կարևոր
3883 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 12:36
Տարածաշրջան

Վանում վերականգնողական աշխատանքներ իրականացնող թուրքերը շեշտը դնում են իսլամական կոթողների վրա

Վանա բերդի հարավային հատվածում, «Հինավուրց Վան քաղաքում» իրականացվող աշխատանքների շրջանակներում ծրագրվում է վերականգնել հատկապես իսլամական բնույթի կառույցներ։ Այդ մասին, Akunq.net/am-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն, «Անադոլուն» տվյալ հրապարակման մեջ թեև նշում է Վանա բերդի ուրարտական ծագման մասին, սակայն ընդգծում է նաև, թե Վանը եղել է սելջուկ թյուրքերի, ակկոյունլու ցեղերի և օսմանցիների բնակավայրերից՝ իհարկե միտումնավոր շրջանցելով  Վանի հին հայկական և հայաբնակ լինելու փաստը։

«Անադոլուն» հայտնում է, որ «Հին Վան քաղաքը վերակենդանացնելու առաջին փուլի նախագծի» շրջանակներում կատարվող աշխատանքներին աջակցում է Թուրքիայի Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը։ Վանի թանգարանների տնօրինության համակարգմամբ և այստեղի «Հարյուրամյա տարի» համալսարանի Արվեստի պատմության բաժնի դասախոսներից դոկտոր, պրոֆ․ Գյուլսեն Բաշի գիտական խորհրդատվությամբ իրականացվող պեղումներն արդեն շարունակվում են 4 ամիս։ Պեղումներն իրականացվում են թուրք արվեստի պատմաբաններից և հնագետներից բաղկացած 50 հոգանոց խմբի կողմից։

Թուրք «գիտնականները» պետության ուղղորդմամբ իրենց ուշադրությունը սևեռել են հիմնականում թուրքական և իսլամական ծագում ունեցող կառույցների վրա՝ դիտմամբ անտեսելով Վանի հին հայկական անցյալը։ Թեև այդ ծրագրում ներառված է վերանորոգել նաև 2 եկեղեցի, այնուամենայնիվ, անհամեմատ մեծ է վերականգնել նախատեսվող իսլամական շինությունների թիվը։

Այս բոլոր աշխատանքների նպատակը, բնականաբար, ոչ թե Վանի մշակութային արժեքների պահպանումն է, այլ այստեղ զբոսաշրջությունը զարգացնելը՝ այս հինավուրց հայկական բնօրրանը հայկական հետքերից վերջնականապես ջնջելով։ Թեև նախագիծն անվանվում է «Հին Վան քաղաքը», սակայն դրա շրջանակներում առավելապես վերակագնվում են համեմատաբար նորակառույց շինություններ։

Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի ռեկտորը՝ դոկտոր, պրոֆ․ Համդուլլահ Շևլին, խեղաթյուրելով պատմական փաստերը, Վանում օսմանյան և սելջուկյան ժամանակաշրջաններից մնացած կառույցների թվի պակասը փորձում է բացատրել կեղծ թեզերով՝ ասելով, թե իբր «դրանք ոչնչացվել են 1915-17 թթ․ հայկական ապստամբությունների և Ռուսաստանի՝ քաղաքը գրավելու և ավիրելու հետևանքով»։

Թուրք «գիտնականն» իրականում քաջապես տեղյակ է, թե ինչու են այստեղ քիչ իսլամական բնույթի շինությունները․ Վանը մշտապես եղել է հայկական քաղաք։ Սակայն այդ գիտակցումը նրան չի խանգարում աղավաղել պատմական փաստերը և գնալ թուրքական քարոզչության կեղծիքների ճանապարհով։

Նրան ձայնակցում են նաև նախագծի մյուս մասնակիցները՝ «Անադոլու»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծելով, թե իբր կատարված պեղումների արդյունքում հիմնականում գտնվել են օսմանա-թուրքական ծագում ունեցող առարկաներ։ Իրականում դրանք այն նմուշներն են, որոնք հայերի կողմից ստեղծվել են նաև այն ժամանակաշրջանում, երբ Վանը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, և թուրք «գիտնականները» խորամանկում են՝ շեշտելով «օսմանյան շրջան» արտահայտությունը։ Սովորական ընթերցողները «օսմանյան շրջան» կարդալով՝ բնականաբար կպատկերացնեն թուրքական ծագման իրեր կամ մշակութային կոթողներ։

Նման աշխատանքներն իրականում մեծ վտանգ են պարունակում, քանզի այդպիսով արդեն իսկ հայազուրկ Վանը վերջնականապես զրկվում է նաև իր քրիստոնյա անցյալից և հայկական մշակութային դիմագծից։

Թուրքերն իրենք շատ լավ տեղյակ են, որ հին Վանը ոչ մի կապ չունի սելջուկյան կամ օսմանյան շրջանների հետ, սակայն թուրքական քարոզչամեքենան նրանցից ոչ գիտական մոտեցումներ է պահանջում, և նրանք շարունակում են թուրքական կեղծ թեզերի շարադրման և տարածման ավանդույթը։

Սկզբնաղբյուր՝ https://www.aa.com.tr/tr/kultur/eski-van-sehrini-ayaga-kaldirmak-icin-50-kisilik-uzman-ekip-calisiyor/2751700

Մելինե Անումյան

Akunq.net/am