Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսկապես հույժ կարևոր հարց ենք քննարկում, և ինչպես ընդդիմադիր խմբակցությունները իրենց հայտարարություններում այս առաջարկը հիմնավորում էին, որպեսզի ԱԺ-ն ունենա քվեարկված հայտարարություն` ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի` «հայեցիությամբ» մոլոգար մարդասպանի ռեժիմին բնորոշ հայտարարությանը, չափազանց կարևոր էր, որպեսզի գնահատականները ոչ միայն լինեին համապատասխան, այլ նաև Հայաստանի ու Արցախի իրավունքների պաշտպանությունը դրվեր միջազգային հարթության մեջ, միասնականության և անխոցելիության հենքի վրա։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Մենք նաև մեր վարքգծով ցույց տվեցինք, որ պատրաստ ենք խմբագրել նախաձեռնությունը, քանի որ խոսք եղավ առաջարկությունների մասին։ Քաղաքացիական պայմանագիրը ներկայացրել էր մեկ հայտարարությամբ նախագծի 18 մասերի վերաբերյալ առաջարկություններ։ 9 առաջարկությունները ընդունվել են միանգամից, 5 մասով ասել ենք՝ հիմնականում անընդունելի է, բայց պատրաստ ենք քննարկել, և համարժեք լուծումներ գտնել, 4 մասով ասել ենք՝ անընդունելի են, սկզբունքային դիրքորոշում կա, դրանք 3 են․
1․ Արցախի ժողոցրդի ինքնորոշման իրավունքի, միջազգային իրավունքի հստակ ամրագրումը,
2․ Այդ իրավունքի իրացման տեսակի, ձևի, Արցախի հանրապետության բառակապակցության հստակ ամրագրումը,
3․ Հայաստանի հանձնառությունը ոչ միայն միջազգային իրավունքով, միջազգային պարտավորություններով, այլ նաև ներպետական օրենսդրության, անակխության հռչակագրի, սահամանադրության ամրագրված վերահաստատումը»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով, շատ կարևոր էր, որ այս հայտարարությունը, չլինի ավելի նվազ, քան մեր բարեկամ, բայց այնուամենայնիվ օտար երկրի օրենսդիր մարմնի հայտարարությունը՝ Ֆրանսիայի Սենատի և Ազգային Ժողովի հայտարարությունը։
«Պատերազմից հետո քաղաքացիական պայմանագիրը 2021 թ․ին մասնակցում է ընտրություններին, իր նախընտրական ծրագրում ամրագրում է ձևակերպումներ, որոնք ոչ միայն ողջունելի այլ նաև ավելի խիստ են, քան ցանկացած այլ հայտարարություն նախագծում, Ընդհուպ միչև այն, որ Ադրբեջանի այս վարքագիծը ցույց է տալիս, որ հնարավոր չի Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի իշխանության տակ, ավելին՝ կառավարության ծրագրում ինքնորոշման մասին է խոսվում, ավելին 2022թ․ի ապրիլին՝ այստեղ կառավարության հաշվետվության ներկայացման ժամանակ, ուղիղ նշում եք դրա մասին, հիմա հարց է առաջանում, ի՞նչպես կարող է ընդամենը ամիսներ առաջ այդ հռետորաբանությունը օգտագործող քաղաքական ուժը հրաժարվի այս սկզբունքային հարցադրումներից։ Սա ճկուն դիվանագիտություն չէ, ինչպես ասվում է, սա ուղղակի հրաժարում է ազգային նպատակներից, հակառակը ապացուցեք, հակառակը ներկայացրեք։ Ի վերջո, ի՞նչու, օրինակ՝ Դուք ինքներդ, չնախաձեռնեցիք այդ հայտարարությունը, չէ՞ որ մենք ի վերջո պետք է պատասխանենք Ադրբեջանի հայատյաց հայտարարությանը։ Միջազգային ասպարեզում այսպիսի վարքագիծ ցուցաբերող, մարդասպանի վարքագիծ ցուցաբերող երկրի իշխանությանը պետք է պատասխան տրվի՞, թե՞ չէ»,- ասաց նա։
ՀՅԴ-ական գործիչը հարց ուղղեց, թե ինչպես կարող է ՔՊ-ի առաջարկություններից մեկը վկայակոչի Ալմաթայի հռչակագիրը, որը անհասկանալի կերպով հայտնվելով Ղարաբաղյան կարգավորման փաթեթում․ «Երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարարն է ոչ ճիշտ ներկայացնում, խոսքը նրա մասին է, որ անկախ պետությունների համագործակցության ստեղծման այս փաթեթում Ալմաթայի հռչակագիրը ոչ ավել ոչ պակաս, նաև արձանագրությամբ վերապահումներով է վավերացվել, և այդ վերապահումները եղել են նաև արձանագրության մաս, և Հայաստանի Գերագույն Խորհուրդը կատարել է այդ հաստատումը։ Նիկոլ Փաշինյանը և իշխանություն ներկայացնող անձինք, երբ խոսում են Ալմաթայի հռչակագրի մասին, ինչո՞ւ չեն վկայակոչում այս վերապահումները, որով շատ հստակ երևում է, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, այն ժամանակվա ձևակերպմամբ չի եղել Ադրբեջանի հանրապետության կազմում։ Ինքնորոշված Արցախի հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»,- ասաց պատգմավորը։
Արծվիկ Մինասյանը կոչ արեց ամբիոնից հայտարարություններ չանել, որոնք վնասում են Հայաստանին․ «Հովիկ Աղազարյանի հայտարարությունն է չհիմնավորված, թե Հայաստանը օկուպանտ է, ո՞նց կարելի է այսպիսի բան ասել»,- ասաց նա։