կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 14:35
Առանց Կատեգորիա

Երբ մտավորականը զրոյանում է

Երբ մտավորականը զրոյանում է

Երեկ տեղեկություն տարածվեց կաշառքի երեք դեպքի մասին. նախ` ոստիկանությունը հայտարարեց, որ դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները 400 հազար դրամ կաշառք են պահանջել:

 

Համաներում հայտարարելուց ի վեր կար այդ մտավախությունը, որ որոշները կաշառքով են փորձելու հարցեր լուծել, դատապարտյալներին որոշակի գումար են ասելու եւ սպառնալու, որ նրանց օրինազանցների շարքին կդասեն, ու թույլ չեն տա դուրս գալ: Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է` իր օրինազանց քաղաքացիների հանդեպ: Բայց արի ու տես, որ եղան մարդիկ, որ համաներման արդյունքում հայտնվելու են բանտում, քանի որ համաներումը վերածել են փողի, եւ մարդկանց ուղղելու փոխարեն` իրենք դարձել հանցագործ: Դեպքը Արմավիրում էր: Նույն Արմավիրում ձերբակալվեց նաեւ մայոր Սարդարյանը, ով կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու համար կաշառք էր ուզել:

 

Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն էլ հայտարարեց, որ հոկտեմբերի 26-ին Կոմպոզիտորների միությունում կայանալիք հերթական համագումարի նախաշեմին գումար է բաժանվում:

 

«Կոմպոզիտորների մեջ կա չկողմնորոշված, կաշառված մի զանգված, որոնք ատելությամբ են լցված Ռոբերտ Ամիրխանյանի հանդեպ, սակայն 10 000 դրամ կաշառքը, կարծես թե, մտափոխ է արել նրանց: Ես հավատացնում եւ երդվում եմ՝ եղել են այդպիսի խոսակցություններ։ Գումար են առաջարկում. 10 000 դրամ են առաջարկում ձայնը տալու համար»,- ասաց կոմպոզիտորը:

 

Կաշառքը թեւակոխել է կյանքի բոլոր ոլորտները ու այդպես շարունակ բարձրանում է վերեւ, եւ որքան վերեւ` այնքան ավելի շատ են կաշառատվության ու կաշառակերության դեպքերը, միայն թե երբեմն ուռկան են նետվում մանր ձկներ` ի տես «որդեգրած կանոններից» շեղվողների:

 

Երբ կաշառք է վերցնում ոստիկանը, չնայած անթույլատրելի է, բայց աչքիդ առաջ են գալիս 5 հազար դրամ տուգանքը երեք հազար դրամով «ջրող» ճանապարհայիններն, ու աչքդ սովոր է դառնում: Երբ ՊՆ ներկայացուցիչն է վերցնում կաշառք, դա եւս սովոր է աչքիդ: Նրանք ուժային կառույցների ներկայացուցիչներն են, որտեղ մտքից առաջ դեռ ուժն է, ու բանականությունը չի կարողանում համոզել ուժին, որ կաշառքը քանդում է մեր տունը:

 

Բայց կոմպոզիտորը... Նա ազգի մտավորական հատվածն է, որը պետք է լինի ազգին առաջնորդող խավը եւ հենց ինքը մյուս բոլորին համոզի զերծ մնալ կաշառքից ու մեր ապագան կործանող մյուս երեւույթներից: Ու տեղեկանում ես, որ մտավորականը վազում է 10 հազար դրամի հետեւից:

 

Կոմպոզիտոր Բաբայանն ասում է, որ մարդիկ ատելությամբ են լցվել, բայց ընտրում են, քանի որ կա կաշառք ու վախի մթնոլորտ: Արդյո՞ք մեր մտավորականությունն այդքան կամազուրկ է դարձել. չէ՞ որ նրանք պետք է լինեին ամենահամարձակը, ովքեր, առանց վախենալու, կարող էին իրենց ստեղծագործ գործունեությամբ դեմ հանդես գալ մերժելի երեւույթներին: Ինչպե՞ս կարող է մարդ լցվել անտարբերությամբ, վախով ու ատելությամբ, բայց ընտրել ... 10 հազար դրամով:

 

Կարծես թե կրկնվում է Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների պատմությունը, երբ մարդիկ լինում են դժգոհ, բայց ընտրում են, քանի որ «մեջը» փող կա, ծանոթ կա, կուսակցական շահ կա, բայց հետո շարունակում են դժգոհել մինչեւ հաջորդ ընտրությունը:

 

Հայաստանում կայացած  նախագահական վերջին ընտրությունների ժամանակ մարտունեցիներից մեկը հպարտանում էր, որ Սերժ Սարգսյանի համար 200 ձայն է բերել: Ընտրությունից օրեր անց մեկնեց խոպան: Հարցնում եմ' ուր ես գնում: Նա էլ, թե` «Կազախստան, ստեղ բան չկա»: «Թողեցի՞ր, որ բան լիներ»,- հեգնեցի:

 

«Դեպորտ» են արել, եկել է: Գործ չունի...

 

Ահարոն Համբարձումյան

 

Հ.Գ. Հոկտեմբերի 20-ին էլ գրողների միությունում են ընտրում նախագահ: Դեռ կաշառքի մասին խոսք չկա: Փառք Աստծո...