կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 11:27
Հասարակություն

Ջավախքցի «դաշնակ տերտերը»՝ սպիտակ նժույգի վրա, հրացանն ուսին (լեգենդար քահանայի կյանքը)

Ջավախքցի «դաշնակ տերտերը»՝ սպիտակ նժույգի վրա, հրացանն ուսին (լեգենդար քահանայի կյանքը)

Պատմաբան Գևորգ Խուդինյանն իր «Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը» աշխատության մեջ 1891 թվականի հունվարին Ջավախքում շրջող երկու հեղափոխական քարոզիչներին օգնողների և այդ պատճառով գավառապետի հրամանով ձերբակալվածների թվում հիշատակում է նաև «Դադեշ գյուղի բնակիչներ բժիշկ Դալի քեշիշ Կարսլյանին և քահանա Տեր Կարապետին»: Գևորգ Խուդինյանին հղում կատարելով՝ նույնը գրում է ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» կապիտալ աշխատության մեջ: Խորունկ հարգանք ունենալով հանդերձ բազմավաստակ գիտնականների մեծածավալ հետազոտությունների հանդեպ, այդուհանդերձ, որպես հայրենի Դադեշի պատմությանը փոքր-ինչ մոտ կանգնած անձնավորություն՝ փաստենք, որ Դալի քեշիշ Կարսլյանն իրականում բժիշկ չի եղել, և նա ու Տեր Կարապետը նույն անձնավորությունն է: Կարապետ քահանա Տեր-Գաբրիելյանցի անձն ու գործունեությունն արժանի են, որ սերունդներն ավելին իմանան այդ հոգևորականի մասին, որին Արդահանի և Չլդրի թուրքերը տվել են «Դալի քեշիշ (գիժ քահանա) Կարսեցի» անունը:

1830-ական թվականների վերջերին Ջավախքի այլ գյուղերից տեղափոխված և Դադեշ գյուղը վերաշինած վերինբասենցի և դերջանցի գաղթականների թվում էին կարսեցի Ավետիս և Սարո եղբայրները՝ Ավետիսենց (Ավեցենց) և Սարոյենց գերդաստանները: Տեր Կարապետը (ավազանի անունով՝ Վարդան)1879 թվականին 110 տարեկան հասակում իր մահկանացուն կնքած Ավետիս Հակոբի Տեր-Գաբրիելյանցի չորս արու զավակներից կրտսերն էր՝ ծնված 1840 թվականին: Ախալցխայի Սուրբ Փրկիչ եկեղեցում գործող հոգևոր դպրոցն ավարտելուց հետո՝ 1870 թվականի մայիսի 15-ին, ձեռնադրվել է քահանա և նույն թվականի նոյեմբերի 10-ին հոգևոր պաշտոն ստացել ծննդավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ 1850 թվականից պաշտոնավորում էր նաև Մարտիրոս քահանա Հովսեփյանը:

Սկզբում Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու, այնուհետև Ախալցխայի Սուրբ Փրկիչ եկեղեցու կալվածք համարվող Դադեշի եկեղեցու երկու լծակից քահանաների՝ միմյանց հանդեպ անբարյացակամությունը փաստվում է և՛ Վիրահայոց թեմի արխիվում պահպանված՝ Տեր Մարտիրոսի բողոքի նամակով՝ ուղղված հոգևոր վերադասին Տեր Կարապետի նշանակման կապակցությամբ, և՛ սերունդների մոտ պահպանված պատմություններով:

Տեր Կարապետը 1895-1903 թվականներին միաժամանակ պաշտոնավարել է հարևան Մեծ Գոնդուրա գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում: Նա անժառանգ է եղել: Երիցուհի Մարիամը, որին քահանա ձեռնադրվելուց առաջ Վարդանը, հակառակ աղջկա հարազատների կամքին, փախցրել էր գիշերով հենց հայրական տնից, 1879 թվականին երկրորդ անհաջող ծննդաբերության ժամանակ մահացել էր:

Վաստակաշատ մանկավարժ Արամ Մաթևոսյանի՝ ժամանակին կատարած գրառումներից և այլ դադեշցիների պատմածներից ձևավորվում է քահանայի ինքնատիպ կերպարը՝ լի արկածներով ու զարմանալի պատմություններով:

Տեր Կարապետն առանց հրազենի եղել է միայն եկեղեցում՝ իր հոգևոր ծառայության ժամանակ, և տանը՝ հանգստի ժամերին: Սառը զենք կրել է միշտ: Որպես կանոն՝ գյուղից դուրս եկող քահանան եղել է սպիտակ նժույգի վրա, հրացանն ուսին: Զենքի հանդեպ նրա սերը հավանաբար առաջացել է իր ազգականի՝ Ջավախքում հայտնի քաջ հրացանաձիգ Գալո Ափոյի ազդեցությամբ, որի մասին Ջավախք այցելած Ներսիսյան դպրոցի ուսուցիչ Սարգիս Քամալյանի գրած վավերագրական պատմվածքը 20-րդ դարասկզբին ունեցել է երկու հրատարակություն: Գալո Ափոյի մասին պատմվածքից բացի, գրքույկում տեղ էր գտել նաև Սարգիս Կուկունյանի և Մովսես Սիլիկյանի համագյուղացի՝ Նիժեցի Խաչանի մասին պատումը:

Մինչև 1885 թվականին ցարական իշխանությունների կողմից հայկական դպրոցների փակումը, Դադեշի ծխական դպրոցը գործել է ընդհատումներով և փոքրաթիվ սաներով: Արգելումից հետո Տեր Կարապետը աշխատանքից զրկված՝ Ջավախքում հայտնի Ուրֆացի Սերգո անունով վարժապետին հրավիրում է գյուղ, որը կրոնի ուսուցման անվան տակ գյուղի օդաներում գրաճանաչ է դարձնում մանուկներին: Քահանայի ջանքերով և հովանավորությամբ մի քանի երեխաներ սովորել են Կարսի գիմնազիայում: Նրանց անվտանգ երթևեկը, հիմնականում թուրքաբնակ Արդահանով ու Չլդրով, ապահովել է անձամբ: Այդ մանուկների թվում էր անժառանգ քահանայի կողմից հատուկ ուշադրության արժանացած՝ ավագ եղբայր Հակոբի թոռը՝ ուսումնատենչ Վարդգեսը:

Սակայն Տեր Կարապետն անուն է հանել ոչ իբրև հավատավոր կրոնավոր կամ կրթությանը նախանձնախնդիր, այլ թուր ու թվանքի հետ խաղացող, քաջ ու համարձակ, իր հոգևոր վերադասին ու պետությանն անհնազանդ անձ: Դալի քեշիշն անձնական շփումներ է ունեցել Արդահանի ու Չլդրի պետական պաշտոնյաների, հայտնի կալվածատերերի, նաև ավազակապետերի հետ: Թուրքերենին հիանալի տիրապետող, Ղուրանի առանձին սուրահներ անգիր իմացող, ճարտարախոս ու սրամիտ քահանայի հետ մտերմությունը պարծանքի առարկա է եղել: Այդ շփումների միջոցով տեղեկացված լինելով թուրքերի ունեցվածքի, նրանց  նախիրների և հոտերի գտնվելու վայրերի մասին՝ գիշերով, որպես  կանոն՝ միայնակ, անհրաժեշտության դեպքում արյուն թափելով, քշել է անասունները դեպի Ջավախք և էժան գներով վաճառել միայն թուրքական գյուղերի իր ծանոթներին: Գյուղի տարեցների պատմելով՝ այդ փողերով զենքեր է գնել, թե ում համար, հուշում է գյուղացիների կողմից նրան տրված անունը՝  «դաշնակ տերտեր»:

Դաշնակցական քարոզիչներին օգնելու պատճառով ձերբակալությունը Դալի քեշիշի միակ առնչությունը չի եղել գավառի ոստիկանության հետ: 1890-ական թվականներ վերջերին և 1905-1906 թվականներին, երկու անգամ Ախալքալաքի գավառ գալով, անհետ կորել են արդահանցի ունևոր թուրքեր, որոնց հետքերը հասել են քահանայի տուն ու կորել: Ոստիկանների բազմաթիվ հարցաքննություններն ու խուզարկությունները որևէ արդյունք չեն տվել: Հետագայում պատմել են, որ առաջին դեպքում գինովցած թուրքերի բերանները հալած  յուղ են լցրել և դիակները թաքցրել գոմի ծանր սալաքարերի տակ: Այս արարքին մասնակցել են գերդաստանի կանայք: Երկրորդ դեպքում թուրքերի անհետացման մասին դադեշցիներին ոչինչ հայտնի չի եղել:

2016 թվականին, երբ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու վերաշինության ժամանակ շինարարները իջեցնում են կիսափլված կտուրի վերջին գերանները, ներքև թափված հողի մեջ հայտնաբերվում են մարդու կմախքի մասեր: Դադեշցիները հավատում են՝ Դալի քեշիշն ընդունակ էր անհավատների դիակները եկեղեցու հողե կտուրում պարտակելու աներևակայելի քայլին:

Տեր Կարապետը սերտ կապեր է ունեցել նաև Ախալքալաքի գավառի թուրք հայտնի կալվածատեր Փալավանդով եղբայրների հետ, որոնց նստավայրը Խոսպիա գյուղն էր: Քահանայի հյուրընկալ տուն են այցելել տարբեր ազգի ու կրոնի, տարբեր վարքի ու զբաղմունքի տեր, տարածաշրջանում հայտնի անձինք: Իրեն հյուրընկալված պարծենկոտ Փալավանդովներին խրատելու նպատակով Շահթուբան կոչվող հին բնակատեղիի մոտ, մթության մեջ մի քանի դիրքեր փոխելով, կրակում է նրանց ուղղությամբ՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք շրջապատված են, խլում է նրանցից զենքներն ու վերնահագուստները, զենքերը թաքցնում է ավերակների մեջ և, Փալավանդովներից շուտ հասնելով Խոսպիա, սովորականի նման հյուրընկալվում  նրանց տանը: Առավոտյան գլխիկոր տուն հասած Փալավանդովները իրենց վիճակը փորձում են բացատրել, որ իբր գիշերը իրենց վրա ավազակախումբ է հարձակվել, և իրենք հերոսաբար պաշտպանվել ու անվնաս վերադարձել են տուն: Տեր Կարապետը ողջ գերդաստանի առաջ խուրջինից հանում է երեք եղբայրների հագուստը և տան ծառաներին բացատրում զենքերի թաքստոցի տեղը:

Բարդ են եղել Տեր Կարապետի հարաբերությունները իր հոգևոր վերադասի հետ: Իր դեմ անընդհատ բողոքող Տեր Մարտիրոսին նրա կյանքի վերջին մի քանի տարում առհասարակ մեկուսացրել է եկեղեցու գործերից: Լարված հարաբերություններ է ունեցել նաև իրենց գերդաստանի փեսա՝ եկեղեցու դպիր Շմավոն Սանթրոսյանի հետ: Երբ չի կարողացել եկեղեցապատկան գյուղի ծխականներին իր հեղինակությամբ ու մեթոդներով պաշտպանել պայմանագրերով չնախատեսված հարկեր գանձելու՝ կապալառուների անհագ ցանկություններից, գյուղացիներին դրդել է բողոքի ու ընդվզման:

1878 թվականին կապալառու Մկրտիչ Մատոյանին խոտհարքերում ծեծի ենթարկելու և ժամացույցը խլելու դրդիչ համարվել է քահանան՝ ըստ դադեշցիների պատմածի, թեև այդ դեպքերի քննության փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա: 1891 թվականին Դադեշ, Սուլդա և Կարծախ գյուղերի քահանաների՝ իրենց 10-ական դեսյատին վարելահող հատկացնելու մասին խնդրագրի անհետևանք մնալուց հետո Տեր Կարապետն իրեն հեռու է պահել հարևան կալվածատերերի և արքունական Վաչիան գյուղի հետ Ս. Փրկիչ եկեղեցու  ունեցած հողային-սահմանային վեճերից, զանազան պատրվակներով հրաժարվել է օգնել Դադեշ եկած քննիչ, քահանաներին ու եկեղեցու շահերը պաշտպանող հայտնի փաստաբան Սենեքերիմ Արծրունուն: Վերոնշյալ խնդրագրից միայն 15 տարի անց Կարծախի քահանա Մարտիրոս Տեր-Մարտիրոսյանին Ս. Փրկիչ եկեղեցու ծխականների ժողովը որոշում է հատկացնել 10 դեսյատին վարելահող հողային վեճերում եկեղեցու շահերը պաշտպանելու համար:

1899-ից մինչև 1910 թվականը ձգվում է կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կոնդակով գյուղին հատկացված 2500 ռուբլով ջրագծի շինարարությունը: Խնդրագրերում ու ժողովների արձանագրություններում կան գործակալ ավագ քահանայի, մի քանի դպիրների անունները և ոչ մի տեղ չի հիշատակվում քահանայի անունը: Եվ ամենազարմանալին այն է, որ շինարարության ավարտի մասին հավաստիանալու համար Ախալցխայի հոգևոր կառավարությունը նամակով հերթով դիմել է հարևան Դիլիֆ, Կարծախ և Սուլդա գյուղերի քահանաներին: Վերջապես Սուլդայի քահանա Արսեն Բլրցյանը հանգամանալից նամակով տեղեկացրել է ջրագծի շինարարության ավարտի մասին, որը գործել է մի քանի տարի միայն: Գյուղի քահանային չե՞ն դիմել, թե՞ չի պատասխանել նամակներին, անհայտ է:

1918 թվականի ճակատագրական օրերին (թուրքական կանոնավոր բանակը մայիսին ներխուժել էր նաև Ախալքալաքի և Ախալցխայի գավառներ, և սկսվել էր Ջավախքի պատմության ամենաարյունալի և հերոսական շրջանը – խմբ.) 78-ամյա ծերունի քահանան իր հայտնի սպիտակ նժույգն ու զենքերը հանձնել է իր սիրելի զարմիկին՝ ակտիվ դաշնակցական, Ջիգրաշեն գյուղում ոսուցչություն անող Վարդգեսին, որը դառնում է Դադեշի հեծյալ ջոկատի հրամանատար:

Կարծախի մոտ մի քանի օրվա դիմադրությունից հետո Վարդգեսի նահանջող ջոկատին հետապնդող թուրքական ջոկատին ուղեկցող Արդահանի թուրքերը Ղռխքեսալի (քառասուն քսակ) հանդամասում տեղի ունեցած ընդհարման ժամանակ, ճանաչելով Դալի քեշիշի ձին, կրակը կենտրոնացնում են Վարդգեսի վրա: Վիրավորվում է ձին, և մինչև տապալված ձիու տակից Վարդգեսը փորձում է ոտքն ազատել ասպանդակից, թշնամին վրա է հասնում: Վարդգեսի հետագա ճակատագիրն անհայտ է:

1920 թվականի գարնանն իր ծխականների կեսից ավելին Ծալկայի ցուրտ սարերում կորցրած 80-ամյա քահանան, տեսնելով, որ ավերված Դադեշին բաժին հասած՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված սերմացուն հողին հանձնելու համար լծկանի խիստ պակաս կա, մի երեկո, հրացանն ուսին, հեռանում է դեպի Աղբաբայի (Ամասիա) կողմերը և հաջորդ առավոտյան գյուղ է հասնում՝ մոտ երկու տասնյակ զույգ եզներ առաջն արած: Հրաժարվելով համագյուղացիներին որևէ բան պատմելուց՝ հանձնարարում է վարուցանքն ավարտելուց հետո եզներին հասցնել Աղբաբայի կողմերն ու ազատ արձակել: Թուրքերի կողմից անհաշիվ վնասներ տեսած դադեշցիները լռությամբ կատարում են քահանայի պատվիրանը:

Կարճ ժամանակ անց Տեր Կարապետը կնքում է իր մահկանացուն: Թաղված է եկեղեցու բակում: Նրանից ոչ հեռու հանգչում է եղբորորդին՝ Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու երկարամյա դպիր Միքայելը:

Խորհրդային իշխանության առաջին տարիներին, երբ հալածանքի է ենթարկվում Դադեշի՝ թվով երրորդ քահանան, որը ծագումով Շիրակի գյուղերից է եղել և որի անունը պարզել չհաջողվեց, Տեր Կարապետի հարազատները հոգևորականի զգեստներն ու գրքերը, այդ թվում՝ 1575 թվականին Կարս քաղաքում Աթանաս քահանայի կողմից գրված «Մաշտոց»-ը, հանձնել են Գյումրիի եկեղեցիներից մեկին:

1937 թվականին բանտարկվել ու անհետ կորել է Տեր Կարապետի եղբոր թոռներից Բարսեղը, որը ՀՅԴ Երիտասարդական միության անդամ է եղել: 1949 թվականին Բարսեղի ավագ եղբայր Գագիկը, իբրև դաշնակցական, աքսորվել է Ղազախստան, գյուղ է վերադարձել Երկրորդ համաշխարհային պատերազմում աչքի ընկած որդու բազմաթիվ դիմում-խնդրագրերի արդյունքում:

Մնացական Պետրոսյան

Ծնունդով դադեշցի, ՀՅԴ Էջմիածնի Կոմիտեի ներկայացուցիչ