Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան շարժման սկսվելուց հետո Հայաստան-Արցախ միասնության կուռ անվտանգային միասնական, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման հիմքում ընկած է եղել միասնությունը։ Արցախի և նոյեմբերի 5-ի մեր նախատեսած հանրահավաքի հիմնական գաղափարը դա միասնության գաղափարն է, և այնտեղ, որտեղ մենք միասնական ուժերով ենք հանդես եկել, միշտ հասել ենք հաջողությունների, երբ միասնական չենք եղել անհաջողություններ ենք տեսել։ 2020 թվականի պատերազմի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ այսօրվա իշխանություններն ուղղակի քայքայեցին մեր միասնությունը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»` պատգամավորը նշեց, որ ներկա պահին եղած փաստաթղթերից և ոչ մեկը չի արտահայտում իրենց ամբողջական տեսակետը․
«Մեզ համար ամենաընդունելի տարբերակները եղել են մինչև 44-օրյա պատերազմը նախկին բոլոր պայմանավորվածությունները՝ Մադրիդյան կլինի, թե՝ այլ, դրանց բոլորի հիմքում Արցախի ինքնորոշումն է եղել՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու, Արցախի ժողովրդի ապրելու, արարելու իրավունքն ու նրանց անվտանգության ապահովման երաշխիքների ձևավորումը։ Այսօր ինչ փաստաթղթեր էլ լինեն, լինի ռուսական, թե՝ արևմտյան, դրանք չեն արտահայտելու այն ամբողջականությունը, որոնք մենք նախկինում ունեցել ենք։ Այսօր մենք պետք է եղածների մեջ ընտրենք գոնե այն, որի վրա կարող ենք հենվել, և հետագայում մեր շահերն առաջ տանելով, Արցախի մեր համերկրացիների շահերն առաջ տանելով՝ ստեղծել համապատասխան պայմաններ ինքնորոշվելու, Ադրբեջանի կազմում չլինելու, իր իսկ պատմական տարածքում խաղաղ, անվտանգ ապրելու իրավունքով։ Այդ առումով ռուսաստանյան տարբերակը նախընտրում են միայն այն պատճառով, որ Արցախի ժողովրդի իրավունքը, նրա ճակատագիրը կարծես թե թողնվում է հետագայի վրա՝ կայծ թողելով, որ ամեն ինչ արվի Արցախի ժողովրդի ինքնորոշման համար»։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման մեջ Արցախի հարցը հետագային թողնելը խոսում է, այն մասին, որ Արցախի ինքնորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջության հետ կապ չունի․
«Խորհրդային Միության փլուզումից հետո, համաձայն խորհրդային միության օրենքների, Արցախը, ինչպես Ադրբեջանը և Հայաստանը, իր իսկ պատմական տարածքում ինքնորոշվել է հանրաքավեի ու հանրահավաքի միջոցով և ինքն իրավունք ունի լինելու անվտանգ, ինքնորոշված` առանձին, թե Հայաստանի կազմում։ Մեր վերջնական նպատակը, իհարկե, Հայաստանի հետ միասին ապրելն է։ Այսօր մենք այդ շեշտադրումները պետք է անենք և կարծում եմ` այն հանրահավաքը, որը պետք է լինի Հայաստանում, հենց այդ միասնության գաղափարի հիմքում պետք է լինի»,- ասաց պատգամավորը։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ նախատեսված հանրահավաքը ընդդիմության հանրահավաք չէ, սա ազգային ուժերի հանրահավաքն է․
«Ազգային բոլոր ուժերը, ովքեր մտածում են հայ ժողովրդի, Արցախի և Հայաստանի ճակատագրի մասին, պետք է միավորվեն և ոչ ասեն բոլոր այն բացասական երևույթներին, որոնք հարվածում են մեր ինքնորոշմանը, որովհետև Արցախի առաջին գծում լինելն այսօր ակնհայտ է դարձնում, որ այս իրավիճակում Հայաստանն է նաև առաջին գծում։ Միասնական պայքարով մենք կարող ենք հաջողություններ ունենալ։ Պետք է այնպես անենք, որ ազգային բոլոր ուժերը միավորվեն և համապատասխան աշխատանք տանենք»։
Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իրենց գործողությունները տեսնում են փողոցում և խորհրդարանում համադրված։
«Ազգային Ժողովում մեր օրակարգն է Արցախ, անվտանգություն, բանակ, արտաքին հարաբերություններ, իսկ փողոցում մեր պայքարի ոգին պետք է վերականգնվի, համապատասխան ակցիաների միջոցով միջազգային հանրությանը ցույց պետք է տանք, որ մենք իրոք ի վիճակի ենք մեր ողնաշարը ուղղելու, պայքարելու, համախմբելու մեր ժողովրդին։ Իսկ պետության ներսում մեր ժողովրդին պետք է համախմբենք, որպեսզի ոչ ասենք բոլոր այն բացասական երևույթներին, որոնք վնասում են մեր ինքնիշխանությանը։ Նոյեմբերի 5-ի հիմնական նպատակը, ասելիքը պետք է լինի այն աշխատանքը, որն ուղղված է լինելու ազգային և միջազգային երաշխիքների ձևավորման համար և իհարկե խաղաղության համար, որպես հիմնարար արժեք»։
Պատգամավորը կարծում է, որ ազգային երաշխիքները Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունն ու ժողովրդի համախմբումն է, և երկրորդը մեր անվտանգային համակարգի, բանակի վերականգնումն ու յուրաքանչյուր գերատեսչության աշխատանքն է մեր պաշտպանական քաղաքականությունն իրականացնելու համար։
«Իսկ միջազգային երաշխիքները, դա լայն ընդգրկվածություն ունեցող, խելացի արտաքին քաղաքականությունն է։ Փաստաթղթերից մենք պետք է ընունենք լավագույնը, որը հիմք կհանդիսանա հետագա մեր շահերն առաջ տանելու համար»,- եզրափակեց նա։
Լ․ Ա․