կարևոր
3991 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-16 20:43
Աշխարհ

Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել իր այլախոհ քաղաքացիներին արտերկրից հետ բերելու համար․ Հարութ Սասունյան

Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել իր այլախոհ քաղաքացիներին արտերկրից հետ բերելու համար․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթվա իմ հոդվածից հետո, որտեղ ներկայացված էր, թե ինչպես է Թուրքիան արտերկրից առևանգում իր այլախոհ քաղաքացիներին, ես հանդիպեցի մի քանի այլ օրինակների, երբ թուրքական կառավարությունը փորձում է կեղծ պատրվակներով հետ բերել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատներին։

Այս տարվա սեպտեմբերին հայաստանյան մամուլում մի մտահոգիչ լուր տարածվեց, թե ինչպես են երկու զինված քուրդ մարտիկներ, որոնք ձերբակալվել էին Իրանից Հայաստանի սահմանը հատելուց հետո, հայտնվել Թուրքիայում։ Արդյոք Հայաստանի իշխանություններն էին քրդերին հանձնե՞լ Թուրքիային՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերջին փորձերը, թե՞ նրանց Հայաստանից առևանգել էին թուրք գործակալները։ Ամեն դեպքում, սա շատ մտահոգիչ զարգացում է:

Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ երկու քրդերը սկզբում դատապարտվել են յոթ տարվա ազատազրկման, այնուհետև վերաքննիչ դատարանի կողմից նրանց պատժաչափերը նվազեցնելուց հետո դրվել են սահմանափակ հսկողության տակ (պրոբացիա)։ Ինչ-որ ձևով նրանք հայտնվել են Թուրքիայում, որտեղ այժմ ձերբակալված են:
Սեպտեմբերի 24-ին քրդական կայքէջը հրապարակել է Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի հայտարարությունը՝ Հայաստանին մեղադրելով երկու քրդերին Թուրքիային արտահանձնելու մեջ։ Հայաստանի արդարադատության նախարարությունը պատասխանել է, որ իրենք քրդերին չեն հանձնել Թուրքիային։

Անդրադառնալով իր քաղաքացիներին արտահանձնելու Թուրքիայի փորձերի այլ դեպքերին, Աբդուլլահ Բոզքուրտը սեպտեմբերի 22-ին մի հոդված գրեց շվեդական Nordic Monitor-ում՝ «Կանադայում Թուրքիայի դեսպանատունը նոր մարտավարություն է մշակել՝ ապահովելու քննադատների, հակառակորդների արտահանձնումը» վերնագրով։

Հիմնվելով թուրքական գաղտնի փաստաթղթերի վրա՝ Բոզքուրտը բացահայտել է, որ Թուրքիան Կանադայից պահանջել է արտահանձնել 80-ամյա պրոֆեսոր, մի քանի գրքերի հեղինակ Սուաթ Յըլդըրըմին, ում «սպառնում է կալանավորման հրաման՝ շինծու մեղադրանքներով»։ Թուրքիայի կառավարությունը «արտահանձնման տասնյակ անլուրջ պահանջներ է ներկայացրել Կանադայի իշխանություններին»՝ իր ներքին հակառակորդներին, այդ թվում՝ մի քանի լրագրողների Թուրքիային հանձնելու համար։

Բոզքուրթը գրել է Nordic Monitor-ի երկրորդ հոդվածը՝ «Օտտավայում թուրքական դեսպանատունը լրտեսել է քննադատող լրագրողներին և Կանադայում գործող հասարակական կազմակերպություններին» վերնագրով՝ բացահայտելով, որ թուրք դիվանագետները հսկողության տակ են պահել կանադա-թուրքական երկու հասարակական կազմակերպություններ: Դեսպանատունը նաև տվյալներ է հավաքել երկու թուրք լրագրողների՝ Ֆարուք Արսլանի և Հասան Յըլմազի մասին։ «Ըստ Ստոկհոլմի ազատության կենտրոնի՝ 2019 թվականի մարտի 14-ի դրությամբ Թուրքիայում բանտարկվել է 211 լրագրող, իսկ 167 լրագրող, որոնց սպառնում է ձերբակալման հրաման, ստիպված են եղել ապրել աքսորում կամ թաքնվել Թուրքիայում»։

Բոզքուրտը գրել է իր երրորդ հոդվածը Nordic Monitor-ում՝ «Նոր Զելանդիայում Թուրքիայի դեսպանատունը լրտեսել է երեխաների մանկապարտեզը և հավաքել է քննադատների տվյալները»: Նա ասել է, որ դեսպանատունը հսկում է Նոր Զելանդիայի «Փոքրիկ մարգարիտներ» երեխաների մանկապարտեզը։

Լեվենթ Քենեզը Nordic Monitor-ում գրել է՝ «Փաստաթղթերը ցույց են տալիս, որ թուրք դիվանագետները Միացյալ Թագավորությունում լրտեսել են Էրդողանի քննադատներին» վերնագրով հոդվածը՝ բացահայտելով, որ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «70 թուրք քաղաքացիների նկատմամբ, որոնք Լոնդոնում թուրք դիվանագետների կողմից ցուցակագրվել են առանց hանցանքի որևէ կոնկրետ ապացույցի»։
Քենեզը նաև բացահայտել է, որ թուրք մանկավարժ Օրհան Ինանդին «առևանգվել է Ղրղզստանում մայիսի 31-ին և անօրինական կերպով Թուրքիա բերվել թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի կողմից»: Բացի այդ, Կոսովոյում Թուրքիայի դեսպանատունը հավաքել է 78 աքսորված թուրք ուսուցիչների տվյալները: Nordic Monitor-ը նաև պարզել է, որ «MIT-ը ներթափանցել է Հունաստանում գտնվող փախստականների ճամբարներ՝ լրտեսելու հակառակորդներին, որոնք ստիպված են եղել փախչել Հունաստան՝ խուսափելու համար հարևան Թուրքիայում աննախադեպ ճնշումներից»:

Nordic Monitor-ի մեկ այլ՝ «Սփյուռքի գործակալությունը, որը վարում է թուրքական հետախուզության հետ հավաքագրման գաղտնի ծրագրեր, փնտրում է երիտասարդ լոբբիստների ԱՄՆ-ում և Կանադայում» վերնագրով հոդվածում Քենեզը բացահայտել է, որ «Արտասահմանի թուրքերի և հարակից համայնքների» նախագահությունը (YTB) հավաքագրել է Միացյալ Նահանգների և Կանադայի 30 երիտասարդ թուրք բնակիչների՝ վերապատրաստման ծրագրի համար, որը կայացել է սեպտեմբերին Մերիլենդում և կոչվել է «ԱՄՆ-Կանադա սփյուռքի շահերի պաշտպանության ակադեմիա»: Ծրագիրն ընդգրկում էր հետևյալ թեմաները. «Թուրքիայի արտաքին քաղաքականության ժամանակակից հիմնախնդիրները, 1915 թվականի իրադարձությունները և թուրք-հայկական հակամարտությունը, ԱՄՆ-ի և Կանադայի կառուցվածքը և որոշումների կայացման գործընթացները, ազդեցիկ խմբերը և լոբբինգը»: Բացի այդ, անցկացվել են սեմինարներ՝ «Թուրքական սփյուռքի իրազեկման բարձրացում և լրատվամիջոցներ, քաղաքականություն ու ատելության խոսք» թեմայով։

Անցյալ շաբաթ Անկարայում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը պահանջել է Թուրքիային արտահանձնել  աքսորված թուրք լրագրող Բյուլենթ Քենեշին, որն անգլերենով հրատարակվող և այժմ փակված Today’s Zaman օրաթերթի նախկին գլխավոր խմբագիրն է, որը նաև թուրքական կառավարության բացահայտ քննադատներից է։ Քրիսթերսոնը հույս ուներ համոզել Թուրքիային հրաժարվել Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու իր արգելափակումից, մինչ Անկարան մեղադրում է Շվեդիային ու Ֆինլանդիային քաղաքական այլախոհներին ապաստան տալու մեջ, որոնց Թուրքիան պիտակավորել է որպես «ահաբեկիչներ»: «Բյուլենթ Քենեշ անունով ահաբեկչի արտաքսումը մեզ համար կարևոր է», ասել է Էրդողանը Քրիսթերսոնի հետ մամուլի ասուլիսում։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Շվեդիային՝ «չտրվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շանտաժին և նախադեպ ստեղծել՝ որը կվտանգի վտարանդի թուրք լրագրողներին ամբողջ աշխարհում»:



Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի