Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 13-ը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանի ծննդյան օրն է. լրացավ նրա 140-ամյակը։
Կոջոյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ինքնատիպ ոճով, որտեղ պահպանված են ազգային մշակութային ավանդույթները։ Նրա ուշագրավ աշխատանքներից է «Սասունցի Դավիթը», որտեղ նկարիչը արտացոլել է միաժամանակ պատմական, կենցաղային ու դրամատիկական-հոգեբանական թեմաները: «Սասունցի Դավիթ» գրաֆիկական կոմպոզիցիան համարվում է 1920-ական թվականների լավագույն և բարդ գործերից, այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում։
Կոջոյանը պատկերազարդել է գրքեր, ստեղծել բնանկարներ և թեմատիկ այլ գործեր։ Նա նաև փայտագրության խոշոր վարպետ է: Այնուամենայնիվ, Կոջոյանի անունը հասարակությունը դեռևս շարունակում է կապել ՀՀ զինանշանի հետ, որը նկարչի և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի համատեղ աշխատանքն է։
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին: Այդ օրենքով վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին քննարկվում է Հայաստանի զինանշանի փոփոխությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն կապ չունի 1991 թվականին հիմնադրված պետության հետ։
«Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում, և այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրը, չթվա միայն ձեր մեջ է, մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի», - ասել էր Փաշինյանը։
Զինանշանի կենտրոնում է սրբազան Արարատը՝ Նոյան տապանով, վահանի վրա՝ հայկական չորս թագավորական տոհմերի զինանշանները և վահանը պահող առյուծ ու արծիվ։
«Այն պատկերը, որը մեզ համար սրբություն է, մեզնից յուրաքանչյուրի համար, իսկ 91 թվականին հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է», - նշել էր Փաշինյանը և հավելել՝ զինանշանի շուրջ բանավեճն այն մասին է, թե պատմական Հայաստա՞նը պետք է ծառայի իրական Հայաստանին, թե՞ իրական Հայաստանը Պատմականին։
Աննա Հարությունյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,
կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս