Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, 64 տարեկան հասակում վախճանվել է Հայոց ցեղասպանության դատապարտման համար պայքարած թուրք մտավորական Դողան Աքհանլըն։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը:
Աղբյուրի համաձայն՝ Աքհանլըն երկար ժամանակ տառապում էր քաղցկեղով։ Տարիներ շարունակ Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակված Աքհանլըն վերջին տարիներին ապրում էր Բեռլինում։
Դողան Աքհանլըն ծնվել է 1957 թ․, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արդվին նահանգի Շավշաթ գավառում։ Նա բազմաթիվ վեպերի և պիեսների հեղինակ էր։ 1985-1987 թթ. Աքհանլըն իր ձախակողմյան հայացքների պատճառով Ստամբուլում ձերբակալվել է որպես ընդդիմադիր և կտտանքների ենթարկվել թուրքական բանտում, իսկ 1991 թ․ գաղթել է Գերմանիա։ 2001 թ․ նա ստացել է Գերմանիայի քաղաքացիություն։ Աքհանլըն հայտնի էր մարդու իրավունքների, պատմության և հիշողության մշակույթի թեմաներին նվիրված իր աշխատանքներով։
Գերմանական «Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ Աքհանլըի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Թուրքիա-Գերմանիա մշակութային ֆորումը, որն իր թվիթերյան էջում շեշտել է այս թուրք մտավորականի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած լինելու փաստը։
Աքհանլըն 2017 թ․ օգոստոսի 19-ին արձակուրդն անցկացնելու նպատակով մեկնել էր Իսպանիա, որտեղ նրան ձերբակալել էին, քանի որ Թուրքիան նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ինտերպոլի միջոցով։ Այդ ժամանակ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը թեմայի վերաբերյալ հանդես էր եկել մեկնաբանությամբ և Թուրքիային մեղադրել Ինտերպոլի ծառայությունները չարաշահելու մեջ։
Աքհանլըն բազմիցս բանտարկվել էր Թուրքիայում։ Նրան ձերբակալել էին նաև 2010 թ․, Ստամբուլի օդանավակայանում։ Թեև 2011 թ․ նա արդարացվել էր, սակայն Թուրքիայի վճռաբեկ դատարանը 2013 թ․ դարձյալ դատական գործ էր հարուցել Աքհանլըի նկատմամբ և տաժանակիր աշխատանքով ցմահ բանտարկություն պահանջել։
Դողան Աքհանլըն իր ստեղծագործությունների և մտավորականին վայել կեցվածքի համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների։
Նա 2005 թ․ այցելել է Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողովին։ 2018 թ․ Երևանում հրատարակվել է Աքհանլըի «Ահեղ դատաստանի դատավորները» գրքի (թուրք.` “Kıyamet Günü Yargıçları”) հայերեն թարգմանությունը: Գրքի թարգմանիչը և մեկենասն է Սոնա Զաքարյանը: Այն լույս է տեսել «Նոյյան տապան» հրատարակչության կողմից:
Աքհանլըի վեպերը Թուրքիայում ընդգրկվել են լավագույնների շարքում: 2005 թ. նրա հեղինակած «Տիրամոր վերջին երազը» վեպն արժանացել է «Հյուրիեթի» 2009 թ. մրցանակին: 2005 թ. թուրք գրաքննադատները նրա այս գիրքը դասել են 10 լավագույն վեպերի շարքին։