Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվանից ուժի մեջ է մտել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը: Այսօր առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ նախորդ օրենքում դաշտի կարգավորումները լիարժեք չեն եղել` դրույթներն այնպես էին ձևակերպված, որ ով ինչպես ուզում` մեկնաբանում էր: Նոր օրենքը, ըստ նրա, ապահովում է երեք բան` որակ, անվտանգություն և արդյունավետություն:
Ինչ վերաբերում է դեղերի դուրսգրմանը, որն այսուհետ դեղերի 50 տոկոսի համար լինելու է միայն դեղատոմսով, ապա փոխնախարարը տեղեկացրեց, որ գործում է 10 չափանիշ, թե որ դեղն է անհրաժեշտ բաց թողնել դեղատոմսով:
«Մենք միշտ էլ ունեցել ենք այս մշակույթը, սակայն վերջին 20 տարիներին, չգիտես` ինչու, դուրս մղվեց դեղը դեղատոմսով ձեռք բերելու սովորությունը, և մարդիկ սկսեցին ինքնաբուժությամբ զբաղվել` դեղատան աշխատակցի հետ խորհրդակցելով: Դեղատոմսը, ի դեպ, հատուկ ձև է ունենալու, այսինքն` հաստատված ձևից դուրս թղթի վրա գրված դեղերի բացթողման դեպքում կլինեն տույժեր: Դեղատոմսի թղթի վրա անպայմանորեն նշված կլինեն հիվանդանոցի և բժշկի կոնտակտները, տվյալները, բացի այդ` յուրաքանչյուր դեղատեսակի համար կգործի առանձին դեղատոմսի ձև, այսինքն, օրինակ, անվճար տրամադրվող դեղերը կգրվեն մեկ այլ ձևաչափ ունեցող դեղատոմսերի վրա»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց նաև, որ առանց դեղատոմսի հնարավոր կլինի ձեռք բերել գլխացավի կամ, առհասարակ, ցավազրկող ինչ-ինչ դեղեր: Իսկ ինչ վերաբերում է դեղերի հատավաճառին, ապա այն չի սահմանափակվելու և օրենքով չի արգելվելու:
Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում գրանցված է 4500 դեղ, որոնց 50 տոկոսը հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: Ի դեպ, հասանելի կամ դեղատոմսով ձեռք բերվող դեղերի ցանկը կարող եք գտնել առողջապահության նախարարության կայքէջում: