բու Հաբիբը ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցչությանը հանձնարարել է Նյու Յորքում պաշտոնական բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ այսօր առավոտյան հարավային Լիբանանի վրա Իսրայելի կանխամտածված հարձակման կապակցությամբ», - ասված է հանրապետության արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջանների գնդակոծումը «Լիբանանի ինքնիշխանության աղաղակող խախտում է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701-րդ  բանաձևի կոպիտ խախտում»: Լիբանանի ԱԳՆ-ում հավելել են, որ Իսրայելի հարձակումը «սպառնում է երկրի հարավում հաստատված կայունությանը»։

Ապրիլի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Լիբանանի տարածքից հրեական պետության ուղղությամբ առնվազն 34 հրթիռների արձակման մասին, որոնցից 25-ը կալանվել է ՀՕՊ համակարգի կողմից։ Ավելի ուշ տվյալներ են ստացվել, որ Լիբանանի կողմից ականակոծման է  ենթարկվել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի շրջակայքը։ Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները գնդակոծել են Լիբանանի հարավային շրջանները:

Ըստ իսրայելական կողմի՝ ապրիլի լույս 7-ի գիշերը զինվորականները հարվածել են Լիբանանի հարավում պաղեստինյան «Համաս» շարժման երեք օբյեկտների և Գազայի հատվածում այդ արմատական ​​կազմակերպության 10-ից ավելի ռազմական  թիրախների: