Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բյուրականի անտառներ տանող ճանապարհին դեռ կարելի է հանդիպել հրշեջ-փրկարարական մեքենաներ, առանձին հատվածներում փրկարարների խմբեր, ովքեր հերթապահություն են իրականացնում՝ կանխելու ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում բռնկվող հնարավոր հրդեհների տարածման վտանգը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:
Սեպտեմբերի 3-ին՝ հրդեհի ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ապա նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարները: Շուրջ 200 փրկարար օր ու գիշեր պայքարում էր կրակի դեմ՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Արտավան գյուղի և Խոսրովի արգելոցի անտառային հրդեհներից հետո Բյուրականի հրդեհը կրակի բռնկման երրորդ խոշոր դեպքն էր, որը հանրային լայն հնչեղություն գտավ: Գտնվեցին սրտացավ կազմակերպություններ, քաղաքացիներ, ովքեր առաջին օրերից պատրաստ էին անհատույց օգնություն տրամադրել և հրշեջ-փրկարարի հետ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:
Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը դեպքի մասին տեղեկացել է հրդեհի բռնկման հաջորդ օրը և ցանկություն հայտնել իր սեփական տեխնիկան տրամադրել փրկարարներին.
- Զանգահարեցի «911» ծառայություն, առաջարկեցի իմ օգնությունը, ապա, ստանալով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի համաձայնությունը, եկա դեպքի վայր: Արդեն երեք օր է օգնում եմ տղաներին՝ դժվարամատչելի տեղանքներ ամենագնաց կվադրոցիկլով ջուր հասցնել, իսկ տրակտորին կցված բաքով հնարավոր է ոչ միայն արագ ճանապարհ բացել անտառում, այլ նաև արագ ջուր մատակարարել փրկարարներին:
Ա. Սամսոնյանը նշում է, որ չնայած մասնագիտությամբ փրկարար չէ, բայց այս օրերին հրշեջ-փրկարարներից շատ բան է սովորել, փորձ ձեռք բերել և, ժպիտով նշում, որ այսուհետ պատրաստ է նմանատիպ իրավիճակներում ճիշտ գործել:
Այս օրերին լայնամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկված են նաև Երևան քաղաքի և հարակից մարզերի փրկարարական վարչության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Աշոտ Սահակյանը նշում է, որ մեկուսացված օջախների մարման աշխատանքներն ակտիվ ընթացքում են.
- Աշխատում ենք հերթափոխով՝ 24 ժամը մեկ: Դեպքի առաջին օրերից այստեղ ենք՝ 15 հոգի անձնակազմով: Հրդեհը մեկուսացված է և այսօր արդեն իրականացնում ենք հրդեհի օջախների հայտնաբերում և վերջնական մարում:
Վերջերս հանրապետության տարածքում մեկը մյուսի հետևից բռնկվող հրդեհների ժամանակ հրշեջները պատվով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց քաղաքացիներն ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին: