կարևոր
4279 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 13:01
Քաղաքական

Երբ զիջումը մահ է, իսկ պայքարը՝ կյանք․ Ալվինա Աղաբաբյան

Երբ զիջումը մահ է, իսկ պայքարը՝ կյանք․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ

  • «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների դադար» պիտի հաստատվեր,
  • պիտի իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում,
  • Ադրբեջանը երաշխավորում էր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ։

Մինչդեռ հայտարարության ստորագրումից հետո ցայսօր

  • Ադրբեջանը չի պահպանել հրադադարը և բազմաթիվ ռազմական գործողություններ և հանցագործություններ է իրականացրել Արցախի դեմ և շարունակում է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը, քաղաքացիներին և մեր դիրքերը,
  • չի վերադարձրել մեր ռազմագերիներին, պատանդների և այլ պահվող անձանց, ավելին՝ նոր գերեվարումներ է կատարել,
  • արդեն չորրորդ օրն է` արգելափակել է Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, պաշարել է Արցախը և փաստացի պատանդի կամ գերու կարգավիճակում է պահում 120000 հայ մարդու՝ զրկելով նրանց ապրելու հնարավորություններից։

Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ

  • Ադրբեջանը Արցախի (զուգահեռ նաև ՀՀ-ի) և հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել, իրակակացնում և հետայսու էլ շարունակելու է իրականացնել ցեղասպան քաղաքականություն,
  • Ադրբեջանի նպատակն Արցախի, հետագայում նաև ՀՀ-ի ամբոջական հայաթափումն է ու գրավումը,
  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱՌ ՈՉԻՆՉ Է, ԹՂԹԻ ԿՏՈՐ, ՈՐԸ ՆԱ ԽԱԽՏԵԼՈՒ և ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՒ Է ԸՍՏ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ, ՈՐ "ԽԱԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ" ԿՈՉՎԱԾԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՋՈՐԴ ԻՍԿ ՕՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՆ ՉԻ ԽԱԽՏԵԼՈՒ,
  • այս համատեքստում և այս իրավիճակում ցանկացած զիջում բերելու է նոր պահանջներ, ցանկացած զիջում բերելու է նոր կորուստներ, ցանկացած զիջում տեղից էլ սուղ ու սակավ հնարավորությունների պարագայում հավասարազոր է լինելու մահվան։

Լուծումը՞։

Լուծումը պայքարն է, պայքարը թուրքական ու թուրքամետ ուժերի դեմ, պայքարը հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, պայքարը հանուն մեր հողում ապրելու մեր իրավունքի»։