կարևոր
2674 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 09:21
Քաղաքական

Արմեն Փամբուխչյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»

Արմեն Փամբուխչյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 30-ը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի ներքին գործերի նախարարության կազմում: Փրկարար ծառայությունն արդեն անցել է նորաստեղծ նախարարության կառավարմանը»,- ասաց ԱԻՆ-ի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ նախարարությունը լուծարվելու է հունիսի 30-ին, եւ այս պահին նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքի է հաճախում սովորականի պես: Թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ նրան նախարարությունում վաղուց չեն տեսել:

Հարցրինք՝ ի՞նչ պլաններ ունի Փամբուխչյանը, մեր տեղեկություններով` նրան առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, որքանո՞վ է ճշմարտացի դա: Նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանի մոտ ընդունված պրակտիկա է դարձել պաշտոնաթողներին իրեն խորհրդական կարգելը, օրինակ` Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյան, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյան, երեկ էլ տեղեկացանք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է դարձել Փաշինյանի խորհրդական: Հայկ Կոստանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ մինչեւ կառուցվածքային այս փոփոխությունը, կառավարությունը 2022-ի ամռանը 1.2 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ վերանորոգման եւ հատուկ տեխնիկայի ձեռքբերման, հրշեջ-փրկարարական ծառայության շարժակազմն արդիականացնելու համար: Նախարարի խոսքով՝ գումարի 90 տոկոսը ծախսվել է 2022-ին, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկա, արագ արձագանքման ամենագնացներ, 8 տարածք նորոգվել է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում