կարևոր
3460 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-14 18:07
Քաղաքական

Փաշինյանը ընկրկում է Ալիևի բոլոր պահանջների առջև․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանն ընկրկում է Ալիևի բոլոր պահանջների առջև, «Ազատության» հետ զրուցում հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

 Ինչո՞վ եք բացատրում Երևանի և Բաքվի վերջին օրերի այս կոշտ հռետորաբանությունը:

– Հավանաբար Սոչիում և Վաշինգտոնում չեն կարողացել ինչ-որ հարցի շուրջ համաձայնության գալ կամ Փաշինյանն ինչ-որ խոստումներ է տվել և խոստումները չի իրականացնում, դրա համար Ալիևը պահանջում է, որ խոստումները կատարի: Ի դեպ՝ 2020 թվականի նոյեմբերից հետո Ալիևի ամբողջ հռետորաբանությունը, եթե նայեք, այս է, որ «խոսք ես տվել, արա», բայց Փաշինյանը միգուցե թվացյալ պատասխանում է Ալիևին, բայց և՛ այդ հայտարարության մեջ՝ կառավարության նիստում, և՛ ուրբաթ օրվա այդ երկար հարցազրույցի մեջ հստակ ուղերձ է տալիս, որ ինքը ընկրկում է: Օրինակ՝ ասում է՝ «Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչներ», մարդ, որը խոսում էր Արցախի սուբյեկայնությունը բարձրացնելու մասին, մարդ, որն ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», մարդ, որն ասում է՝ Արցախը պետք է որպես պետություն բանակցի իր շահերի համար, հիմա խոսում է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների մասին, այսինքն, ինքը հստակ ուղերձ է հղում, որ ինքը պատրաստ է զիջել:

– Ձեզ ռուսաստանյան բանակցություններում պարզ չդարձա՞վ, որ այլևս Մոսկվայի հետ հույսեր կապել չարժե, նրանք գուցե անգամ դուրս բերեն զորախմբին այդտեղից:

– Բանակցությունների արդյունքում ես նման բան չտեսա:

– Պուտինի ներկայությամբ Ալիևն ասաց, որ «Ղարաբաղ չկա», և նա չհակադարձեց ու փաստաթղթում էլ դա տեղ չգտավ:

– Իսկ Փաշինյանը հակադարձե՞ց:

– Փաշինյանը երկկողմ հանդիպմանը ասաց, որ «Ղարաբաղ կա»:

– Երկկողմ հանդիպման ժամանակ ամեն ինչ կարա ասի, եռակողմի ժամանակ, այսինքն, Փաշինյանը չի ասել, կարծում եք, որ Պուտինը պետք է ասե՞ր: Ե՛վ Պուտինը, և՛ Մակրոնը, և՛ Միշելը, և՛ Ջեյք Սալիվանը միջնորդներ են, բանակցությունների հարթակ են տրամադրում և պետք չէ ակնկալել, որ Միշելը, Մակրոնը, Սալիվանը ավելի հայ պետք է լինեն: Ալիևն ասել է՝ «Ղարաբաղ չկա», իսկ Փաշինյանն ի՞նչ է պատասխանել: Փաշինյանի լռությունը համաձայնություն է Ալիևի հետ:

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ գիտեք, որ լռել է, եռակողմ հանդիպումը եղել է փակ դռների հետևում:

– Թող ցույց տա, թող ասի՝ «ես ասել եմ», դուք որևէ հրապարակային իր հայտարարություն լսե՞լ եք, որ ասել է՝ «ես ասել եմ, որ Ղարաբաղ կա, ռուսները կտրել են դա»:

– Ես լսել եմ, որ Պուտինի ներկայությամբ է դա ասել:

– Այո, Պուտինի ներկայությամբ է դա ասել, բայց ոչ Ալիևի, եռակողմի ժամանակ Ալիևի ներկայությամբ ինքը տենց բան չի ասել:

– Դե պարզ չէ՞, որ եկկողմին՝ նախահանդիպմանը ասում է, եռակողմին էլ պիտի այս թեզն առաջ տանի:

– Ոչ, պարզ չի:

– Դուք չունե՞ք մտավախություն, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից:

– Մտադրությունը չեմ տեսնում, կարծում եմ, իրենք ունեն կենսական շահեր այս տարածաշրջանում:

– Դե մի ձև կստիպեին Ալիևին, որ գրեր՝ «խաղաղապահ զորախմբի ժամկետը պիտի երկարացվի»:

– Խաղաղապահ զորախմբի հարցն առաջանալու է 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին: Գոնե ռուսական կողմից բազմաթիվ անգամ հայտարարություններ են եղել, որ «մենք եկել ենք այստեղ ոչ 5 տարով, այլ շատ ավելի երկար»:

– Ադրբեջանական կողմն էլ համարյա ամենօրյա հաղորդագրություններում ասում է՝ «ժամանակավոր մեր տարածքում են»:

– Հասկանալի է, որ ժամանակավոր, բայց այդ ժամանակը կլինի 5, 10, 20: Մենք էլ ենք ժամանակավոր: Բայց այն, որ ինքը եռակողմի ժամանակ դրա մասին չի խոսել և իր հայտարարության մեջ հստակ ուղերձներ է հղում, որ Ղարաբաղի հարցն այլևս օրակարգում չէ իր համար, որ Հայաստանը չի գնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման ապահովման ուղիով, դա հայտնի է: