Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։
Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է դարձյալ տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։
Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։
Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել է թե՛ տարրական, թե՛ միջնակարգ եւ թե՛ բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ունի ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։
Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։
Կանադահայ «Հորիզոն» շաբաթաթերթի համար իմ պատրաստած հարցազրույցում նա մասնավորապես պատմում էր․ «Փոքր հասակից սկսած լսել եմ մօրս եւ մեծ մօրս այն օրօրոցայինները, որոնք չէի հասկանում եւ միայն յետագայում եմ իմացել, որ դրանք հայոց լեզուով են: Մօրական տատս իր ամբողջ ընտանիքը կորցրել է Ցեղասպանութեան ժամանակ. միայն մի քոյրն է ողջ մնացել: Յետագայում մի գնդապետ տատիս որդեգրել է եւ աւելի ուշ ամուսնացրել իր հրամանատարութեան տակ գտնուող մի զինուորի՝ պապիս հետ: Իսկ մեծ մօրս քրոջը շուկայում վաճառել են, երբ դեռ փոքր է եղել, եւ նրա ճակատագրի մասին ոչ մի տեղեկութիւն չունենք: Ինքս արդէն 27 տարի է, ինչ երաժշտութեամբ եմ զբաղւում: Երկու ալպոմ եմ թողարկել, մէկը՝ 1992 թ., միւսը՝ 1998-ին: Դրանք երկուսն էլ բաղկացած են միայն քրտերէն երգերից: Բազմաթիւ նախագծերի եմ մասնակցել արտերկրում եւ Թուրքիայում: 1989 թ. ստեղծել եմ իմ բնակավայրում առաջին մանկական երգչախումբը, իսկ 2005-ին՝ առաջին կանացի երգչախումբը: Ներկայում երաժշտութեան դասեր եմ տալիս եւ իմ աշխատանքները շարունակում այս ոլորտում» (տես՝ https://horizonweekly.ca/am/79658-2/):
Նույն հարցազրույցի շրջանակներում ի պատասխան իմ այն հարցին, թե ինչ ապրումներ է նա ունեցել Հայաստանում, հայ երգչուհին շեշտում էր․ «Պատկերացրէք մի երեխայի, որը տարիներ շարունակ ձեր ներսում է եղել, որի դէմքը երբեւիցէ չէք տեսել, բայց պահել, փայփայել ու սիրել էք նրան եւ վերջապէս առերեսւում էք նրա հետ… Հենց այդ զգացմունքն ունեցայ, երբ տեսայ Հայաստանը… Բացարձակապէս օտարութիւն չզգացի. ամէնուր, ամէն բան այնքա՛ն ծանօթ ու հարազատ էր ինձ… Անընդհատ պապերիս պատկանող հետքերին հանդիպելը խիստ յուզիչ էր… Երբեք չեմ մոռանայ այն ապրումները, որ ունեցայ Ցեղասպանութեան թանգարանում: Օրեր շարունակ չէի կարողանում ուշքի գալ Ցեղասպանութեան այն պատկերներից, որոնց ի տես՝ ցնցուել էի իմ ամբողջ էութեամբ… Անհնար է մոռանալ անցեալը: Մեզ անդառնալի կորուստներ են հասցուել: Դա բացարձակ ճշմարտութիւն է: Ցեղասպանութեան իրագործման մէջ դեր խաղացածները պէտք է անվերապահօրէն ընդունեն Ցեղասպանութեան փաստը, ուղղակիօրէն առերեսուեն իրենց արածի հետ: Միայն այդ կերպ պարզ կը լինի, թէ ինչ կեանք կ՚ունենանք ներկայում եւ ապագայում: Հետեւաբար՝ անհրաժեշտ է յստակեցնել այս դրութիւնը եւ մաքուր յիշողութիւն թողնել ապագայում: 1915-ը ոչ միայն մեր անցեալի, այլ նաեւ՝ ներկայի եւ ապագայի խնդիրն է: Անվերապահ առերեսումը Թուրքիայում ապրող թուրքերի, քրտերի եւ միւս ժողովուրդների անխուսափելի մարդկային պարտականութիւնն է․․․» (Նույն տեղում)։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած 2 մեծ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն արդեն գրեթե հասնում է 4000-ի, իսկ վիրավորների թիվն անցնում է 20 հազարից։ Երկրաշարժի պատճառով փլվել է 775 շենք։ Երկրաշարժը հատկապես ուժգին է զգացվել Թուրքիայի հետևյալ 10 նահանգներում՝ Հաթայ (Ալեքսանդրետ), Գազիանթեփ (Այնթափ), Օսմանիյե, Մալաթիա, Ադըյաման, Շանլըուրֆա (Ուրֆա / Եդեսիա), Ադանա, Դիարբեքիր (Տիգրանակերտ) և Քիլիս։
Մելինե Անումյան
Akunq.net