Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
(Հոդված 2)
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համագործակցությունը սկսվել է 1990-ական թվականներից: ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը կարգավորող իրավական հիմքը 1996 թ. ապրիլի 22-ին ՀՀ-ի և եվրոպական համայնքների ու դրանց անդամ 15 (համաձայնագրի կնքման ժամանակ ԵՄ-ն բաղկացած էր 15 անդամ պետություններից) պետությունների միջև կնքված և 1999 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագիրն է (ԳՀՀ) :
ԳՀՀ շրջանակներում ստեղծվում են միացյալ հաստատություններ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության խորհուրդը, ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեն, ՀՀ-ԵՄ համագործակցության առևտրի, տնտեսության և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեն, ինչպես նաև Խորհրդարանական համագործակցության կոմիտեն, որոնց նպատակն էր ապահովել պարբերական և սահուն քաղաքական երկխոսություն:
2003 թ. ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում ԳՀՀ գործադրման ազգային ծրագրի մշակմանը (2006-2009), որի նպատակն էր պլանավորել և իրականացնել ԳՀՀ շրջանակներում ստանձնած պարտավորությունների, մասնավորապես իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին:
2004 թ. սեպտեմբերի 13-ին ներկայացվում են ազգային ծրագրի կառուցվածքը և հիմնական դրույթները: Կառուցվածքը հետևյալն է.
Գլուխ 1. Քաղաքական իրավիճակը, զարգացումները, ծրագրի նպատակները, չափորոշիչները և գործողությունները,
Գլուխ 2. Տնտեսական իրավիճակը, զարգացումները, ծրագրի նպատակները, չափորոշիչները և գործողությունները,
Գլուխ 3. Իրավական, ինստիտուցիոնալ և քաղաքականության մոտարկում,
Գլուխ 4. Ազգային ծրագրի իրականացման կառուցվածքը և ԵՄ-ի հետ հարաբերությունները,
Գլուխ 5. Ծրագրի պատրաստման և իրականացման ֆինանսական, մարդկային ռեսուրսների հիմնախնդիրները :
ԵՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանի՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներ ընդգրկմամբ ՀՀ և ԵՄ հարաբերությունները տեղափոխվում են որակական նոր մակարդակ. գործընկեր և համագործակցող երկրից Հայաստանը դառնում է ԵՄ հարևան երկիր:
2006 թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ ստորագրվում և 2007 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագիրը, համաձայն որի՝ հնգամյա գործողությունների ծրագրով Հայաստանը պարտավորվում է առաջընթաց արձանագրել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, մարդու իրավունքները, ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծումը, վարչարարության և օրենսդրության մոտարկումը, էներգետիկ ոլորտը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, տարածաշրջանային համագործակցությունը:
Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միությունը առաջարկում է ասոցացման համաձայնագրի կնքում Հայաստանի հետ, որի նպատակն է՝
1. ստեղծել նոր՝ առավել խոր պայմանագրային դաշտ ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև ասոցացման համաձայնագրերի միջոցով, ներառյալ, ըստ անհրաժեշտության, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին (ԽՀԱԱԳ), որտեղ կարգավորող մերձեցումը կարող է որպես գործիք ծառայել՝ ամրապնդելու առևտրի և ներդրումների ազատականացման դրական ազդեցությունը, ինչը կհանգեցնի համապատասխանեցմանը ԵՄ օրենքներին և չափանիշներին,
2. խթանել քաղաքացիների շարժունակությունը և դյուրացնել մուտքի արտոնագրերի տրամադրումը լավ կառավարվող և ապահով միջավայրում,
3. ընդլայնել համագործակցության ոլորտը և նպաստել ԵՄ ծրագրերում ու մարմիններում գործընկեր երկրների մասնակցությանը:
2010 թ. հուլիսի 19-ին մեկնարկում են ՀՀ-ԵՄ բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ (փոխարինելու էր ԳՀՀ-ին):
Ասոցացման համաձայնագրի հիմքում ընկած ընդհանուր սկզբունքներն են՝ հարգանք ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ, հարգանք ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և անկախության նկատմամբ:
Ասոցացման համաձայնագիրը բաղկացած էր 4 մասից՝
1. Քաղաքական երկխոսություն, արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն,
2. Ազատություն, արդարադատություն և անվտանգություն,
3. Տնտեսական և ոլորտային համագործակցություն,
4. Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները տարվում էին առանձին:
2012 թ. փետրվարի 17-ին ԵՄ առևտրային քաղաքականության հանձնաժողովը որոշում է կայացնում ՀՀ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
ԽՀԱԱԳ բանակցությունները սկսելու նպատակով ՀՀ-ն մշակել և հաստատել էր բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումները, որոնք պետք է իրականացվեին մինչև 2011 թ. ավարտը :
Թեև 2013 թ. նոյեմբերի 29-ին ԱլԳ վիլնյուսյան գագաթնաժողովի շրջանակներում ընդունվում է ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարությունը, որով վերահաստատվում է երկուստեք հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը, սակայն 2013 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ-ն հայտարարում է Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, որով պայմանավորված՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը (դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ԱՀ/ԽՀԱԱԳ) չի ստորագրվում:
ԵՄ պնդմամբ՝ ասոցացման համաձայնագրի կնքումը դառնում է անհնարին, քանի որ երկիրը չի կարող միաժամանակ գտնվել երկու՝ մաքսային և առևտրային գոտիներում: Այս առումով արտահայտվել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը՝ նշելով, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը ՀՀ նախագահը կայացրել է ՌԴ ճնշման ներքո՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի պատճառով :
Սկզբնական շրջանում հայկական կողմն առաջարկում է Վիլնյուսի գագաթնաժողովում ստորագրել ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասը»՝ փաստաթղթից հանելով Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն վերաբերող դրույթները, սակայն ԵՄ-ն չի համաձայնում: Այս հարցի շուրջ ԵՄ հետևողական դիրքորոշումն այն էր, որ քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը պետք է ընթանան միաժամանակ` լինելով ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը :
2015 թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության ու պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարում են ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Փաստաթուղթը ստանում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը: Նորացված համաձայնագիրն ընդլայնելու էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակը, նրանց գլոբալ, քաղաքական և տնտեսական շահերը, այն մարտահրավերները, որոնք ցանկանում էին միասին հաղթահարել:
Նոր համաձայնագիրը հիմնված էր նախքան Վիլնյուսի գագաթնաժողովը առաջադրված ասոցացման համաձայնագրի վրա: Այն չէր կարող պարունակել արտոնյալ առևտրային համակարգի մասին դրույթ, քանի որ ՀՀ-ն մաքսերի հաստատման գործառույթը փոխանցել էր ԵԱՏՄ-ին:
Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության, ինչպես նաև ԱլԳ շրջանակներում նոր համաձայնագիրը փոխարինելու էր ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որը նախատեսում էր լայնամասշտաբ համագործակցություն՝ քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրինաստեղծ գործընթացների և մշակութային ուղղություններով:
2017 թ. փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարում են բանակցային գործընթացի ավարտի մասին, իսկ մարտի 21-ին Երևանում կողմերը նախաստորագրում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) :
Բրյուսելում 2017 թ. նոյեմբերի 24-ին կայացած ԱլԳ 5-րդ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի և Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրում են ՀԸԳՀ-ն:
Ըստ համաձայնագրի՝ բոլոր կողմերի վավերացումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորվելու էին այդ համաձայնագրով :
2018 թ. հունիսի 1-ից սկսվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
2021 թ. մարտի 1-ից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Այն վավերացվել է ՀՀ-ի, ԵՄ բոլոր անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից ։
Համաձայնագիրը կնքվել է հետևյալ սկզբունքների հիման վրա՝ ժողովրդավարական սկզբունքներ, իրավունքի գերակայություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտում և 1990 թ. Նոր Եվրոպայի փարիզյան խարտիայում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան այլ փաստաթղթերում, ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որոնք կողմերի ներքին և արտաքին քաղաքականության հիմքն են և սույն համաձայնագրի կարևոր տարրերը :
Համաձայնագրի հոդվածներում ներառված են դրույթներ քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Առանձնակի ներկայացնենք համաձայնագրի մի քանի հոդվածների որոշ դրույթներ:
Համաձայնագրի 5-րդ հոդվածը վերաբերում է արտաքին և անվտանգության քաղաքականությանը.
«1. Կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը և համագործակցությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում և համագործակցության ձևաչափերում իր մասնակցությանը և դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարևորությունը, ինչպես նաև պետք է լուծեն, մասնավորապես, հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, սպառազինությունների վերահսկման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներ» :
Համաձայնագրի 6-րդ հոդվածը վերաբերում է միջազգային նշանակության ծանր հանցագործություններին և Միջազգային քրեական դատարանին: Սույն հոդվածի 1-ին դրույթով՝ «Կողմերը վերահաստատում են, որ միջազգային հանրության համար մտահոգիչ ամենածանր հանցագործությունները իրենց ամբողջության մեջ չպետք է անպատիժ մնան, և որ դրանց արդյունավետ քրեական հետապնդումը պետք է ապահովվի ազգային և միջազգային մակարդակով, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մակարդակով միջոցներ ձեռնարկելու միջոցով», իսկ 3-րդ դրույթով՝ «Կողմերը համաձայնում են սերտորեն համագործակցել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման գործում` օգտվելով համապատասխան երկկողմ և բազմակողմ շրջանակներից» : Այս դրույթների կենսագործումը բխում է ոչ միայն ՀՀ, այլև համամարդկային շահերից:
Տեղին է հիշատակել 2004 թ. փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, որը, Հունգարիայից արտահանձնվելով Ադրբեջան, արժանացել էր ներման ու հերոսացվել ազգությամբ հայ սպանելու համար, ինչն իրականացվել էր հրապարակային արարողությամբ։
Այս գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թույլ է տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի խախտում ընթացակարգային առումով (2-րդ հոդված), ինչպես նաև խախտվել է խտրականության արգելքի իրավունքը (14-րդ հոդված)՝ զուգակցված 2-րդ հոդվածով: Վճռում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը չի ապահովել իր քաղաքացու նկատմամբ սահմանված պատժի հետագա կիրառումը, ինչը հանգեցրել է ատելության հիմքով կատարված հանցանքի անպատժելիության :
Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանությունը չի վերագրել Ադրբեջանին՝ հենվելով հունգարական դատավճռի այն հետևության վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը պատասխանատվությունից ազատել է նաև Հունգարիային : Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կիրառման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին ։
Չնայած Ադրբեջանի իշխանությունների այդ անընդունելի գործելակերպի սուր քննադատությանը՝ ԵՄ-ն գործնական ոչ մի քայլ չարեց Ադրբեջանին այլ վարքագիծ որդեգրել հարկադրելու ուղղությամբ: Ավելին՝ ԵՄ-ն, հետամուտ էներգետիկ ներկրումների ուղիների բազմազանեցման իր շահերին, շարունակում է այդ ոլորտում ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ :
Կարծում ենք՝ նման հանցանքի հերոսացումն ու խրախուսումն ունեցան վտանգավոր հետևանքներ՝ պարարտ հող ստեղծելով հետագայում Ադրբեջանի կողմից ավելի մեծ դաժանությամբ հանցագործությունների կատարման համար (2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմ, 2020 թ. թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմ):
Համաձայնագրի 8-րդ հոդվածը վերաբերում է տարածաշրջանային կայունությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Երկար ժամանակ է, ինչ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակ է : Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ կիրառած միջանկյալ միջոցը Լաչինի միջանցքի բացման որևէ երաշխիք չի տալիս :
Սույն հոդվածի 1-ին դրույթը սահմանում է, որ «Կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար՝ խթանելով միջսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը և անվտանգությանը, ինչպես նաև պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ» :
Թեև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը միտված է վստահության ամրապնդմանը անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում մարդկային կյանքեր, և հակամարտության կարգավորման գործընթացին , և հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում Եվրամիության նոր՝ ավելի երկարաժամկետ առաքելություն տեղակայելու համար ստեղծվել է Բրյուսելի աշխատանքային խումբը , տեսանելի է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը չի նպաստում հակառակորդ կողմը: Դեռ ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ էներգապաշարների առևտրից գոյացող եկամուտը ծախսում են սպառազինություն կուտակելու և անհրաժեշտության դեպքում արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու, ինչպես նաև ՀՀ տարածաշրջանային մեկուսացման քաղաքականությունն ամրապնդելու համար :
Համաձայնագրի 9-րդ հոդվածը վերաբերում է զանգվածային ոչնչացման զենքերին, դրանց չտարածմանը և զինաթափմանը:
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք, որը 2020 թվականին օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ժամանակ ։ Այս առումով Ուկրաինայի և Ադրբեջանի դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել, մինչդեռ համաձայնագրի սույն հոդվածի 1-ին դրույթում կողմերն ամրագրել են, որ «ԶՈԶ-երի տարածումը և դրանց մատակարարման միջոցները` թե՛ պետական և թե՛ ոչ պետական դերակատարներին, ինչպիսիք են օրինակ՝ ահաբեկիչները և մյուս հանցավոր խմբերը, ամենալուրջ սպառնալիքներից մեկն են միջազգային խաղաղության և կայունության համար» :
Համաձայնագրի 11-րդ հոդվածը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, որի 1-ին դրույթով՝ «Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի և դրա կանխարգելման կարևորությունը և համաձայնում են միասին աշխատել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակով՝ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար»: Իսկ 2-րդ դրույթով՝ «Կողմերը համաձայնում են, որ էական է, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարն իրականացվի՝ լիովին պահպանելով իրավունքի գերակայությունը և միջազգային իրավունքին, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային նորմերին, փախստականների վերաբերյալ միջազգային նորմերին և միջազգային մարդասիրական իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերելի բոլոր համապատասխան միջազգային փաստաթղթերին լիովին համապատասխան» :
Եվս մեկ օրինակ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում ահաբեկչություն իրականացնելու նպատակով Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, համապատասխան ֆինանսական միջոցներ, ինչպես նաև զենք ու զինամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ / Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, նրանց կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա՝ Ադրբեջանի տարածքներ :
ԵՄ-ն թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ դեռևս ոչ մի պատժամիջոց չի կիրառել:
ԵՄ-ն իր հերթական հայտարարության մեջ արցախյան հակամարտության կարգավորման առումով «երկու կողմին կոչ է անում շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցմանն ուղղված ջանքերը» ։
Պարզ երևում է, որ Հարավային Կովկասում ԵՄ-ն ցանկանում է ավելի ընդարձակել իր ազդեցության գոտին, ապահովել իր մշտական ներկայությունը տարածաշրջանում:
ԵՄ-ն ավելացնում է իր աջակցության ծավալները և գրեթե կրկնապատկում ամենամյա դրամաշնորհային հատկացումները, որոնք 2019 և 2020 թթ. տարեկան կազմել են 65 մլն եվրո:
2022 թ. դեկտեմբերին Եվրոպական միությունը ստորագրել է «Ներդրում կատարելու մասին համաձայնագիր» (6.5 մլն եվրո) ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի և ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու ՀՀ կառավարության սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին ։
Հատկանշական է, որ, էներգետիկ շահերով («Հարավային գազային միջանցք» էներգետիկ ծրագիր) պայմանավորված, Եվրամիությանն անհրաժեշտ է տարածաշրջանային կայունություն:
«Հարավային գազային միջանցքը» էներգետիկ ծրագիր է, որը ներկայումս ներառում է չորս պետություն՝ Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան և Վրաստան, և կապակցում երեք խողովակաշար՝ Անդրկասպյան (Թուրքմենստան-Ադրբեջան), Հարավկովկասյան (Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա) և Անդրադրիատիկ (Թուրքիա-Հունաստան) :
Թեև ԵՄ-ն հույս է հայտնում, որ գազային միջանցքի ներդրումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում կայունության, համագործակցության և բարեկեցության վրա, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ տարածաշրջանային մեկուսացման ու շրջափակման պայմաններում այդ ծրագրերը բոլորովին չեն նպաստում տարածաշրջանային կայունությանը, փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ բխում են տվյալ պետությունների, հատկապես ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի կենսական ու քաղաքական շահերից:
(Հոդված 1-ն) ՝ այստեղ
Արփի Աբրահամյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ, քաղաքագիտության և ազգային անվտանգության հարցերի մասնագետ