կարևոր
3535 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-03 12:14
Քաղաքական

Վերջին երկու տարվա ընթացում Արցախում վերականգնողական մեծ աշխատանքներ են արվել. Արտակ Բեգլարյան

Վերջին երկու տարվա ընթացում Արցախում վերականգնողական մեծ աշխատանքներ են արվել. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակահատվածի ձեռքբերումներն ու խնդիրները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բեգլարյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ Արցախի Հանրապետության պետնախարարի պարտականությունները ստանձնել է  2021 թվականի հունիսի 1-ին՝ հետպատերազմական դժվարին շրջանում: «Առ այսօր դեռևս ճգնաժամային իրավիճակում ենք: Չէի ասի, որ պետական համակարգն այդ ճգնաժամին պատրաստ էր: Այս երկու տարվա ընթացում վերականգնողական մեծ աշխատանքներ են տարվել՝ ենթակառուցվածքային, սոցիալական ծրագրեր, որոնք Արցախի Հանրապետության բնակիչների կյանքը պահել են որոշակի կայուն պայմաններում: Իհարկե, այս ընթացքում բավականին և ծրագրային հաջողություններ ենք ունեցել, և բացթողումներ, բայց պետք է հաշվի առնել, որ ամբողջ պետական համակարգն աշխատել է:Կարող եմ նաև նշել, որ մենք ունենք հասարակության մեջ վստահության բավականին լուրջ խնդիր պետական մարմինների, պաշտոնյանների հանդեպ, որը, իհարկե, շատ ավելի սուր արտահայտված է պատերազմից հետո՝ պայմանավորված արտաքին գործոններով»,-նշեց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում լուծվել են համակարգային խնդիրներ: «Ընթացքում սովորել եմ կառավարման մեթոդներ, հետո, փորձից ելնելով, բարելավել եմ իմ և գործընկերներիս աշխատանքի արդյունավետությունը: Խնդիրներին չեմ վերաբերել որպես կետային, անհատական խնդիրներ, այլ վեր եմ հանել դրանք, կարգերով, օրենքներով կարգավորում եմ տվել: Ստեղծել եմ նորմատիվ հիմքեր և համակարգը սկսել է արդյունավետ աշխատել»,-նշեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ հաջողություններ են արձանագրվել մասնավորապես բնակարանային ապահովման, շինարարության, սոցիալական ոլորտներում ևս, որոնք դեռ ընթացքում են:

«Սոցիալական աշխատողի ինստիտուտն ենք ներդրել, որոշակի հաջողություններ ենք ունեցել վերապատրաստումների առումով, բայց այս տեսանկյունից ես համարում եմ,որ մեծ բացթողումներ ունենք, որովհետև պետական համակարգում կառավարման կարողությունների խնդիր կա: Ցավոք, մենք պատշաճ կրթական համակարգ չունենք: Հույս ունենք, որ առաջիկայում լուրջ հաջողություններ կունենանք: Շատ ավելի արմատական խնդիրներ կան կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից»,-մանրամասնել է Բեգլարյանը՝ բացթողում համարելով այն, որ կրթության ոլորտը դեռևս ռազմավարական զարգացման փուլ չի մտել: