Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում ավելի վառ արտահայտված են դարձել, հատկապես իշխանական պատգամավորների, տարբեր պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Վերջին մի քանի օրերին առավել խայտառակ դրսևորում եղավ, երբ լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, անհանգստացնող է նաև այն փաստը, որ այս ամենին տարիների շարունակ Հայաստանում խոսքի ազատության, մամուլի իրավունքի պաշտպանության գործում անուրանալի ներդրում ունեցած ՀԿ-ների կողմից որոշակի կրավորական դրսևորում կա․
«Ես որպես լրատվական ոլորտի նախկին աշխատող բոլորին կոչ եմ անում՝ ձեր իրավունքներին մինչև վերջ տեր կանգնեք։ Սա պետք է կասեցվի, հակառակ դեպքում մենք վաղը կտեսնենք շատ ավելի խայտառակ դրսևորումներ»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից ասել էր. «Երեկ Ազգային ժողովի միջանցքում պաշտպանության նախարարի դիմաց տեսա չինական պատ, օպերատորները շարվել էին, բոլորն արգելափակել էին։ 25-օրյա ուսումնական հավաքներին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն այդ չինական պատերը կվերանան»։
ՀՅԴ-ական գործիչն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության` քառօրյային մասնակցելուն, նշելով, որ այս լիագումար նիստին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ այն կարևոր հարցերը որոնք ունեին, որոնք տեղավորվում էին իրենց օրակարգում, այդ հարցերի շուրջ մասնակցեցին քննարկումներին և բարձրաձայնեցին իրենց տեսակետը։
Խոսելով ՔՊ-ի կողից ներկայացված 2 նախագծերին` պատգամավորը նշեց․
«Այդքան գովերգած նախագծերը լոկ փոքր դետալներ են։ 2 տարի է իշխանությունը խոսում է ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության մասին։ 2022 թվականի փետրվարին Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ռազմավարությունը պատրաստ է, բայց արդեն հասել ենք նոյեմբեր ամիս, դեռ գլոբալ ռազմավարությունը ներկայաացված չէ. և փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխումներ են իրականանում։ Իրականում այս նախագիծը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը իշխանությունն իր հիմնավորումներում նշում է, որ չի հաջողել, նշանակում է, որ այս իշխանությունը՝ իր նշանակած Պաշտպանության նախարարներով, զինվորական վերնախավով տապալել է այդ ծրագիրը և նոր ծրագիր է առաջ բերում, որն ինքնին խնդրահարույց է»։
Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց 2 ծրագրերին, բայց հարցը մնում է օդում կախված։