կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 16:19
Քաղաքական

Պետք է ահազանգենք, որ ցեղասպանության վտանգը չի վերացել, Թուրքիան մնում է ցեղասպան երկիր. Աշոտ Մելքոնյան

Աշխարհին պետք է ահազանգենք, որ ցեղասպանության վտանգը չի վերացել, Թուրքիան մնում է ցեղասպան երկիր, ժխտողական քաղաքականությամբ կրկին դառնում իրավահաջորդը Օսմանյան կայսրության՝ ցեղասպանություն իրականացնելու առումով, ինչի ականատեսը եղանք արցախյան վերջին պատերազմի ընթացքում․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսի ժամանակ։

Նա նշեց, որ երկար ժամանակ Հայոց ցեղասպանության, հետեւանքների վերացման, հատուցման մասին խոսելը դիտարկվել է որպես վտանգավոր խնդիր, կա՛մ շրջանցվել է, կա՛մ մեղմ ու հանգիստ պահանջներ են առաջ քաշվել: Այսօր թուրքական կողմը ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունը, այլեւ անամոթաբար հայերին է մեղադրում ցեղասպանության մեջ։

Պատմաբանի դիտարկմամբ՝ թուրքական կողմից եկած այս մեղադրանքների մեջ կա լուրջ ենթատեքստ․ այսպես Թուրքիան ամեն կերպ փորձում է տարածքային խնդիրները լռեցնել եւ օրակարգից հանել:

«Թուրքիան շատ լավ հասկանում է, թե ինչ բարդությունների առջեւ կարող է կանգնել հատկապես՝ տարածքային հատուցումների մասով: Շատերը հռետորական հարց են տալիս՝ բա որ հանկարծ վաղը Թուրքիան պատրաստակամություն հայտնի՝ վերադարձնել հայկական հողերը, արդյո՞ք մենք ունենք տարբերակ՝ խնդրի լուծման օրակարգ առաջարկելու։ Մենք մեր հայեցակարգային մոտեցումը պետք է ունենանք՝ Հայոց ցեղասպանության խնդրում եւ դրա հետեւանքները վերացնելու առումով կոնցեպտուալ մոտեցումները մեզ համար կենսական են»,-ասաց նա։

Լ․Ս․

Մանրամասները՝ տեսանյութում