կարևոր
3334 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-03 09:23
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը նախարարներին ժամանակ է տվել. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանը նախարարներին ժամանակ է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որ միայնակ տեղափոխվել է Արցախ մշտական բնակության եւ աշխատելու նպատակով, արդեն քաղաքական մի շարք պայմանավորվածություններ է խախտել: Մասնավորապես, պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչեւ հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձեւավորի կաբինետը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, չի պահել խոստումը եւ աշխատանքային նպատակով նոյեմբերի վերջին հրավիրել է գործադիրի անդամներին, ապա անակնկալ կերպով 1 օր ժամանակ տվել հեռանալու համար: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ին 9 նախարար ազատվել էին պաշտոնից. Արցախում 11 նախարարություն կա: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը ոչ միայն պայմանավորվածություն է խախտել, այլ նաեւ Արցախում առկա ավանդույթները:

Բանն այն է, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ավանդույթ է առկա, որ նախկին նախարարներին ըստ պատշաճի են ճանապարհում՝ աշխատակազմի հետ հրաժեշտի օր կազմակերպելով, սակայն նախարարներ են եղել անգամ, որ իրենց աշխատասենյակի դուռը փակել, բանալին տվել են քարտուղարությանը կամ պարեկին եւ դուրս են եկել շենքից, առանց պատշաճ շնորհակալության արժանանալու այս տարիների աշխատանքի համար:

Այն, որ Ռուբեն Վարդանյանը ռեսուրս չունի եւ չի շտապում նոր նախարարներ նշանակել, ապացուցում է այն հանգամանքը, որ, Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի համաձայն, 11 նախարարություններից 9-ը ղեկավարում են պաշտոնակատարները. միայն առկա են ՀՀ պաշտպանության նախարար եւ ներքին գործերի նախարար:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում