կարևոր
2812 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-26 22:46
Հասարակություն

Լուրջ խոչընդոտներ կառաջանան երկրում ներդրումների իրականացման և տնտեսության հետագա զարգացման ուղղությամբ. հայտարարություն

Լուրջ խոչընդոտներ կառաջանան երկրում ներդրումների իրականացման և տնտեսության հետագա զարգացման ուղղությամբ. հայտարարություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված 2 օրինագծերը, որոնք ուղղված են 2022 թ. հունվարի 1-ից երկրում ֆիզիական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը (այսուհետ՝ Համակարգ):

Օրինագիծը ամբողջությամբ ընդունվել է 67 կողմ, 33 դեմ և առանց ձեռնպահ ձայների, ՀՀ կառավարության կողմից հրատապ ռեժիմով ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց:
Գնահատելով ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը՝ միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ, չնայած նման բարեփոխումների հակակոռուպցիոն հենքին, ներկայիս աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Համակարգի ներդրումը անժամանակ է և հղի է լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներով:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ այդ որոշման հրատապ ընդունմամբ հերթական անգամ ՀՀ քաղաքական իշխանությունները ականջալուր չեղան քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմակերպությունների կարծիքներին  /տես հղումն այստեղ/, ինչը խոսում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցողական համագործակցության վերաբերյալ ՀՀ կառավարության միջազգային հանձնառությունների ոչ պատշաճ կատարման մասին:
Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման հիմնական քողարկված նպատակն է լրացուցիչ արտոնություններ ընձեռել բարձր եկամուտներ ստացող, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, ովքեր, ելնելով իրենց սոցիալական ու գույքային դիրքերից, հնարավորություն կունենան ակտիվորեն օգտվելու սոցիալական կրեդիտների համակարգից՝ դրանով իսկ հերթական անգամ չկատարելով իրենց հարկային պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Միաժամանակ Համակարգի ներդրման հետ մեկտեղ հնարավորություն կստեղծվի սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ հարկեր գանձել՝ նրանց ուղարկվող տրանսֆերների հաշվին:
Ներկա օրենսդրության և այն ձևավորող գաղափարախոսության պայմաններում Համակարգի ներդրումը չի օգնի հաղթահարել այն տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը:

Դրանով ՀՀ քաղաքական իշխանությունները ավելի են խորացնելու սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը, ինչը նոր մարտահրավերներ կստեղծի բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգության համար:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրումը չի կարելի սկսել, քանի դեռ երկրում.

1. չի դադարեցվել եկամտահարկի համահարթ ռեժիմի համակարգը և անցում չի կատարվել եկամտահարկի հնգաստիճանային պրոգրեսիվ հարկահանության ռեժիմի,
2. անցում չի կատարվել մյուս հարկատեսակների և պարտադիր վճարների իրապես արդար պրոգրեսիվ սանդղակներով հարկահանության ռեժիմի,
3. չեն վերացվել եկամտահարկի հետվերադարձի խտրական ու անհավասար իրավակարգավորումները,
4. չեն մշակվել սոցիալական կրեդիտների ինստիտուտի իրավական հիմքերը,
5. չի ապահովվել էլեկտրոնային կառավարման հարթակների համատեղելիությունը,
6. չեն մշակվել Համակարգի ներդրման մյուս գործիքները,
7. չեն գնահատվել Համակարգի ներդրման ծախսարդյունավետությունը և օգտակարությունը,
8. չեն գնահատվել ՀՀ քաղաքացիների սպասվող արձագանքը և կարողությունները:

Միաժամանակ գտնում ենք, որ Համակարգի ներդրումը չի կարելի սկսել երկրում իրականացվող այնպիսի բարեփոխումներին համընթաց, ինչպիսիք են առողջության համապարփակ ապահովագրությունը, նույնականացման քարտերի տրամադրման կարգի բարեփոխումները:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման արդյունքում.
1. լուրջ խոչընդոտներ կառաջանան երկրում ներդրումների իրականացման և տնտեսության հետագա զարգացման ուղղությամբ,
2. կխթանվի ստվերային տնտեսության զարգացումը՝ ավելի հաճախակի դարձնելով աշխատատողներին չգրանցնելու, եկամուտների՝ դեպի ստվեր անցման արատավոր գործելակերպերը,
3. այս փուլում առաջարկվող Համակարգի ներդրման միջոցով   եկամուտներ բացահայտելու և պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու փորձերը  էական արդյունքներ չեն տա,
4. ի սկզբանե կարատավորվի Համակարգի հեղինակությունը և լուրջ խնդիրներ կառաջանան դրա՝ հետագայում հիմնական նպատակների իրականացման ուղղությամբ:

Ելնելով վերոհիշյալից կոչ ենք անում ՀՀ նախագահին.
1. չստորագրել Համակարգի ներդրմանն ուղղված օրենքները,
2. վիճարկել այդ օրինագծերի սահմանադրականությունը ՀՀ սահմանադրական դատարանում,
3. դրանք հետ ուղարկել ՀՀ ազգային ժողով.

- ՀՀ մասնագիտական կազմակերպությունների ու շահագրգիռ քաղաքացիական կազմակերպությունների հետ մանրամասն քննարկումներ անցկացնելու նպատակով,
- Համակարգի ներդրման անհրաժեշտ գործիքների մշակումը ամբողջացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով»: