Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակցիայի նպատակն այն էր, որ կարողանանք բանակցություններով ճանապարհը բացենք, առայժմ վերջնարդյունք չկա․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի խորհրդարանի «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:
Դեկտեմբերի 27-ին մի խումբ արցախցիներ երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան, որի մոտակայքում տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազան: Խաղաղապահների հետ բանակցելու նպատակով էին արցախցիները գնացել։ Պահանջում էին հանդիպում զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Ստեփանակերտից քայլերթով ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած արցախցիների հետ զրույցում, Բալայանի խոսքով, ռուս խաղաղապահները հավաստիացրել են՝ աշխատում են, փորձում են բացել Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարը։
Այդուհանդերձ, հույս կա՞, որ մինչեւ ամանոր միջանցքը կբացվի, Բալայանն ասաց՝ ոչ. «Չեմ կարծում, որ կբացվի»։
Այս միտքը մոտ 20 օր շրջափակման մեջ հայտնված արցախցիներին, ասում է, չի վախեցնում՝ ՝ «վախենալու էլ տեղ չկա»։ Բալայանն ասում է՝ փակելով Լաչինի միջանցքը, Ադրբեջանը փորձում է երկու խնդիր լուծել։ «Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո, երբ չկարողացան Հայաստանի վրա ճնշում գործադրելով ստանալ իրենց երազած «Զանգեզուրի միջանցքը», փորձում են միջանցքը փակելով դրան հասնել։ Իրենք չեն էլ թաքցնում սա, այդ ծրագիրը կա։ Ադրբեջանի մյուս ցանկությունն է այս գործողություններով հայաթափել Արցախը»,-ասաց նա։
Հարցին՝ որքանո՞վ են ճշմարիտ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդումները, թե Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել Միութենական պետությանը, Բալայանն ասաց՝ դժվար է հասկանալ, քանի որ բանակցություններից տեղյակ չեն, չգիտեն, թե ինչի շուրջ են բանակցում։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար էր տարածել` կից գրելով․ «Բողոքի ակցիա Արցախի օդանավակայանի դիմաց, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնական շտաբը։ Հիմնական պահանջն է հավատարիմ մնալ 09.11.2020թ․ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրին և ապաշրջափակել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Բերձորի միջանքը, որն արդեն 17 օր է արգելափակված է ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից՝ Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ։ Ակցիաի մասնակիցները՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ պահանջել են հանդիպում զորակազմի հրամանատար գեներալ Վոլկովի հետ, սակայն ըստ մի գնտապետ խաղաղապահի Վոլկովը տեղում չէր։ Ակտիվիստները որոշում կայացրեցին գիշերակացով մնալ շտաբի մուտքի մոտ այնքան, մինչև գեներալ Վոլկովը կգա նրանց հետ հանդիպման և կպատասխանի հուզող հարցերին»: