կարևոր
6652 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-31 16:33
Քաղաքական

Միլիոնավոր «հայերի» անտարբեր հայացքների ներքո 120 հազար արցախցիներ արդեն 20 օր է դիմադրում ու մաքառում են․ Մարկարյան

Միլիոնավոր «հայերի» անտարբեր հայացքների ներքո 120 հազար արցախցիներ արդեն 20 օր է դիմադրում ու մաքառում են․ Մարկարյան

Իրավաբան, ՀՅԴ անդամ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որքան հիշում եմ առաջին նոր տարին է, որ լավ չեմ: Ավելի ճիշտ վատ եմ ու շա՜տ վատ:

Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի ամանորին, այսքան վատ չէի զգում:

Պարզ չի թե ինչո՞ւ:

Երկու տարի առաջ այս օրերին ոչ մի սրբություն չունեցող անհայրենիք դավաճանը, նրա թյուլեքն ու ուսապարկերը մկան ծակ էին որոնում ու ինքը՝ մարդամեկը, մի քանի շերտ թիկնապահներով էր հանրության աչքին երևում ու փողոց դուրս գալու դեպքում էլ հրապարակային «Սյունյաց ողջույններն» անպակաս էին:

Բացառությամբ մի քանիսի, գլխավոր հեռուստաընկերությունները բոյկոտել էին ու չէին հեռարձակելու ԲՏ-ի ամանորյա ուղերձը:

Ժողովրդի մոտ միմյանց ցավակցելու ու վիշտը կիսելու դեռ մի փոքր, նվազ զգացմունք գոյություն ուներ:

Ու ամենակարևորը՝ որքան էլ որ վիրավոր ու արյունաքամ արծվաբույն Արցախը ոտքի կանգնելու փորձ էր անում: Պատերազմից հետո մեզ մնացածը փրկելու ու պահելու հույսերը դեռ վառ էին:

Իսկ այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի՞ն:

Գերագույն գլխավոր ԲՏ-ն ու ուսապարկերը ղժժում են բոլորիս վրա ու հայրենիքն առաջինը թշնամուն վաճառելու համար միմյանց հերթ չեն տալիս:

Արցախի ժողովրդի դատարկ սեղանների ֆոնին մեզ մոտ խրախճանք է: Մի տեսակ խրախճանք ժանտախտի պահին:

Իրենց հայ կոչող միլիոնավոր «հայերի» անտարբեր հայացքների ներքո 120 հազար արցախցիներ հանուն արժանավայել ազատ ու անկախ կյանքի արդեն 20 օր է ինչ դիմադրում ու մաքառում են:

Իսկ գիշերվա ժամը 12-ին երբ սլաքները կհուշեն 2023 թվականի մուտքը, 120 հազար արցախցիների ցավի ու տառապանքի ֆոնին Երևանի երկնքում պայթող ամեն մի սալյուտով, իսկ հրապարակում, սրահներում ու կաֆեներում ականջ խլացնող ուրախության ու հրճվանքի ամեն մի ճչով մի մեխ է ամրացվելու «հայ ժողովուրդ» հասկացության դագաղին:

Վատ եմ: Շա՜տ վատ:

Ու ոչ մի Ամանորին այսքան վատ չեմ եղել»: