կարևոր
59056 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 18:15
Մշակույթ

Աղջոց վանքը վթարային վիճակում է․ փլուզումների վտանգը շատ մեծ է․ Աշոտ Հակոբյան

Աղջոց վանքը վթարային վիճակում է․ փլուզումների վտանգը շատ  մեծ է․ Աշոտ Հակոբյան

Աղջոց վանք անունը կրող միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արարատի մարզի՝ Խոսրովի պետական արգելոցում: Այն տեղակայված է Գառնիից դեպի արևելք՝ Գեղամա լեռներից դեպի Ազատի գետն իջնող ձորակում: Վանքը ունի մի քանի կարևոր նշանակություն․ նախ միջնադարյան Հայաստանի գլխավոր վանքերից մեկն է եղել, եղել է հայտնի կրթօջախ։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով վանքի կարևորության մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամիվերականգնող ճարտարապետ Աշոտ Հակոբյանը։

«Վանքի հիմնադրումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչին։ Աղջոց վանքը կառուցվել է 4-րդ դարում, սակայն հասկանալի է, որ այսօր մեզ հասած Աղջոց վանքը 13-րդ դարում վերակառուցված համալիրն է։ Ըստ ավանդության՝ ասվում է, որ դա հիմնել է Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմյան կույսերի հետ Հեթանոս անունով քահանայի նահատակության տեղում, իսկ գլխավոր եկեղեցին 12-13-ին կառուցել են Զաքարյանները՝ Սուրբ Ստեփանոս, կողքը Պողոս-Պետրոս եկեղեցին և գավիթը՝ արևմուտքից։ Հյուսիսային կողմն էլ ունի օժանդակ վանական շինություններ։ Միջնադարյան Հայաստանի քանդակարվեստի լավագույն նմուշներ ունենք, ամենագլխավորը Պողոս-Պետրոսի քանդակն է՝ Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան ճակատին, մուտքի աջ ու ձախ կողմերում Պողոս ու Պետրոս առաքյալներն են, գլխավոր եկեղեցու արևմտյան դռան վրա ահեղ դատաստանի պատկերը՝ Քրիստոսի, հարավային ճակատին նույնպես ունենք պատկերաքանդակ, որը համեմատած ավելի փոքր է։ Առաջին գրական հիշատակումը գալիս է 13-րդ դարից և կա տեղեկություն Շահ Աբբասի ժամանակ, որ բռնագաղթի ժամանակ թալանում են վանքը, տանում են Գրիգոր Լուսավորչի տղայի Արեստակես Հայրապետի աջը։ Տանում են Թավրիզ, այնտեղ փրկագնվում է թավիշեցի մի հայ վաճառականի կողմից, բերվում է և վերադարձվում վանքին, իսկ աջը հիմա պահվում է Էջմիածնի գանձարանում»,- ասաց նա։

Անդրադառանալով վանական համալիրի վերանորոգման մասին տեղեկություններին ճարտարապետը նշեց, որ զբոսաշրջության առումով այդ ձորը շատ հարուստ է և կարիք ունի վերանորոգման․

«Այնտեղ կան մի քանի վանքեր՝ Բայդուխտ եկեղեցին, Կաքավաբերդը, ժայռափոր ահագին համալիրներ կան։ Եթե այս վանքը վերականգնեն, մնացած հուշարձաններն էլ ցուցանակներով, կողմնորոշումներով, ճանապարհներով պատրաստի լավ տուրիստական ձոր է դառնալու։ Կարևոր է, որ վերականգնման բարձր որակ ապահովվեն՝ սկսած պեղումներից, չափագրումից, քարերի համարակալումից, նախագծի մշակումից, որից հետո վերականգնման թույլտվություն կլինի։ Դրանից հետո սկսվում է շինարարությունը հեղինակային հսկողությամբ, այս ամբողջը եթե արվի բարեխղճորեն, բարձր մակարդակով, կարելի է լավ վերականգնում ապահովվել, կարևորը վերականգնողների բարեխիղճ մոտեցումն է և շինարարական փորձ ունենալը։ Վատն այն է, որ Հայաստանում անկախությունից հետո հիմնական վերականգնման ոլորտը փլուզվեց, մասնագետներ քիչ են մնացել, վարպետներ քիչ են»,- ասաց նա։

Ճարտարապետը նշեց, որ երկու ճանապարհ կա դեպի վանք գնացող։

«Այցելու միշտ եղել է, մեր եկեղեցին հայտնի ուխտատեղի է։ Տարվա մեջ այցելուներ շատ են լինում՝ չնայած նրան, որ վանքը հիմա ավերակ է, անխնամ, որևիցէ նորոգում չի կատարվել։ Վանքում հոգևորական մշտական չկա, բայց ուխտավորներ, որ գնում են հիմնականում հոգևորականների գլխավորությամբ են գնում»,- ասաց նա։

Աշոտ Հակոբյանը նշում է, որ վանքը հիմա վթարային վիճակում է և փլուզումների վտանգը շատ է, ճաքերը մեծ են, վերևի մասում մեծ ճաքեր կան ու ամեն տարի մտածում են, որ կարող է ընկնել․

«Ես լսել եմ, որ Հայաստանում կա ցանկություն վանական համալիրները վերականգնելու, արդեն մոտ ապագայում կարող է նման ցանկություններ էլ առաջանան հոգևորականների շրջանում։ Այն, որպես վանական համալիր, ունի լավագույն պայմանները։ Կարելի է այնտեղ սարքել փոքրիկ վանատուն, մարդիկ գնան ու մնան գիշերը»,- ասաց նա։

Խոսելով վանքի պատմաճարտարապետական կարևորության, մշակութային և հոգևոր արժեքների մասին՝ ճարտարապետը նշեց, որ վանքի արժեքը բարձր է նրանով, որ միջնադարյան Հայաստանի հայտնի գլխավոր վանքերից մեկն է, ինչպիսին են Սաղմոսավանքը, Հովհանավանքը․

«Նշանակությունը շատ մեծ է, որովհետև տվել է  հայտնի ձեռագրեր, չնայած քիչ են պահպանված եղել, միջնադարում հայտնի կենտրոն է եղել և հոգևոր գլխավոր վանական համալիրներից է, այսինքն ունի և՛ հոգևոր, և՛ մշակութային մեծ նշանակություն, շատ բարձր է ճարտարապետական արժեքը, որովհետև կառուցված է  բարձր մակարդակով, քանդակարվեստը, զարդարվեստը, արձանագրությունները, պատկերաքանդակները, ամեն ինչ արված են բարձր մակարդակով, դրա համար միջնադարյան Հայաստանի լավագույններից է»,- ասաց նա։