Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Որդան կարմիր» պետական արգելավայրի մոտակայքում գտնվող` Արմավիրի մարզի հինգ համայնքների հանրակրթական դպրոցներում երեկվանից մեկնարկել են որդան կարմիրի պահպանությանն ուղղված էկոդասընթացները:
Ծրագրի հեղինակ եւ դասընթացավար Գալուստ Նանյանը yerkir.am-ին հայտնեց, որ ընտրվել են «Որդան կարմիր» պետական արգելավայրի վրա ազդեցություն ունեցող համայնքներից հինգը` Արմավիրի մարզի Ջրառատի, Արազափի, Եղեգնուտի, Երասխահունի եւ Արգավանդի դպրոցները, որպեսզի բարձր դասարանցիները տեղյակ լինեն արգելավայրի խնդիրներին եւ միջոցառումներ իրականացնեն այդ տարածքում բազմացող միջատի պահպանության ուղղությամբ:
Դասընթացներն իրականացվում են ակտիվ ուսուցման մեթոդներով, տեսական փուլից հետո դրանք կշարունակվեն գործնական ձեւաչափով:
Ջրառատի եւ Երասխահունի միջնակարգ դպրոցներում արդեն անցկացվել է վերը նշված ծրագիրը: Ի դեպ, ըստ Նանյանի, աշակերտները բավականին ակտիվ են եղել, օրինակ` Ջրառատի դպրոցականները բարձրացրել են գոմաղբի ոչ ճիշտ կառավարման եւ գյուղամիջյան կենտրոնական փողոցի անմխիթար վիճակի հարցերը եւ պնդել, որ դա մեծ վնաս է հասցնում գյուղին եւ մարդկանց առողջությանը: Նաեւ առանձնացվել է պոլիէթիլենային տարաների խնդիրը:
«Երասխահունում դասընթացի մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին, որ գյուղում ավելացել է ավազահանքերի շահագործումը: Առաջ քաշեցին նաեւ աղբի խնդիրը»,- նշեց Գ. Նանյանը:
Նա նաեւ հայտնեց, որ դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվում Արմավիրի մարզի էկոլոգիական խնդիրներին, եւ ինտերակտիվ քննարկումների ընթացքում երեխաները տալիս են խնդիրների լուծման` իրենց բանալիները:
Դասընթացների ավարտից հետո դասընթացավարը յուրաքանչյուր դպրոցից կընտրի առնվազն 5 աշակերտի, որպեսզի իրականացվի գործնական աշխատանքների փուլը` այցելություն «Որդան կարմիր» արգելավայր` տեղում ծանոթանալու արգելավայրի ռեժիմին եւ այնտեղ պահպանվող բուսական ու կենդանական աշխարհին: Իսկ լավագույն մասնակիցները կայցելեն նաև Բնության պետական թանգարան, Կենդանաբանության թանգարան եւ Երկրաբանության պետական թանգարան, կլինեն նախապես ընտրված` բնության պահպանվող տարածքներից մեկում: